Արտադրում են երիտասարդ ձեռներեցները

ՏՈՆԱՎԱՃԱՌ ՍՈԼԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Այսօրվա՝ նոյեմբերի 11-ի եռուզեռը դեռ երկար կհիշեն սոլակցիներն ու նրանց հյուրերը:
 
Բոլորը խնամքով ու ջանադրորեն էին նախապատրաստվել Կոտայքի մարզի Սոլակ գյուղում այսօր կազմակերպված տոնավաճառին, որտեղ իրենց սեփական արտադրանքն էին ներկայացնում Սոլակի, Բջնիի և Քաղսիի 15-17 տարեկան երիտասարդները:
 
Տոնավաճառը կազմակերպվել էր «Ձեռնարկատիրությունը երիտասարդների համար և կանանց մասնակցությունը» ծրագրի շրջանակներում, որը հովանավորվում է ԱՄՆ դեսպանատան և իրականացվում «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից: 
 
Հենց այդ ծրագիրն էր հնարավորություն ընձեռել Կոտայքի մարզի Սոլակ, Քաղսի և Բջնի համայնքների ավելի քան 100 երիտասարդների՝ ծանոթանալու ձեռներեցության հիմունքներին, բիզնես հիմնելու գաղտնիքներին, ձեռք բերելու  ձեռներեցական հմտություններ: Այս ամենի շնորհիվ նրանք  հնարավորություն ստացան ծրագրի ավարտին ստեղծելու իրենց սեփական արտադրությունը, որը մրցունակ կլինի տեղական շուկայում: 
 
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Գայանե Վարդանյանը՝ 
 
- Ծրագրի մասնակիցները հենց սկզբից շատ ոգևորված էին ծրագրով, բիզնես գաղափար հղանալու և այն իրականություն դարձնելու հեռանկարով: Եվ շատ գովելի է, որ նրանք, օգտվելով իրենց համայնքների ընձեռած հնարավորություններից, կարողացան արտադրել մրցունակ ապրանքներ: 
 
Այդ գործում նրանց մեծապես աջակցել են համայնքների կանայք, ովքեր տիրապետում են ձեռներեցության նրբություններին և շատ լավ են ճանաչում տեղական շուկան: Այդ էր թերևս պատճառը, որ ներկայացված և վաճառքի հանված արտադրանքը հիմնականում գյուղատնտեսական բնույթ էր կրում: Եվ դա օրինաչափ էր, քանի որ բիզնես խորհրդատու կանայք, քաջածանոթ լինելով այդ համայնքների կարիքներին ու հնարավորություններին, պատանիներին էին փոխանցել այն բոլոր գաղտնիքները, որոնք իրենց օգնում են մրցունակ լինել տեղական շուկայում: