Չինական պանելները բերում, ասում են՝ ոլորտ ենք զարգացնում

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Օրեր առաջ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանն իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մասնակցում էր Թալինում արևային պանելների տեղադրմանը: Փոխնախարար Հայկ Հարությունյանն այնքան ոգևորված էր, որ անգամ այդ օրը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց արեգակնային էներգիայի զարգացման մասին:
 
Սակայն ոլորտի գիտակները հակառակ են պնդում:
 
«Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր փեսա Հայկ Հարությունյանը փող են աշխատում արևային էներգետիկայի ոլորտում և խոչընդոտում են նույն՝ արևային էներգետիկայի իրական զարգացումը: 
 
Նրա խոսքով՝ համահայկական հիմնադրամի փողերով չինական պանելներն են ներմուծում Հայաստան ու ասում են՝ ոլորտ ենք զարգացնում: Մինչդեռ, «Սիրիուս» գործարանը չքանդեին՝ Հայաստանը ինքը արևային պանելներ կարտադրեր: Իսկ այն, ինչ անում է հիմա կառավարությունը, ընդամենը առևտուր է և ոչ մի հեռանկար չունի: 
 
Վահան Համազասպյանը տարիներով պայքարում էր, որ կյանքի կոչեր հելիոֆիկացիայի ծրագիրը, սակայն իշխանությունն այդպես էլ չօգնեց գիտնականին: Թվում էր, թե խնդիրը արտաքին քաղաքական դաշտում է, մասնավորապես՝ Ռուսաստանն է խոչընդոտում արևային էներգետիկայի զարգացմանը: Սակայն Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը ցույց տվեց, որ քաղաքական կամք չկա՝ այս  ոլորտը տեղական ներուժի օգտագործմամբ զարգացնելու: Եվ ահա Հայաստան-ԵՄ համաձայնագրից օգտվելով՝ գիտնականը որոշել է իր գաղափարները կյանքի կոչել այլ պետություններում՝ եթե առաջարկ լինի: Իսկ առաջարկ, հիշեցնենք, եղել է բազմիցս: 
 
Ըստ Վ. Համազասպյանի՝ Եվրամիությունը հնարավորություն է տալիս զարգացնել այլընտրանքային էներգետիկան:
 
Համաձայնագրի մտահոգիչ դրույթներից մեկը ատոմակայանի փակման հարցն է: Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ատոմակայանի շահագործումը երկարացվել է 10 տարով, սակայն գիտնականը դա վտանգավոր է համարում: Նա հիշեցրեց Չեռնոբիլի, Ֆուկուսիմա ատոմակայանների պայթյունը, ապա հավելեց. 
 
- Որքան երկար  աշխատի ատոմակայանը, այնքան կնվազի նրա անվտանգ լինելը:Ատոմակայանն այն տեղը չէ, որտեղ կարելի է փող աշխատել:
Վահան Համազասպյանը կարծում է, որ պետք չէ հակադրել այլընտրանքային էներգիան ու ատոմակայանը: Երկուսն էլ կարող են լինել Հայաստանում: Պետք է նոր ատոմակայան կառուցել և զարգացնել արևային էներգիան: