Հրատապ լուծում պահանջող հիմնախնդիր

ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ

Մինչ բազմաթիվ հայաստանաբնակներ փորձում էին ընկալել ՀՀ ԿԳՆ պաշտոնյայի հաստատած լուրը, թե երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկ այլ տեղեկատվություբ տարածեց, որն ասես հուշում է՝ դրա հեղինակներն ավելի ըմբռնումով են վերաբերվում մեր սոցիալական խնդիրներին:
 
Իսկապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 178-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: 
 
«Չարամտորեն» ասվածը հարաբերական է, որովհետև հազիվ թե հայ ծնողը չար դիտավորությամբ իր զավակին դպրոց չուղարկի: Այլ խնդիր է, որ դպրոցահասակ երեխան խուսափում է համադասարանցիներին տեսանելի դարձնել իր աղքատությունը (ինչու չէ՝ թշվառությունը), կամ ուզում է թեթևացնել ընտանիքի հոգսն ու նախընտրում է սովորելու փոխարեն ինչ-որ գործ անել՝ թեկուզ չնչին վարձատրության դիմաց:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ին այս խնդիրը մտահոգել է դեռևս 2014-ից, երբ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Լոռու մարզում փորձնական ծրագիր է իրականացրել, որի արդյունքում միայն այս մարզում բացահայտվել էր դպրոց չհաճախող 228 երեխա: 
Այս փորձնական ծրագրի արդյունքում հաջողվել էր բացահայտել, որ երեխաների որոշ մասը կրթություն չի ստանում մի շարք համալիր և մասնակի համընկնող գործոնների պատճառով:
 
Արձանագրելով, որ դպրոցից դուրս մնացած երեխաների կամ դուրս մնալու վտանգի տակ գտնվող երեխաների բացահայտման կամ վաղ ազդարարման համակարգ ներդնելու անհրաժեշտություն է առաջացել, որոշում է կայացվել կիրառել դպրոցների տեղեկատվական բազայի հնարավորությունը:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետների առաջարկով և միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում ԿՏԱԿ-ին առաջարկվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ստեղծել դպրոց չհաճախող երեխաների հայտնաբերման և արձագանքման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել բացակայությունների մշտադիտարկում, ժամանակին ազդարարել դպրոց չհաճախող երեխաների մասին:
 
Համակարգը ստեղծվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով ոչ միայն բացահայտել այլ նաև ինտեգրված և կայուն մոտեցմամբ արձագանքել դպրոց չհաճախող կամ դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին: 2017թ. սեպտեմբերին նախատեսվում է ծրագրի փորձարկումը Լոռվա մարզում, քանի որ մարզում ձևավորվել է միջոլորտային համագործակցության լավ փորձ:  
 
Զուգահեռաբար, ԿԳՆ-ն իրականացնում է տեղեկատվական միջոցառումները ամբողջ հանրապետությունում: Մշակման փուլում է պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և ուղղորդման կարգը, որը նախատեսվում է նոյեմբերին ներկայացնել կառավարության հաստատմանը: