Հանդիպելը՝ թող հանդիպեն, բայց... որ ի՞նչ

ՄԶԿԻ՞Թ, ԹԵ՞ ԵԿԵՂԵՑԻ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Կիրիլ պատրիարքի Քքրիստոնեական շիտակությունը գոնե կբավարարի՞, որ մահմեդական գործընկերոջն ասի՝ հորդորի՛ր հոտիդ ու երկրիդ առաջնորդ գլխավոր հրահրիչին, որ խնայեն իրենց հոգիները: Թե՞ իր ռազմավարական գործընկերոջը ոչնչացնել ձգտող նրա թշնամուն զինող Ռուսիո ղեկավարի նման մոռանալու է, որ գանձեր դիզել է պետք երկնքում, այլ ոչ թե մարդասպան զենքի վաճառքով և ասելու է, թե դա ընդամենը բիզնես է...
 
Ինչպես արդեն հայտնի է՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները: Հանդիպման նախաձեռնողը Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն է:
 
Իհարկե, պատերազմի ու բռնությունների դեմ պայքարում նաև հոգևոր
հովվապետերին ընդգրկելն ընդունված ձևաչափ է աշխարհում: Սակայն թիկունքին արյունարբու, «գյավուրներին» խոշտանգելն իր սրբազան պարտքը համարող Թուրքիա ունեցող ու արդեն քանի սերնդի գիտակցությունը հատկապես հայատյացությամբ մթագնած Ադրբեջանի հոգևոր առաջնորդն ինչի՞ մասին կարող է խոսել Ամենայն Հայոց հովվապետի հետ:
 
Կիրիլ պատրիարքը ունի՞ որոշակի արդյունքի տեսլական. չէ՞ որ ամեն քայլ, մանավանդ՝ միջազգային հնչեղության, իր արդյունավետությամբ է չափվում: Եթե Կրեմլի ղեկավարին նմանակելով, կամ հենց նրա հանձնարարությամբ է պատրիարքն այս հանդիպումը կազմակերպում, ուրեմն, առանց անհարկի հոռետեսության, էս գլխից ակնհայտ է, որ քաղաքական «կլոր սեղանների» նման՝ այս մեկը ևս դատապարտված է ամլության:
 
Մանավանդ՝ եռակողմ բոլոր բանակցություններում արդեն մաշված՝ «Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային  խաղաղությունը» օրակարգը կարծես թե որևէ աղերս չունի տարակրոն հոգևորականների իրավասության հետ:
 
Հայկական կողմն այդ առումով խնդիր չունի: Հայ Առաքելական Եկեղեցին, և քրիստոնեությունն ընդհանրապես, բոլոր դարերում, բոլոր իրավիճակներում մերժել է վրեժն ու վրեժխնդրությունը, միայն սեր, հանդուրժողականություն ու խոնարհություն է քարոզել՝ ընդհուպ մինչև «եթե մի այտիդ ապտակում են...»-ը:
 
Եվ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն լիաբերան կարող է և՛ դատապարտել ադրբեջանական վայրագությունները, և՛ պնդել, որ Ղարաբաղյան հակամարտության պատճառը պատմական արդարության վերականգնումն է: Ու նաև քրիստոնեաբար հավաստիացնել, որ ինչպես մինչ օրս, այսուհետ ևս հայկական կողմը չի ոտնձգի խաղաղ բնակչության դեմ, նախահարձակ չի լինի, բայց իր երկիրն ու ժողովրդին հրոսակների հարձակումներից պաշտպանել պարտավոր ենք:
 
Իսկ ի՞նչ կարող է ասել Ալահշուքյուր Փաշազադեն, երբ իր երկրում արդեն քառորդ դարից ավելի՝ բոլոր մակարդակներով մոլեգնում է հակահայկական քարոզը. այն էլ՝ ամենաբիրտ միջոցների կիրառմամբ:
 
Հռետորական հարցադրմամբ ասենք ավելին. իսկ ի՞նչ են տվել նախորդ 5 հանդիպումները: Կամ, Կիրիլ պատրիարքն ինչպե՞ս է մեկնաբանելու իր այս ձեռնարկումը, եթե ադրբեջանցի իր պաշտոնակիցը շարունակի հակաքրիստոնեական ու հակահայկական ալլահասիրությունը: