ԵԹԵ՛… ԵԹԵ՞…
Նախընտրական խոստումների շքահանդես

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը, ցավոք սրտի, քաղաքական ուժերը նախընտրական շրջանում օգտագործում են ընդդեմ իշխանության ձայներ շահելու համար: «Հաց բերողի» մահվանից հետո արմատական տրամադրություններ ունեցողներն առաջարկեցին Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում` հաշվի առնելով նրա մասնակցությունն Արցախյան ազատամարտին:
Առաջարկը չընդունվեց: Արթուր Սարգսյանին հուղարկավորեցին Շահումյանի գերեզմանատանը: Պարզվում է, սակայն, ազատամարտիկ, ՕՐՕ-ի անդամ Սեյրան Օհանյանը նախընտրական պոպուլիզմից հետ չի մնացել: Նա ասել է, որ եթե իշխանություն լիներ, ապա թույլ կտար Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում:
Հետաքրքիր է` նախկին չինովնիկը ո՞ր օրվանից է այսքան մարդասեր: Մի՞թե կարծում է, թե նրա անցած ճանապարհին քաջատեղյակների հիշողությունն այդքան կարճ է:
Արթուր Սարգսյանի վատառողջությունը նրա առաջին կալանավորման ժամանակ էլ հայտնի էր՝ երբ ներկայիս նախկին նախարարը դեռ պաշտոնավարում էր: Պաշտոնավարման ժամանակ այսքան ջերմեռանդությամբ նա չէր արտահայտվում մեկ այլ ազատամարտիկի՝ Վոլոդյա Ավետիսյանի մասին ևս, ով մինչ օրս պատիժ է կրում քաղաքական հայացքների համար (համենայնդեպս Ավետիսյանն ու նրա փաստաբանն այդպես են պնդում):
Ոչ մի անգամ Օհանյանը անգամ մտահոգություն չի հայտնել, նախաձեռնությամբ հանդես չի եկել ` տեղեկանալու, թե մարտական ընկերոջ ձերբակալությունը որքանով է իրավաչափ: Այսօր, սակայն, Օհանյանը հիշում է ոչ միայն Արթուր Սարգսյանին, այլև մյուս իր մարտական ընկերներին, խոստանում նրանց հարցերով զբաղվել՝ իշխանության գալու դեպքում:
Ասել, թե նախընտրական այս շիլափլավում միայն Օհանյանն է, որ խոստումներ է շռայլում՝ արդար չենք լինի: Իշխանության գահավորակին ժամանակավորապես «ամուսնացած» ՀՅԴ-ն, որն ամեն առիթով թմբակահարում է Սահմանադրության փոփոխությունը, դժգոհում երկրի վիճակից, տնտեսական քաղաքականությունից: Ու հարց է առաջանում` իշխանության հետ կոալիցիա կազմելուց և գործադիրում նախարարներ ունենալուց հետո ինչքանո՞վ են փոխել իրավիճակը, քանի անգամ են «տոկի տվել » իշխող կուսակցությանը, հիշել կոալիցիոն «բարաթի» մասին, որով պատասխանատվություն էին ստանձնել երկրի հիմքերն ամրացնելու, ժողովրդին սոցիալական ճգնաժամից դուրս բերելու համար:
Կարծում ենք` առկա իրավիճակը լավագույն պատասխանն է այս հարցերի: