Իսկ ընդդիմության յարուսը դատարկ է

ՈՐ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՑՔԸ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՄՈՒԼ ՉՄԵԿՆԻ

Բազմաթիվ հարցականներով և անորոշություններով է լեցուն քաղաքական դաշտի ամառային անդորրը: Անորոշություններ, որոնք ուրվագծվում էին դեռ տարեսկզբից և խորացան խորհրդարանական ընտրություններից հետո: Որքան էլ կանխատեսելի էր ընտրությունների ելքը, այդուհանդերձ, ԱԺ մուտք չգործած քաղաքական ուժերը կարծես խաղից դուրս վիճակում են հայտնվել՝ վերադասավորումների տրամաբանությունը չընկալելով և կողմնորոշվելու խնդրին դեմ-հանդիման: Եվ դրա պատճառը ոչ թե ինչ-որ շրջադարձային փոփոխություններն են, այլ իրենց գործունեությունը բացառապես կամ գերազանցապես անձերով պայմանավորելու սովորույթը: Իսկ քաղարենայի վերին էշելոններում զգացվում է մարտավարության փոփոխություների շունչը: 
 
Հետաքրքիր ծալքեր ունի երեկ Լևոն Շիրինյանի արտահայտած մի նկատառումը. Մանավանդ՝ եթե քաղաքագետն այդ ասել է՝ որոշակի տեղեկատվության տիրապետելով:
 
- Իշխանության մարմիններում, շահերի իրականացման տեսանկյունից, ՀՀ աշխատավոր հատվածն ու մտավորականությունը ներկայացված չէ: Այդ իմաստով կոալիցիան խոչընդոտում է երկրի զարգացմանը. ՀՅԴ-ն կա՛մ պետք է դառնա կառավարող լիարժեք կուսակցություն, պահպանողական կուսակցությունը վերադառնա ընդդիմադիր դաշտ, կա՛մ՝ հակառակը: Դրա համար հիմա երկրում կարգուկանոն չի հաստատվում: ՀՀԿ հետ թող լինեին լիբերալ, պահպանողական կուսակցություններ, բլոկը կլիներ սեփականատերերի կուսակցություն, դա շատ նորմալ կլիներ,-ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է սոցիալիստական շարժում և սոցիալիստական ընդդիմություն:
 
Ինչ վերաբերում է ՀՅԴ՝ սոցիալիստական, կամ ընդհանրապես ընդդիմություն դառնալուն, ապա հավատընծա ընդդիմություն դառնալու համար ևս համակիրների մեծ բանակ է պետք շահել: Բայց ՀՅԴ-ն, ինչպեսև քաղաքական ցանկացած ուժ մեզանում, պատրա՞ստ է այլոց հետ միավորման. ոչ թե այլոց իր կուսակցությանն անդամագրելու, այլ՝ միավորվելու: Հազի՛վ թե:
 
Շատ հավանական համարելով ՀՀԿ-ԲՀԿ միավորումը՝ ակնհայտվում է, որ ՀՅԴ-ն քաղաքական խանդից բացի, պետք է նաև պատրաստ լինի զիջումների: Այդ զիջումները, բնականաբար, պորտֆելների նվազեցմամբ կարտահայտվեն, որովհետև իշխանական կոալիցիայում այս կուսակցության ներկայությունն այլ կերպ չի արտահայտվել: Համենայնդեպս՝ մինչ օրս: Խորհրդարանում իր քանակական ներկայացվածությամբ ևս այն չի կարող ակնհայտ մեծամասնություն ունեցող Հանրապետականին լիարժեք սատարող համարվել: Մինչդեռ անհամեմատ ավելի մեծաքանակ ԲՀԿ-ն շատ ավելի ազդեցիկ կլինի իշխող կուսակցության կողքին:
 
Ինչ վերաբերում է ՀՅԴ՝ սոցիալիստական ընդդիմություն դառնալուն, ապա հավատընծա ընդդիմություն դառնալու համար ևս համակիրների մեծ բանակ պետք է շահել: Բայց ՀՅԴ-ն, ինչպեսև քաղաքական ցանկացած ուժ մեզանում, պատրա՞ստ է այլոց հետ միավորման: Հազիվ թե: 
 
Չէ՞ որ մանդատների քանակն ուղիղ համեմատական է ընտրողների քանակին, ինչը նշանակում է նաև հանրության վստահություն և համակրանք: Ու որքան էլ ընտրական գործընթացները մեզանում լիարժեքորեն արդար չեն համարվում, միևնույն է՝ տարիներ շարունակ գրեթե անփոփոխ մնացող ձայների հարաբերակցությունը հուշում է, որ հատկապես խորհրդարանական դարձած երեք կուսակցությունները կայուն ընտրազանգված ունեն: Փոքր-ինչ այլ է «Ելք»-ի պարագան, որը որպես նորակազմ դաշինք առաջին անգամ էր մասնակցում համապետական ընտրություններին: Սակայն դրանում միավորված երեք քաղուժերի առաջնորդները նույնպես նոր դեմքեր չէին քաղարենայում, և յուրաքանչյուրն իր համակիրներն ուներ: Ու նրանց նորամուտը ողջունելի եղավ:
 
Սա՝ իմիջիայլոց:
 
Եթե հայացք նետենք մեր քաղաքական ներկապնակին՝ այն այսօր ավելի քան աղքատիկ է: Գրանցված և երբեմն-երբեմն ինչ-որ կոչեր հնչեցնող կուսակցություններ՝ որքան ուզենք: Բայց այդ կուսակցություններն ընդամենը վերնագրեր են, որոնց ներքո որոշումներ ընդունողները, դրանք ներկայացնողները մեկական անձինք են՝ կուսակցությունների ղեկավարները, որոնց առաջնորդ անվանելն իսկ կարող է չար կատակ ընկալվել:
 
Մի խոսքով, հագեցած-գերհագեցած իշխանական օթյակը հակակշիռ չունի (նկատի ունենք արտախորհրդարանական ուժերը): Այսինքն՝ դատարկ է ընդդիմության յարուսը, որը պետք է որ ավելի բազմամարդ լիներ՝ հաշվի առնելով մեր անուրախ իրականությունը: Մինչդեռ առողջ ընդդիմության դերակատարումը պակաս կարևոր չէ իշխանության լծակներից:
 
Ուժեղ ընդդիմություն ասվածը միայն հրապարակային հայհոյախոսությունը չէ և ոչ էլ իշխանափոխության համառ պահանջները: Ուժեղ ընդդիմության կայացման նախապայմանը համախմբվածությունն է՝ ամեն տեսակի հավակնությունները մի կողմ դրած և ժողովրդին, երկիրը ճգնաժամից դուրս բերելու հստակ ծրագրերը, որոնց հասու պետք է լինեն և՛ հանրությունը, և՛ իշխանությունները: Հասարակության հետ հիմնավոր աշխատանքի արդյունքում միայն հնարավոր է ոչ միայն հավատընծա լինել, այլև ձայն բազմացը լսելի դարձնել այն վերևներին, որոնց քննադատում և որոնցից պահանջում ենք մեր բարեկեցությունը: