Հակամարտող կողմերի բարեկամը

ԻՐԱՆԸ ԵՎՍ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ և ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Իրանի հետ մեր հարբերությունների սերտացման հեռանկարի համատեքսում երկուստեք է′լ ավելի է մեծանում հետաքրքրությունը միմյանց նկատմամբ, ինչպես նաև` հնչող ամեն կարծիքի ու տեսակետի հանդեպ:

Մանավանդ` Ղարաբաղյան խնդրի առնչությամբ հակամարտող երկու կողմերին բարեկամ համարող պետությունը գոնե փոքրիշատե պետք է տարբերակում մտցնի նախահարձակի և պաշտպանանվողի միջև: Հակառակ պարագայում, երբ աշխարհի բոլոր քարոզիչները նույն հորդորն են ուղղում ռազմատենչ Ադրբեջանին ու Հայաստանին, ստացվում է, որ միայն հայկական կողմից ակնկալիք ունեն: Ակնկալիք, որի մասին խոսելն իսկ անբարոյական պետք է դիտվեր` լիարժեք անկողմնակալության դեպքում:

Ի վերջո, արդյո՞ք ռուս-իրանական հարաբերությունների ջերմացմամբ ` ռազմավարական մեր գործընկերը հանկարծ չի որոշի Հայաստանից մի պատառ էլ ԵԱՏՄ-ի հետ մերձեցող Թեհրանին  «հյուրասիրել»:

- Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է եկել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին` ընդգծելով որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին Իրանը կոչ է անում խնդիրը լուծել երկխոսության և բանակցությունների ճանապարհով (տեղեկացրել է «Արմենպրես»-ը):
 

- Մենք երկու հարևաններ ունենք հյուսիսում: Ունենք Ադրբեջանը, որն իրապես կարևոր է մեզ համար, մենք լավ հարաբերություններ ենք ունեցել այդ երկրի հետ: Հայաստանի հետ էլ մենք ունենք բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ: Հակամարտությունը, նրանց տեսակետների տարբերությունները Ղարաբաղյան հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է գոյություն ունեն, և ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Մենք հուսով ենք, որ նրանք կարող են հաղթահարել այն խնդիրները, որոնց առերեսվում են այդ տարածաշրջանում,- նշել է Բահրամ Քասեմին:

Խոսնակը չի սխալվում`  Հայաստան –Ադրբեջան հակամարտության լուծումը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: Իսկ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարող են ազդեցություն ունենալ ավելի լայն տարածաշրջանի վրա:

Սակայն ո՞րն է երաշխիքը, որ հակամարտություն հրահրող խմբավորումները լարվածության նոր օջախ չեն ստեղծի: Մանավանդ` հենց  Բ. Քասեմին է նշում, մշտապես առկա է նաև այլ ուժերի միջամտության հետ կապված մտահոգությունը:

- Երկու երկրների հետ էլ մենք շարունակաբար բանակցել ենք, տեսակետներ ենք փոխանակել, և հուսով ենք, որ ի վերջո դիվանագիտությունն ու երկխոսությունը կգերակայեն այլ մոտեցումների ու մեթոդների նկատմամբ,- ամփոփել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը:

Լավատեսությունը միշտ ողջունելի է և ավելի բնորոշ է հզոր պետությունների պաշտոնյաներին: Ու այդ լավատեսույան հիմքում ամենից առաջ իրենց շահերի անվտանգությունն է: Տվյալ պարագայում  «երկու երկրների հետ էլ մենք շարունակաբար բանակցել ենք, տեսակետներ ենք փոխանակել» արտահայտությունը հուշում է, որ Ադրբեջանը շարունակելու է ձեռնպահ մնալ Իրանին անհանգստացնող հրետակոծություններից` զինտեխնիկան գործի դնելով Հայաստանի մյուս սահմաններում: