Ռուսաստանն Ադրբեջանին աջակցում է նաև փորձագետներով

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ԽՈՍԻ

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսում  անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին:
 
Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցը դարձել է երկրորդական.
 
- Ադրբեջանը փորձում է փոխել ֆորմատը և լուծել հարցը՝ հաշվի առնելով ռազմական գործոնը: Ռուսաստանի դերը այստեղ շատ բացասական է:
 
ՀՀՇ-ականը կրկին ուսումնասիրել է Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը և նկատել`  որևէ սահմանափակում կամ երաշխիք չկա, որ այդ զենքը չպետք է կիրառվի խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակավայրերի վրա: Համաձայնագրում երկու սահամանափակում կա, որոնցից մեկով Ադրբեջանը չի կարող վաճառել զենքը երրորդ կողմին: Բայց Ռուսաստանն էլ լավ գիտե, որ իր զենքը հենց Ադրբեջանը ու հենց Ալիևին պատկանող ավիաընկերության միջով քանի երրորդ երկիր է հասնում:
 
 - Հայկական կողմը պետք է ավելի կոշտ լինի: Չպետք է զուսպ և ամաչելով խոսել Ռուսաստանի հետ այդ զենքի վաճառքի մասին, քանի որ Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլ նաև ռազմական փորձագետներ է ուղարկում, քանի որ Բաքուն  ռուսական զենքերը չի կարողանում օգտագործել,-ասաց  նախկին պատգամավորը:
 
 
Լարիսա Ալավերդյանն էլ վերստին ուշադրություն հրավիրեվ այն իրողության վրա, որ Ադրբեջանի բոլոր չինովնիկները խոսում են հայկական կողմին հյուծելու  համար արվելիք գործողությունների մասին:
 
Ինչ կարո՞ղ է անել հայկական կողմը:
 
Լ. Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փոխի կառավարման համակարգը՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա վստահ է, որ պատերազմի դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ չեն միաձայն որոշում կայացնել՝ Ադրբեջանին զսպելու համար, և նրանց «միջնորդությունը» քաղաքական հայտարարություններից այն կողմ դրանք չի անցնի::
 
Ի դեպ, այսօր  տեղի է ունենալու ՀՀ և Ադրբեջանի  ԱԳ նախարարների հանդիպումը, և, ըստ վերլուծաբանների՝ առանձնապես մեծ հույսեր պետք չէ ունենալ:
 
Այդ առնչությամբ Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, որ նման հանդիպումներից հետո կամ առաջ նոր լարումներ է սպասում սահմանին: 
 
- Ամեն անգամ նման հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո դիպուկահարներն ավելի հաջողակ են լինում, և մենք ունենում ենք կամ ծանր վիրավորում ստացած զինվոր, կամ ավելի վատ իրավիճակ: Երբ այդ հանդիպումները համարվում են բանակցություններ, ապա այստեղ եմ ես տեսնում փակուղի,-ասաց նա՝ ակնարկելով էդուարդ Շարմազանովի այն խոսքը, թե Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները մտել են փակուղի.
 
- Եթե դա փակուղի է, ապա լայն փակուղի է՝ մի քանի ելքերով, ես այդպիսի փակուղի չեմ տեսել: Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները չեն մտնելու այնպիսի փակուղու մեջ, ինչի մասին ասվում է,-հավելեց նա: 
 
Խորաթափանց իրատեսությամբ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանն ու արցախյան հարցով փորձագետը նաև նշեց, որ եթե նույնիսկ Հայաստանի դեմ լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ չեն միաձայն որոշում կայացնել Ադրբեջանին զսպելու համար, և քաղաքական հայտարարություններից այն կողմ դրանք չեն անցնի:
 
Իսկ ահա Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորում է ակտիվ աշխատանքը՝ տեղեկատվական դաշտում: Նա փաստում է, որ տեղեկատվական պատերազմը սաստկանում է այնպես, ինչպես առաջնագծում: Հետևաբար փորձագիտական դաշտը, քաղաքական և դիվանագիտական ուժերը, լրագրողները, պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է նախաձեռնող, այլ ոչ թե պատասխանող կողմ լինել: