Պայքարել «դեդովշինայի» դեմ

ՓՈՂ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ, ՈՐ ԴՊՐՈՑ ՉԳՆԱՆ

ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր պատգամավորները հարցեր ուղղեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: 
Նախարարն ինքն էլ փաստում է՝ Հայաստանն ունի 87 հազար ուսանող և 66 համալսարան, ինչը մտահոգիչ է. 
 
- Աշխարհում նման ցուցանիշ դժվար կգտնենք: Ունենք համալսարաններ, որտեղ 100-400 ուսանող է սովորում, կրթության որակն այստեղ տուժում է: Բարձրագույն կրթությանն ուղղված չափորոշիչներն այս տրամաբանությամբ չեն կարող աշխատել,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս խնդիրները լուծելու համար պետք է լիցենզավորման գործընթացը փոխել: 
 
Նախարարին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր ավագ դպրոցներին: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ  ավագ դպրոցներն իրենց նպատակին չեն ծառայում. 
 
- Կամ էդ դպրոցները պիտի չլինեն, կամ դրանք պիտի վերափոխենք, որովհետև դրանք ծառայում են դպրոցի տնօրեններին: Ծնողները տարվա կտրվածքով նրանց փող են տալիս, որպեսզի երեխան դպրոց չհաճախի ու գիտելիքի բացը, որը ավագ դպրոցում չի ստանում, լրացնի կրկնուսույցի օգնությամբ:
 
Պատգամավորը խոսեց  նաև գիտական համակարգի խնդիրներից: Նրա խոսքով՝ համակարգում «դեդովշչինա» կա. 
 
- Նայեք, մեր բուհերում 70-85 տարեկան մարդիկ են, ովքեր ըստ օրենքի՝ իրավունք չունեն աշխատել, բայց 10 տեղ աշխատում են: Մարդը պիտի հասկանա, որ «դեդովշչինա» չի, մարդը ազատ ոճի պրոֆեսոր չէ, որ երբ ուզի գնա, երբ ուզի գա:
 
Նաիրա Զոհրաբյանը  վստահ է, որ իշխանությունը թոշակի է ուղարկում այն ռեկտորներին, ովքեր իրեն հաճո չեն: 
 
Ի պատասխան՝ ԿԳ նախարարն ասաց, որ երեք շրջաբերական է ուղարկել բուհերի ռեկտորներին՝ տեղեկանալու, թե ինչ զբաղվածություն ունեն ամբիոնի վարիչները. 
 
- Շրջաբերականով երկու բան եմ խնդրել ու պահանջել ռեկտորներից: Առաջինը, որ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկեն ոչ միայն որպես գիտական, այլև վարչական աշխատանք: Եթե մարդը լիարժեք ծանրաբեռնված է աշխատանքով, ինքը ձեռքի հետ ամբիոն վարիչ չպիտի աշխատի, որովհետև ամբիոնի վարիչը մեր համալսարանական համակարգի անկյունաքարային դերերից է: Եթե մարդն արդեն 8-ժամյա զբաղվածություն ունի՝ կարող է դասախոսել, բայց ամբիոնի վարիչ չի կարող լինել: Երկրորդ խնդիրը պրոռեկտորների շքերթը կրճատելն է: 4000 ուսանող ունեցող բուհը չպետք է 5 հատ պրոռեկտոր ունենա: 
 
Ի դեպ՝ «դեդովշինայի» մասին: 70-ն անց գիտնականները ստորագրահավաք են նախաձեռնել՝ ընդդեմ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի: Նա մայիսի 11-ի հրամանով 70–ն անց գիտնականներին արգելել է ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը: Գիտնականններն էլ նրա դեմ  ստորագրահավաք են սկսել: Սամվել Հարությունյանն էլ պարզաբանում է, թե սերնդափոխության համար է արվել.
 
- Ամբողջ աշխարհում ընդունված ձև է` եթե ուզում ենք սահուն սերնդափոխություն լինի, եթե ուզում ենք, որ երիտասարդները իրենց ոլորտում զբաղվեն նաև գիտության մենեջմենթով, կազմակերպչական խնդիրներով՝ այլ եղանակ ես չեմ տեսնում:
 
Արդյո՞ք արտասահմանում կա այսպիսի սահմանափակում: Գիտության պետական կոմիտեի նախագահը դրական է պատասխանում. կա նման սահմանափակում ․ 
 
- Ինքս երկար տարիներ աշխատել եմ Իտալիայում՝ Ֆլորենցիայում, Իտալիայում 65-ից բարձր տարիքի մարդիկ դադարում են լինել ամբիոնի վարիչ, դեկան, ծրագրի ղեկավար և զբաղվում են գիտական աշխատանքով: