«Սվիտալսկու հայտարարությունը ներքին քաղաքական հարցերին միջամտելու փորձ է»

ՓՈՂԻ ԿՌԻ՞Վ, ԹԵ՞…

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկու հայտարարությունը կայծակի արագությամբ պատկան մարմինների ականջին հասավ: Դեսպանն ասել է, որ  տեղյակ են ընտրակաշառքի, ձայներ գնելու և ուղղորդման դեպքերի մասին: Սվիտալսկին անդրադարձել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ նշելով, թե իր խորհուրդն է հայերին՝ ԿԸՀ-ն ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց դարձնել: Ըստ դեսպանի` ԿԸՀ-ի  կազմում պետք է ընդգրկված լինեն քաղհասարակության ներկայացուցիչ անձինք: 
 
Դեսպանն անդրադարձել է նաև ընտրություններում ձայներ գնելու երևույթին, ինչն, ի դեպ, լիովին բացահայտ էր ԱԺ ապրիլյան  ընտրություններում: 
 
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանը չուշացավ: 
 
- Նախ` որպես երկրի ներկայացուցիչ` պետք է ասեմ, որ ԿԸՀ-ի կազմը պետք է փոխվի, թե` ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, և դա որոշում է ԱԺ-ն: Եվ պարոն Սվիտալսկու հայտարարությունը  ներքին քաղաքական հարցերին միջամտելու որոշակի փորձ է, ինչը համարում եմ անթույլատրելի` անկախ նրանից` դա արվում է բարի, թե այլ նպատակներով,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով. 
 
- Ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները: Վենետիկի հանձնաժողովը  տվել է իր եզրակացությունը և այն, որ մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին:
 
Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե ինքն ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից:
 
- Գլխավոր հաշվապահը որոշակի խնդիրների պատճառով տեղափոխվել է այլ պաշտոնի, սակայն դա չի նշանակում ազատվել կադրերից: Այս պահին որևէ փոփոխություն չի նախատեսվում, եթե փոփոխություններ լինեն՝ կհայտնենք,- հավաստիացրեց պաշտոնյան:
 
Հարց հնչեց ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին: Սակայն Դ. Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխության հարց չկա: 
 
Ի դեպ. ԿԸՀ  նախագահը ևս անարձագանք չի թողել ԵՄ դեսպանի վերոնշյալ  հայտարարությունը և հորդորել է` ոչ ոք թող կողքից չքննադատի. դա ԱԺ-ի խնդիրն է: 
 
ՀԳ. Սվիտալսկու այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ուշացած ակնարկ, թե տված փողերն ընտրական գործընթացն պատշաճ անցկացնելու համար արդյունավետ չեն ծախսվել: Թեև կարծիք է հնչեցվել նաև, որ դեսպանի ելույթը Եվրոպային կհուշի, թե ո՞ր ուղղությամբ աշխատի Հայաստանի հետ: