Ինչպես ուռին ու բարդին՝ ամեն երկիր իր դարդին
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՄՏՆԻ ԽԱՂԻ ՄԵՋ
Արցախի նախագահի հետ հանդիպումը ոչ մի արդյունք կարծես թե չտվեց: Համենայնդեպս դա են փաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ստեփանակերտ ու եռանախագահների հայտարարությունը: Թերևս միակ տեղաշարժը կարելի է համարել Բաքվի ձևական խոսքերը, թե Արցախի խնդրի բանակցային ձևաչափն ու փաստաթուղթը չի փոխվել:
Արցախի նախագահը համանախագահների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, զինադադարի ռեժիմի խախտումների և միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պաթարող լուրջ վտանգներ: Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Ուշադրություն դարձնենք. եթե նախկինում՝ մինչ ապրիլյան պատերազմը, վերոնշյալ նախադասությունն ավարտվում էր «Մադրիդյան սկզբունքների հիման վրա» բառակապակցությամբ, հիմա դա բացակայում է: Սա նշանակում է, որ հայկական կողմն ակնարկում է՝ քանի դեռ Բաքուն իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակում է, ապա ոչ մի սկզբունք ու ձևաչափ չի կարող սայլը տեղից շարժել:
ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հավաստիացրել է.
- Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մաքրոնը ծանոթացել է իրավիճակին: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն:
Ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքերն առանձնապես նորություն չեն, բայց ուշագրավ է, որ նա խոսել է տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի մասին: Այսինքն՝ ԱՄՆ-Արցախ-Հայաստան համագործակցությունը միայն Արցախի խնդրով չի սահմանափակվում: Հիշեցնենք Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններից մեկը, թե սահմանում տեղադրվել են ամերիկյան արտադրության սարքավորումներ: Չմոռանանք նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլն դոլարի պոտենցիալի առկայության մասին հայտարարությունը:
Ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ, ի տարբերություն մյուս համանախագահների, կարևորել է սահմանում լարվածությունը կանխելը: Մեր դաշնակցի այս պահվածքը լրիվ հասկանալի է՝ պատերազմ սկսվելու ու շարունակվելու դեպքում Մոսկվան կմտնի խաղի մեջ:
Թե ինչ են խոսել համանախագահները կուլիսներում՝ դեռ պարզ չէ: Գուցե Բաքվի առաջիկա հայտարարություններից կարողանանք կռահել դա: Բայց փոխադարձ մեղադրանքների պակաս չկա՝ հայտարարությունների մակարդակով:
Ի դեպ. օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց, որ Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ կանցկացվեն: Չի բացառվում, որ Անկարան սրանով հասկացնում է, թե Արցախի խնդրի սրվելու դեպքում նա ևս կմասնակցի պատերազմին՝ «պուճուր ախպոր»՝ Բաքվի թիկունքին կանգնելով:
Երևի գերտերությունները հենց սա են հաշվի առել, որ օրումեջ ոչինչ չտվող կոչեր են հղում՝ փոխանակ արդյունավետ քայլեր անելու:
Իսկ եթե անկեղծ՝ ապա թույլ տվեք բարձրաձայնել մեր այն կասկածը, թե նրանք կոչերից այն կողմ այլ ծրագիր կամ ցանկություն էլ ունեն: Դե, զսպաշապիկները նաև ժամկետանց ու անօգտագործելի էլ են լինում: