Վաճառում են` բյուջեի դեֆիցիտը փակելու համար
Ո՛Չ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆԸ
Կառավարության որոշումներից մեկը` մոտ 3 տասնյակ շենք-շինությունների մասնավորեցման մասին, հանրային ու քաղաքական շրջանակները միանշանակ չեն ընդունում: «Ավանգարդը» գրել էր, որ վաճառքի են հանվել ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Հայփոստը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը: Այսօր լրագրողների հետ զրույցում «Ո՛չ մասնավորեցմանը» կարգախոսով իրենց մտահոգությունը ներկայացրեց մտավորականների խորհուրդը, որի անդամներից են ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը, Կարինե Դանիելյանը, գիտնական Վահան Համազասպյանը, պատմաբան Արմեն Հովսեփյանը: Վերջինս հիշեցրեց, որ սեփականշնորհման այս մոլուցքը նոր չէ.
- Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է` «չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»: Ինչի՞ չես հասկանում, տղա ջան, միայն 1990-ականներին մոտ 3000 ձեռնարկություն մասնավորեցվեց:
Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն էլ հիշեց, որ իշխանությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից մնացած «պետությունը վատ մենեջեր է» արտահատությունն է օգտագործում՝ որպես արդարացում:
- Ովքե՞ր են կառավարում այսօրվա օլիգարխների օբյեկտները` բարձրակարգ մենեջերները: Դե թող նրանց ևս ներգրավեն պետական հիմնարկների կառավարման համար,- հորդորեց քաղաքական գործիչը:
Մտավորականների խորհրդի անդամին մտահոգում է նաև այն, որ սեփականշնորհվող օբյեկտների ցուցակում առաջին հերթին այնպիսի բուժհիմնարակներ են, որոնք եզակի են` Օրթոպեդիայի ինստիտուտը, մանկական առողջարանները, Տուբերկուլյոզի դեմ պայքարի առողջարանը... այս բոլորը վաճառում են.
- Էլ չեմ ասում Միջուկային անվտանգության գիտական կենտրոնի մասին. ենթադրելի է, որ ովքեր գնելու են այն՝ թքած ունեն գիտության վրա, եթե պրոֆիլը անգամ 3-5 տարի պահեն՝ դրանից հետո ի՞նչ է լինելու: Ռադիացիոն անվտանգության հետ կապված, հասկանում եք, ունենք ատոմակայան, վտանգավոր այլ օբյեկտներ, հիմա ո՞ւմ եք տալիս դրանք:
Արամ Սարգսյանը ենթադրում է, որ վաճառում են, որպեսզի չնչին գումար ստանան, որն ըստ նրա՝ բյուջեի դեֆիցիտի 1/3–րդն էլ չի կազմում:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ կարծում է, որ պետության կարգավորման դերը կարևոր է` հաշվի առնելով առողջապահական ոլորտի մտահոգիչ տվյալները:
Պրոֆեսոր Վահան Համազասպյանն էլ ոչ թե քննադատաբար է վերաբերվում խնդրին, այլ՝ կասկածով.
- Ովքե՞ր են այդ օբյեկտների գնորդները, պարզվում է՝ թալանը շարունակում են նոր ձևով: Հաջորդ հարցն է՝ իշխանությունները ոչինչ չունեն ասելու և ձեռքերը փրփուրին են ուղղում, որ բյուջետային ճեղքերը ծածկեն, բայց, ի վերջո, արագ կվերջանա այդ գումարը, իսկ արդյունքում չկա ճգնժամից դուրս գալու ծրագիր:
Բանախոսները հիշեցրին մի քանի երկրների` Չինաստանի, Սինգապուրի անցած ճանապարհը, երբ նրանք նեոլիբերալիստական քաղաքականություն չորդեգրեցին, պահպանեցին իրենց տնտեսությունն ու այսօր մեծ տեմպերով զարգանում են: