Բյուջեում փող կա, բայց «արտոնյալների» համար է
ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ Ո՛Չ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Կառավարությունը որդեգրել է բյուջեի գումարներն արդյունավետ ծախսելու, գոտիները ձգելու քաղաքականություն, բայց ԱԺ բերված վերջին երկու նախագծերը հակառակ են փաստում: Խոսքը վերաբերում է Կառավարության ու ԱԺ-ի աշխատակազմերի ղեկավարի, նրանց օգնականների ու խորհրդականների աշխատավարձի բարձրացմանը և դատախազների ու քննիչների թոշակների ավելացմանը: Երկու նախագծերն էլ զարմացրել են իշխանության որոշ ներկայացուցիչների և, մեղմ ասած՝ հանրության զայրույթը շարժել: Եթե բարձրաբարձր կենսաթոշակների ու աշխատավարձերի հնարավորություն կա՝ ինչո՞ւ են անտեսվում դիցուք մեր անկախությունն իրենց արյամբ պաշտպանած ու այսօր մի կերպ գոյություն քարշ տվող ազատամարտիկները:
Թեև կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հիմնավորեց, որ եթե բարձրացում չլինի, ապա մասնագետների արտահոսք կլինի, սակայն դա տրամաբանական արդարացում չէ: Իսկ մյուսների հավանական կամ հնարավոր արտահոսքը հե՞չ:
Նախ հստակեցնենք` խոսքը 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատախազների ու քննիչների մասին է: Օրենքն նրանց արտոնում է աշխատել և միաժամանակ ստանալ թոշակ: Իսկ հին օրենքով`պետք է մինչ հուլիսի 1-ը դիմում գրեին` համակարգից դուրս գալու ու թոշակի անցնելու համար. հակառակ դեպքում 400.000-ի փոխարեն կստանային մոտավորապես 200.000 դրամ թոշակ:
Բնականաբար, օրենսդրական այս արգելքը շատերին ստիպել էր իրենց գլխի ճարը տեսնել, որն էլ բյուջեի համար խնդիր էր ստեղծել: Պատահական չէր, որ փոխնախարարն անկեղծացավ` եթե միանգամից թոշակի անցնելու դիմում չգրեին բոլորը, գուցե օրենսդրական փոփոխության հարց չառաջանար:
Օրենքն արդեն ուժի մեջ է, բայց երեք կարևոր հարց դեռ մնում են անպատասխան:
Առաջին` ինչո՞ւ ժամանակին այս ամենը հաշվի չեն առել օրենքի հեղինակները, ինչո՞ւ են նման սահմանափակումներ դրել` լավ իմանալով, որ իրավապահ համակարգ մտնել ցանկացողների մեծ մասը բարձր աշխատավարձի ու թոշակի ակնկալիքով են այդ ոլորտում փորձում տեղավորվել:
Երկրորդ. ինչպե՞ս համատեղել գոտիները ձգելու քաղաքականությունն ու գումարների սղության մասին խոսքերը և ոմանց հանդեպ այսպիսի շռայլությունը:
Երրորդ` որտե՞ղ է սոցիալական արդարությունը, որը որպես ուղենիշ մինչ օրս որդեգրել է իշխանությունը, իսկ «ՀՀ-ը սոցիալական պետություն է» արտահայտությունը որպես դրույթ ներառված է Սահմանադրությունում:
Այն, որ դատախազների ու քննիչների աշխատանքը կարևոր է ու վտանգավոր՝ անհերքելի է: Բայց հիշեցնենք` տարիներ առաջ, երբ դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձի բարձրացումը հիմնավորվում էր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ու դատական համակարգի անկախությունը մեծացնելու հեռանկարով: Տարիների փորձն այլ բան փաստեց` դատական համակարգում անգամ կաշառքի չափեր ձևավորվեցին, որոնց մասին արտահերթ զեկույցով հանդես եկավ Մարդու իրավունքների 3-րդ պաշտպանը:
Եվ վերջապես` ի՞նչ սկզբունքով է որոշվում աշխատանքի կարևորությունը, վտանգավորությունն ու վաստակը: 1990-ականների Արցախյան ազատամարտում ազերի ելուզակների հետ կռվի տվող մարտիկներն անկարևո՞ր ու անվտա՞նգ աշխատանք էին անում, որ այսօր գրոշաչափ թոշակ ու նպաստ են ստանում, իսկ ոմանք էլ` կիսաքաղց վիճակում են: Ու եթե բյուջեում գումարներ կան ոմանց աշխատավարձի ու թոշակի բարձրացման համար, արդյո՞ք ճիշտ չէր լինի դրանք այլ խավերի հատկացնել:
Ակամա հիշում ես Մարդու իրավունքների 2-րդ պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքերը՝ իշխանությունը կարծես սրանով փորձում է սիրաշահել դատական համակարգին, ավելի սերտանալ նրա հետ: Մի քայլ, որն անգամ արվել է 2008 -ի մարտի 1-ի դեպքերից հետո: