Հայաստանը նախահարձակ է` Ադրբեջա՛նն է օկուպացրել մեր տարածքները
«ԻՍԿԱՆԴԵՐՆ» ԱՆՀԱԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
«Իսկանդերն» այնքան է անհանգստացնում ադրբեջանցիներին, որ նրանք այդ հարցը բարձրաձայնել են անգամ ՆԱՏՕ-ում: Այս մասին այսօր խոսել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Բնականաբար, հայ պատվիրակները պարզաբանել են, թե ինչպիսին է Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը և որոնք են անվտանգության ապահովման առաջնահերթությունները:
Ադրբեջանցի պատվիրակը խոսել է նաև Հայաստանի կողմից Ռուսաստանից անվճար սպառազինություն ձեռք բերելու մասին: Հայ պատգամավորներն էլ հիշեցրել են, որ Ադրբեջանը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսում՝ հարձակողական նշանակության սպառազինություն ձեռք բերելու համար:
Վեհաժողովում հարևան Վրաստանը ևս բավական ակտիվ է եղել: Վերջինս խոսել է Արևելյան գործընկերության տարածքի բոլոր երկրների հակամարտություններում ռուսական զորքի մասնակցության մասին: Ավելին` Աբխազիայի հակամարտության վերաբերյալ իր զեկույցն այնպես էր գրել, որ բոլոր հակամարտությունները նույն պատմական առանցքն ու խնդիրներն ունեն:
Հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն էլ խորհուրդ է տվել չընդհանրացնել բոլոր հակամարտությունները և ընդգծել է, որ Արցախի խնդրի հետ ռուսական զորքը կապ չունի:
Վրաստանի «ասեղը թելել է» Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը: Ըստ նրա` ռուսական զորքը մասնակցություն ունի Արցախի խնդրում: Հայ պատվիրակը հակադարձել է` նման բան չկա: Հայաստանում կա ռուսական զորք, բայց այն Արցախի խնդրում մասնակցություն չունի: Բացի այդ` ի տարբերություն Ադրբեջանի, որը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, հարձակման փորձեր անում Արցախի դեմ, Վրաստանը չի հարձակվում Աբխազիայի վրա:
Ադրբեջանցիները, ինչպես այլ, այնպես էլ այս հարթակում, դարձյալ նույն երգն են երգել` այսպես կոչված «օկուպացված» տարածքների մասին: Հայկական պատվիրակությունն էլ հակադարձել է` Ադրբեջանն է օկուպացրել Շահումյանը, Մարտունաշենը, Գետաշենը:
ՀԳ. Մինչ ապրիլյան պատերազմը հայկական կողմը զերծ էր մնում միջազգային հարթակներում Արցախի չազատագրված տարածքների մասին խոսելուց: Մինչդեռ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը սկսել է բարձրաձայնել այդ մասին, թեև առայժմ՝ ոչ լայնամասշտաբ: