Գագիկ Ծառուկյանը կների՞, թե՞ պատիժները կշարունակվեն
ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԼԱՎ ԿՄՏԱԾԵՆ

«Ծառուկյան» դաշինքի խժդժությունները կարծես հանգուցալուծվում են: Արդեն հայտնի է այն երեք պատգամավորների անունները, ովքեր փոխարինելու են մանդատը վայր դրած պատգամավորներին: Սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյան, Նորա Առուստամյան, Հակոբ Նազարյան:
Հիշեցնենք, որ մանդատը վայր դրեցին գործարարներ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը:
Հետաքրքիրն այն է, որ գործարարներն իրենց ընտրատարածքներում ամենաշատ ձայն հավաքած պատգամավորի թեկնածուներն էին: Ու եթե հիմք ընդունենք մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Լյովա Խաչատրյանի «ջենտլմենական պայմանավորվածություն» արտահայտությունը, անհասկանալի է, թե ինչու մանդատից հրաժարվելու դիմում գրել տվեցին հենց նրանց:
Իսկ զավեշտալին էլ այն է, որ մանդատների վայր հարցում չգիտես ինչու՝ Գագիկ Ծառուկյանից ավելի շահագրգռված էր Հակոբ Հակոբյանը` «Ճոյտը»: Վերջինս դեռ երեկ իր գործընկերներին հորդորում էր վայր դնել մանդատը, հավատարիմ մնալ քաղաքական պայմանավորվածությանը: Բանը հասավ այնտեղ, որ Նապոլեոն Ազիզյանը, որի մանդատ չվերցնել-չվերցնելու հարցն անորոշ էր, կոպտել է իր գործընկերոջը՝ «գլուխը պատին է տվել» արտահայտությամբ:
Մանդատակռվի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Վարդևան Գրիգորյանը հայտարարել էր, թե համոզել է Ծառուկյանին՝ ներողամիտ լինել և «պատժել» միայն երեքին: Չի բացառվում, որ մյուս հինգը շարունակեն իրենց պատգամավորական գործունեությունը: Կլսի՞ Գագիկ Ծառուկյանը ներողամտության հորդորները՝ կտեսնենք առաջիկայում: Բայց, կարծում ենք, հաջորդ ընտրություններում պատգամավորի մանդատի ախորժակ ունեցողները լավ կմտածեն՝ խաղի մեջ մտնելուց առաջ: