Մի՛ դատիր, որ չդատվես
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆՔՆ Է
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարել է, որ կվերցնի իր կուսակցությանը բաժին հասած հինգ մանդատներն ու կաշխատի քաղաքապետարանում: Այդուհանդերձ՝ նա չի հայտարարել, որ ճանաչում է ընտրության արդյունքները:
Տիկին Փոստանջյանի ուշացումով խոսելը պայմանավորված էր դատարանում ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելով: Բայց, տեսնելով, որ վարչական դատարանից ակնկալիք չունի, ԵԾ-ի ղեկավարը վերջնական իր որոշումը կայացրեց՝ աշխատել քաղաքապետարանում:
Փոստաջյանի հայտարարությունը ուշարժան է հատկապես նրանով, որ առժամանակ առաջ նա «Ելք»-ին դավաճան էր համարում, իշխանության «պրոյեկտ»՝ եթե մանդատները վերցնեն: Սյդ նախադասությունն այնքան էր մեխվել «Ելք» -ականների հիշողություններում ու հոգիներում, որ ընտրությունների արդյունքների հաջորդ օրը զարմացած հայտարարեցին՝ մի՞թե ԵԾ-ն կվերցնի մանդատները: Եթե այո, ապա ծախված, դավաճան արտահայտությունները կվերաբերեն նաև Զարուհի Փոստանջյանին:
Արդյո՞ք զղջում է տիկին Փոստանջյանն իր նախկին մեղադրանքների համար, պատրա՞ստ է «Ելք»-ի հետ համագործակցել՝ դեռ պարզ չէ: Բայց «մի դատիր, որ չդատվես» աստվածաշնչյան ճշմարտությունը ևս մեկ անգամ ապացուցեց իր կենսունակությունը:
Ընդդիմադիրները պետք է լավ հասկանան՝ ամեն ինչ չէ, որ պետք է հանրայացնել, քանզի ցանկացած խոսք դառնում է ժողովրդի սեփականությունը, որի տարածմանն օգնում են լրատվամիջոցները՝ երբեմն էլ բորբոքելով կրակը: Այնպես որ, միասնությունն ու միավորումը լավագույն զենքն են՝ ինչ-որ նպատակի հասնելու ճանապարհին: