Տեսնում են, լսում են, չարարմատի տեղն էլ գիտեն
«ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵԿ-ՈՒՄ
Ադրբեջանական խնձորների թեման դեռ շատ ջուր կքաշի: Հանրային աղմուկն ու դժգոհությունը տվեցին իրենց արդյունքը: 2 օր առաջ «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալությունը ևս, ըստ տեղեկությունների, ադրբեջանական խնձորների շարունակությունն է:
Թեև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նախորդ ասուլիսում նեղսրտել էր լրագրողների հարցերից, թե ինչու են միայն այդ թեմայի վրա կենտրոնացել, բայց նեղսրտումն ու լրագրողական ճնշումն արդյունավետ եղան:
Կառույցի ղեկավարը մաքսակետի պետի ձերբակալության մասին խոսելիս ևս մեկ անգամ ասել է.
-Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր անհրաժեշտ է աշխատել պահանջներին համապատասխան: Որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել. այդ դեպքում, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ երևույթներ:
Վարդան Հարությունյանի այս խոսքը վերստին հաստատում է, որ կառավարությունը, հանձին Կարեն Կարապետյանի, տրամադրված է արդարացնելու մարդկանց հույսերը, բարոյահոգեբանական մթնոլորտ փոխելու և հավաստելու՝ օրենքի առաջ բոլորն են հավասար:
Մյուս կողմից՝ այս ձերբակալությունը, ցավոք սրտի, հերթական անգամ ապացուցում է, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, կաշառակերությունը համակարգված շղթա է: Չար լեզուներն ասում են, որ ձերբակալված պետը իշխանական որոշ շրջանակներում հզոր հովանավորներ է ունեցել, բայց անգամ դա նրան չի փրկել:
Այն, որ մաքսային համակարգն ամենակոռունպացվածներից է՝ հայտնի էր բոլորին: Բայց հետաքրքիրն այն է, որ Բավրայի մաքսայինի պետին նշանակել է ՊԵԿ-ի գործող նախագահը՝ նախորդ տարվա վերջում: Գուցե նշանակման համար եղել են քաղաքական որոշ հանգամանքներ, բայց, փաստորեն, Հարությունյանի կադրն իրեն չի արդարացրել: Դրա համար էլ պաշտոնյան խոսել է համակարգում նոր կրճատումների մասին: Այլ խոսքով՝ ՊԵԿ նախագահն իր սխալված լինելը ոչ թե հերքում կամ արդարացումներ է հորինում, այլ ուղղում է այդ սխալը՝ զգաստության կոչելով մյուսներին:
Այս միջադեպով նորից ու կրկին համոզվում ենք, որ իշխանավորներն ամեն ինչ լավ լսում են, լավ տեսնում են ու լավ գիտեն, թե որտեղ գտնեն չարիքի արմատը: Ու եթե խիղճն արթուն է, պետական մտածողության կա՝ հանցագործի ձեռքը բռնելն, ինչպես ասում են՝ տեխնիկայի գործ է: Հուսանք՝ այսօրինակ «վիրահատությունները» շարունակական կլինեն: