«Սեյրան Օհանյանն ընդդիմադիր չէ». Վոլոդյա ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՀԱՆՋ ԿԱ՞

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր ազատ է արձակվել: «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո եկել է կառավարության առջև` բողոքի ձայն բարձրացնելու: Նա որոշել է նստացույց սկսել հրապարակում :

Երեք  տարի անազատության մեջ գտնվելուց հետո Վոլոդյա Ավետիսյանը ցանկանում է շարունակել իշխանափոխության իր պայքարը. այն էլ` փողոցում: 

Չնայած իր դժգոհությանն այս իշխանությունից, նա խոստովանում է, որ Պաշտպանության նախարարությունում աշխատած ժամանակ բարեխիղճ ծառայել է երեք նախագահներին, իր մտերիմներին կոչ է արել ընտրել նրանց: 

Փողոցային պայքարի կողմնակից Վոլոդյա Ավետիսյանին լրագրողներս հիշեցրինք, որ ՕՐՕ դաշինքը ևս պայքարի փողոցայի ձևի կողմնակից էր, բայց հայտարարեցին, թե փողոց դուրս գալու հանրային պահանջ չկա: Իշխանությանն էլ, որի դեմ պայքարում է ազատամարտիկը, լեգիտիմ է համարում անգամ «Ելք» դաշինքը, որին, ի դեպ, ձայն է տվելՎոլոդյա Ավետիսյանը:

Թվում էր` ընտրություններից հետո ազատամարտիկների միջև տարաձայնությունները պետք է  հարթված լինեին, քանի որ նրանց մի մասն ընդդիմադիր դաշտում է գործում: Անգամ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում օրոք ձերբակալվեց Վոլոդյա Ավետիսյանը, իր մարտական ընկերոջ ազատ արձակման պահանջ էր բարձրաձայնում ԱԺ-ի ընտրությունների քարոզարշավում: Բայց արի ու տես, որ անգամ այդ ամենից հետո Վոլոդյա Ավետիսյանի համար Սեյրան Օհանյանն ընդդիմադիր գործիչ չէ:

-Նրա տեղը քրեակատարողական հիմնարկում է: Արդյոք բանակին հատկացված գումարները դիրքերի վրա են ծախսվել: Երեք չինական պատ կարելի էր այդ գումարներով կառուցել,-պնդում է նախկին դատապարտյալը:

Բայց նաև շնորհակալություն է հայտնում Սեյրան Օհանյանին, որ իրեն ազատ արձակելու հարցն է բարձրաձայնել:

Կկարողանա՞ Վոլոդյա Ավետիսյանը համախմբել հանրության դժգոհ հատվածին` դժվար է ասել, քանի որ անգամ «Սասնա ծռերի» գործողությունից հետո իշխանության դեմ ըմբոստացող պատկառելի զանգված չհավաքվեց: Կապրենք, կտեսնենք:

Հիշեցնենք` Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել էր երեք տարի առաջ` խարդախության համար։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք էր վերցրել Հ. Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, ու 500 դոլար էլ պահանջել էր Ալբերտ Մաթոսյանից` նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու տալու համար։ Վոլոդյա Ավետիսյանն ու նրա մարտական ընկերները սակայն, այս մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդում` պահեստազորի գնդապետի դեմ: Նրա փաստաբանը ևս պնդում էր, որ գործը շինծու է: