Ելք կա... ցավդ տանեմ... նորամուտ՝ ԱԺ-ում

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅԴ ԵՐԵՔԸ

6-րդ գումարման ԱԺ-ի 1-ին  նստաշրջանն, իրոք, յուրահատուկ սկսվեց: Բոլոր քաղաքական ուժերը, բացի «Ելք» դաշինքից,  մասնակցում էին առաջին նիստին: Պարզվեց՝ ընդդիմադիր դաշինքը բոյկոտել է  նիստը, քանի որ ելույթով պետք է  հանդես  գար Սերժ Սարգսյանը: Դաշինքն անգամ  պատգամավորների երդման արարողությանը չմասնակցեց, մինչդեռ  «Ելք»-ի քարտուղարը պնդեց, որ երբ էլ պատգամավորը մտնի ԱԺ դահլիճ, պետք է երդման արարողությունը նրա համար կազմակերպել:
 
«Ելք»-ի տրտունջը տեղ հասավ, լսեցինք օրվա բոցը: ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Արա Բաբլոյանն ասաց, թե ելք կա, ապա անհանգստացավ «Ելք»-ի համար, որ նրանք որպես պատգամավոր չեն երդվել: Դահլիճում ծափահարությունները չուշացան:
 
Երդման արարողությունից հետո  լրատվամիջոցների ներկայացուցիչները սևեռվեցին «Ծառուկյան» դաշինքի ներքին խնդիրներին: Մասնավորապես, թե ինչպես հանգուցալուծվեց մանդատների կռիվը: 
 
- Ցավդ տանեմ, ամեն ինչ  լավ է լինելու,- հստակ չպատասխանեց Գագիկ Ծառուկյանն ու  հեռացավ խորհրդարանից: 
  
Դաշինքի «խոհանոցից»  փորձեցինք մանրամասներ  պարզել  մանդատից չհրաժարված դաշինքի պատգամավորներից:  Հստակ պատասխան   նրանցից մի քանիսը չտվեց, միայն ասացին, որ դաշինքը կորոշի: Իսկ Արարատ Զուրաբյանը , Վահան Կարապետյանը, չթաքցրին ԱԺ-ում մնալու իրենց ցանկությունը: Եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը պահանջի մանդատից հրաժարվել՝ Վահան Կարապետյանը չի լքի  կուսակցությունը. չէ՞ որ իր խոսքով՝ ԲՀԿ-ի թթվի քարերից է:
 
 Օրվա 2-րդ կեսին նկատելի էր նորաթուխ պատգամավորների մտամոլոր պտտվելը ԱԺ-ի շենքում: Ո՛չ աշխատասենյակի տեղն էին գտնում, ո՛չ էլ երբեմն՝ դահլիճի  մուտքը:  Բայց ահա ԱԺ նախագահի ընտրության ժամանակ մոլորվածություն չկար: Ինչպեսև ակնկալվում էր՝ ձայների մեծամասնությամբ ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը:  
 
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի ԱԺ նախագահի թեկնածու Էդմոն Մարուքյանը ստացել էր 12 ձայն:
  
Հետաքրքիր  է, որ ՀՀԿ-ից հետո ԱԺ-ում թվաքանակով 2-րդ քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ նախագահի թեկնածու չառաջադրեց: Բայց, դատելով Արա Բաբլոյանի օգտին քվեարկածների թվից՝ ենթադրելի է՝ այդ դաշինքի պատգամավորների մեծամասնությունը  քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: 
 
Այլ խմբակցություններից միայն  երեք պատգամավոր էր քվեարկել Մարուքյանի օգտին, և ոմանց կարծիքով՝ ենթադրելի է, որ նրանք  «Ծառուկյան»  դաշինքից են: Չէ՞ որ այս դաշինքն իրեն ընդդիմադիր է հռչակել: