Դիվանագիտական անձնագրով քրհեղինակությունը
Ի՞ՆՉ ԿՄՏԱԾԵՆ ՕՏԱՐՆԵՐԸ

Պարզվում է՝ Հայաստանը դիվանագիտական անձնագիր կարող է տալ անգամ քրեական հեղինակությունների հետ կապ ունեցողին: Խոսքը Սոչիի գործարար Ռուբեն Թաթուլյանի մասին է, ում այսօր Չեխիայում ձերբակալել են: Ավելի ուշ տեղեկություն հրապարակվեց, որ հայ գործարարին ազատ են արձակել:
Թե ով է Ռուբեն Թաթուլյանը՝ որպես անհատ, որպես գործարար, ինչպիսին է նրա բարոյական նկարագիրը, երևի այդպես էլ շատերին չհետաքրքրեր, եթե չլիներ այսօրվա միջադեպը: Եվ, իհարկե, այն, որ նա ՀՀ վարչապետի հիմնադրած՝ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է (հրապարակումներից մեկի համաձայն) և լավ հարաբերություններ ունի ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի հետ:
Ինչո՞վ է առանձնահատուկ տեղի ունեցածը: Այն երկու տեսանկյունից կարող ենք դիտարկել: Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել՝ ում և ինչու տալ դիվանագիտական անձնագիր: Ի վերջո, ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, երբ պետություններն իրենց պետական շահի համար կարող են այլոց համար անհասկանալի քայլի գնալ: Բացի այդ, քրեական հեղինակությունները միայն հայ ազգի «մենաշնորհը» չեն: Նման կարգի մարդկանց գրեթե ամեն տեղ կարելի է հանդիպել:
Ասել է թե՝ Թաթուլյանին, որպես քրեական հեղինակության, անձնագիր տալը մեր ներքին գործն է, և որևէ պետություն իրավունք չունի միջամտել ու դժգոհել: Սակայն մյուս կողմից, ինչքան էլ օտարները բարեկրթությունից դրդված, լռեն, միևնույն է՝ քրեական հեղինակություն ու դիվանագիտական անձնագիր կոչվող «երկու գլուխները» կարծես ոչ մի կերպ «չեն եփվում նույն կաթսայում»:
Ի՞նչ կարծիք, պատկերացում կկազմեն Չեխիայի կամ մեկ այլ պետության իրավապահ մարմինները Հայաստանի վերնախավի, հանրության մասին, երբ քրեական հեղինակության գրպանում դիվանագիտական անձնագիր են տեսնում: Չե՞ն տարակուսի, որ այսպիսի համբավավորներից է կախված Հայաստանի տնտեսական զարգացումն ու ապագան: Արդյո՞ք իրենց թույլ չեն տա մտածել, թե Հայաստանի վերնախավը կապեր է հաստատում քրեական հեղինակության հետ:
Հուսանք՝ դիվանագիտական անձնագիր շնորհած գերատեսչությունը և մեր հայրենակիցը սպառիչ պարզաբանումներ կներկայացնեն, որոնք կփարատեն թե՛ մեր, թե՛ օտարների կասկածները: Իսկ գործարար Ռուբեն Թաթուլյանը երկար չի սպասեցնի՝ ճանաչում ձեռք բերելու պետականաշահ իր ներդրումներով: