ՄԱԿ-ի հանձնաժողովն անհանգստացած է

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐԻ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հանձնաժողովը հրապարակել է Ավստրիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Հոնդուրասի, Լիխտենշտեյնի և Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ եզրակացությունները։ Արդյունքները պարունակում են Հանձնաժողովի հիմնական մտահոգություններն ու առաջարկությունները յուրաքանչյուր երկրի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի վերաբերյալ:
 
Ադրբեջանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ Հանձնաժողովն անհանգստացած է զինված հակամարտությունների և «հակաահաբեկչական գործողությունների» ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կապակցությամբ, ինչպես նաև այս մեղադրանքների վերաբերյալ հետաքննության և հետապնդումների բացակայության պատճառով։ Այն նաև մտահոգություն է հայտնում ահաբեկչության և հարակից հանցագործությունների համար էթնիկ կամ ծագումով հայ 23 անձի շարունակական կալանավորման առնչությամբ: 
 
- Հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է անում ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ցանկացած խախտում անընդունելի է։ Այն նաև կոչ է անում անկախ, անկողմնակալ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել լուրջ խախտումների մասին պնդումների վերաբերյալ և կոչ է արել մասնակից պետությանը՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին,- ասվում է հայտարարության մեջ։ 
 
ՄԱԿ-ի Հանձնաժողովը նաև մտահոգված է այն պնդումներով, որ Ադրբեջանում իրավապաշտպաններն ու լրագրողները շարունակում են ենթարկվել ֆիզիկական և դատական հետապնդումների, իսկ որոշ դեպքերում ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, անհանգստացած է երկրում կրճատվող քաղհասարակության տարածքով՝ հիշեցնելով, որ ազատ և կենսունակ քաղաքացիական հասարակությունն առանցքային է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համար: 
 
Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների համար աշխատանքային բարենպաստ միջավայր՝ զերծ սպառնալիքներից, հաշվեհարդարից, բռնությունից և ոտնձգությունների այլ ձևերից: 
 
Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել ՄԱԿ-ի Հանձնաժողովի այս հայտարարությունը։
 
Աղբյուր՝ ՖԱԿՏՈՐ տեղեկատվական կենտրոն