Չինաստանը Երևանի փոխարեն ընտրեց Թբիլիսին
ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ ԴԵՌ ԱՅՐՎԱԾ ՉԵՆ

Այսօր տեղեկություն է տարածվել վրաց-չինական տնտեսական գործակցության մասին: Պեկինում տեղի ունեցող տնտեսական միջազգային խոշոր համաժողովի շրջանակում Վրաստանի և Չինաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազատ առևտրի վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ վրացական ապրանքների 94 տոկոսը, այդ թվում գինին, առանց մաքսատուրքի կհայտնվեն չինական շուկայում: Համաժողովում նաև խոսել են Վրաստանում չինական ներդրումների մասին: Վրաստանում կստեղծվի 1 միլիարդ հիմնադիր և 300 միլիոն դոլարի կուտակային կապիտալ ունեցող զարգացման բանկ:
Վրաստանի և Չինաստանի տնտեսական գործակցությունը նոր չէ: Վարդերի հեղափոխությունից հետո Չինաստանը ներդրումներ է կատարում Վրաստանում: Տպավորություն կա, որ կարծես թե Վրաստանը Հարավային Կովկասում փորձում է լինել խաչմերուկ:
Այս համաձայնագրի ստորագումն էլ անակնկալ չէր: Մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ ԱՄՆ նոր նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահ Ծին Պինի հանդիպումը: Այդ հանդիպումից հետո կողմերը խոսեցին դրական տեղաշարժի մասին: Վերջերս էլ ԱՄՆ էր այցելել Վրաստանի վարչապետը: Այսինքն՝ համաձայնագիրը կնքվել էվրաց-ամերիկյան, ամերիկա-չինական հարաբերությունների կարգավորումից հետո: Տպավորությունն այն է, որ Արևմուտքը Հարավային Կովկասում իրեն հուսալի գործընկեր է համարում Վրաստանը և փորձում այն տնտեսական խաչմերուկ դարձնել: Կարո՞ղ էր Հայաստանը լինել Վրաստանի փոխարեն: Այո, քանի որ արդեն մի քանի տարի է՝ խոսվում է Մետաքսի ճանապարհը Հայաստանով անցկացնելու մասին: Սակայն խոսակցություններից անդին դեռ չենք անցել: Չնայած այս ամենին՝ Հայաստանը բանակցում է Չինաստանի հետ՝ հայկական ապրանքները չինական շուկա դուրս հանելու համար:
Մեր փոխարեն Վրաստանը նախընտրելու մյուս պատճառը Ռուսաստանն է և նրա հետ Հայաստանի դաշնակից լինելը: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միջազգային հանրության համար չարիքի կայսրության, ագրեսորի համբավ ունի: Հետևաբար՝ նրա հետ դաշնակցող պետությունը ևս այդկերպ է ընկալվում: Բացի այդ, Չինաստանը եթե Վրաստանի փոխարեն Հայաստանի հետ նման համաձայնագիր ստորագրեր, պետք է հաշվի նստեր Մոսկվայի հետ, որի սրտով չէ մեկ այլ պետության ակտիվացումը Հարավային Կովկասում: Ու ավելորդ գլխացավանքից ազատվելու համար Պեկինը Երևանի փոխարեն նախընտրեց Թբիլիսին: