Աղբամանից «առգրավված», բայց ոչ՝ աղբարժեք

ԻՍԿ ԳՈՒՑԵ ՈՒՂՂԱԿԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՍԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ՞

Թվում  էր՝ ի տարբերություն ԱԺ-ի, Երևանի ավագանու ընտրությունները կավարտվեն առանց սկանդալի,  գաղտնի ձայնագրությունների,  շեքսպիրյան
ոճով՝ «Մնացյալը լռություն է, Հորացիո» մթնոլորտում: 
Բայց հաղթաթուղթ համարվող անակնկալները սովորաբար վերջին պահին են մատուցվում:  
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամները աղբանոցներից մեկում հայտնաբերել են փաստաթղթեր, որոնք, ըստ նրանց, իշխանության կողմից ընտրակաշառքի բաժանման մեխանիզմի վառ ապացույց են:
Դաշինքի անդամները հայտարարեցին, որ իրենց ակտիվիստը պատահմամբ տեսել է մի կնոջ, որը դուրս է  «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ  գտնվող  շտաբից և աղբարկղն է նետել պարկեր, որոնց մեջ էլ եղել են այդ փաստաթղթերը:
 
Դրանց ուսումնասիրությունը, ընդդիմադիր ուժի խոսքով, ապացուցում է, թե ընտրակաշառքի, ընտրակեղծարարության մեխանիզմը նախօրոք պլանավորած է, որտեղ իր ուրույն տեղն ունի ոստիկանությունը: Մասնավորապես խոսքը վերաբերում է  ոստիկանության Արաբկիրի բաժնին ու ՊՊԾ գնդի անդամներին, որոնցից ամեն մեկը պետք է  ձայն բերի  քաղաքապետի ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար:  Չպաշտպանելով ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից  որևէ մեկին՝ տեղի ունեցածին անդրադառնանք այլ տեսանկյունից: 
 
Հայաստանում կան կառույցներ, որոնք  օրենքով պետք է անկուսակցական, ապաքաղաքական լինեն: Այդ կառույցներից են  ՀՀ ոստիկանությունը և ընդհանրապես  ամբողջ իրավապահ համակարգը: Գրեթե բոլոր ընտրություններում իրավապահ համակարգի ղեկավարները թե՛ հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին հավաստիացրել են, որ օրենքի մարտիկներ են: Իսկ այսօր  դաշինքի հայտարարություններն ու նրանց  խոսքերով փաստաթղթերն այլ բան են ցույց տալիս: 
 
Երկրորդ՝   ինչպե՞ս եղավ, որ  դաշինքի ակտիվիստը հայտնվեց հենց   «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող  շտաբի մոտակայքում և ոչ թե քաղաքի այլ հատվածներում:  Միգուցե   պարկերի մասին  տեղեկատվությունը  ներքին ինֆորմացիայի արտահոսք է: Ինչո՞ւ այդ տեղեկատվությունը, օրինակ, չհայտնվեց, ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանիի» ձեռքում: Կամ, ինչպե՞ս ստացվեց, որ ԱԺ-ի ընտրությունների ժամանակ, երբ , ըստ տեղեկությունների, զանգվածային էր  ֆինանսական ու  վարչական ռեսուրսի կիրառումը,  «Ելք»-ն  այսպիսի դեպքի ականատես չեղավ: 
 
Իսկ գուցե տեղի ունեցածը կարող ենք համարել նաև իշխանության ինքնամաքրման արտահայտությո՞ւն: Հիշենք  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններն ինքնամաքրման  մասին: Հայաստանում իշխանությունն ու նաև ընդդիմադիրները ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմաթիվ եզրահանգումների առիթ ու ժամանակ ունեին: 
 
Բայց, եթե ինքնամաքրում, ապա ամենահավանականը «ՍԱՍ»-ի ինքնամաքրումն է: Չէ՞ որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել «ՍԱՍ»-ի հայտնի ժողովի ձայնագրության կապակցությամբ, ու, թերևս ինչ-որ մեկը որոշել է նոր փաստեր տրամադրել:
 
Ի դեպ,  աղբամանից «առգրավված» այդ բոլոր փաստաթղթերում  գրված չէ՝ աշխատել ՀՀԿ-ի համար, ձայն բերել իշխող կուսակցության օգտին: Ուրեմն ո՞վ կարող է պնդել, որ այդ թղթերը  իշխող կուսակցությունն է  գրել: Միգուցե սա ուղղակի ընտրական սև տեխնոլոգիա՞ է:  
 
Այս բոլոր հարցերի պատասխանը  պարզ կլինի  իրավապահների քննության ընթացքում: Բայց դրական է, որ  ՀՀ  քաղաքական դաշտում ընդդիմությունը, բացի մերկապարանոց հայտարարություններից, փաստերով խոսելու, դրանցով առաջնորդվելու հիմք  է դնում՝ դրանով իսկ  զգոնություն  փոխանցելով իշխանությանը: