«ԼՂ-ում հայեր չմնացին, թեև ռուսները պարտավորվել էին պաշտպանել նրանց». կարծիք

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ԼՂ-Ի ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՄԵՋ

«Ռուսաստանի ինքնահեռացումը, որը հանգեցրեց էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում, ցույց է տալիս տարածաշրջանում նրա ազդեցության թուլացումը»,- ասում է շվեդ մարդաբան և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Ռասմուս Կանբեկը։ Լեռնային Ղարաբաղից գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթի գործում Ռուսաստանի դերի մասին նրա հոդվածը հրապարակել է Insider-ը։
 
JAMnews-ը հրապարակել է փորձագետի կարծիքը ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դերի և վերջին տարիներին տարածաշրջանում նրա դիրքորոշման մասին՝ որոշ կրճատումներով։
 
Մի դավաճանության պատմություն.
ինչու՞ Ռուսաստանը դարձավ ԼՂ-ում էթնիկ զտումների լուռ դիտորդ
 
Սոցիալական ցանցերում կարելի է տեսնել Ադրբեջանից երկաթուղով տեղափոխվող ռուսական ռազմական տեխնիկայի բազմաթիվ լուսանկարներ։ Ռուս զինվորականները նշում են, որ տեխնիկան ուղարկվում է Ռուսաստան՝ վերանորոգման։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հետևող փորձագետների մեծ մասը հասկանում է, որ այդ տեխնիկան այնտեղ պետք չէ։
 
Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանում, ոչ այնքան երկար տևեց, որքան կարելի էր սպասել երեք տարի առաջ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ Թղթի վրա Ռուսաստանը պետք է ստանար հնգամյա, երկարաձգման ենթակա մանդատ և Լեռնային Ղարաբաղում տեղակայեր 1960 զինվորական:
 
Խնդիր էր դրվել վերահսկել հրադադարի ռեժիմը, երաշխավորել տեղի բնակչության անվտանգությունը և ապահովել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը։
 
Երեք տարի անց այն տասնյակ հազարավոր հայերից, որոնց ռուսները պարտավորվել էին պաշտպանել, ոչ ոք չի մնացել Լեռնային Ղարաբաղում։ Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որ ամբողջ բնակչությունը փախչեր՝ վախենալով ադրբեջանական ճնշումներից, մինչդեռ ռուսական զորքերը հանգիստ մի կողմ էին քաշվել: Առաջանում է հարց՝ ի՞նչ դեր է խաղացել Ռուսաստանը այս էթնիկ զտումների մեջ։
 
Իրավիճակի վերաբերյալ հայ փորձագետների գնահատականը
 
Հայկական ինտելեկտուալ դիսկուրսում հաճախ պնդում են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը թույլատրվել է Ռուսաստանի կողմից։ Փաստարկներից մեկն այն է, որ Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի հետ մի քանի պաշտոնական դաշինքների մեջ, թեքվել է դեպի Արևմուտք, և Ռուսաստանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կորցրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային հավասարակշռությունը պահպանելու հետաքրքրությունը:
 
Մյուսները պնդում են, որ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, առաջ է քաշել իր աշխարհաքաղաքական հավակնությունները, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ: Խաղաղապահ ուժերը մի կողմից համարվում էին Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության ապահովման գործիք, իսկ մյուս կողմից ուժային գործառույթ էին իրականացնում ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի դեմ։
 
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից և ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումից հետո Մոսկվայի ազդեցության կենսական լծակներն անհետացան։ Ռուսաստանի՝ որպես աշխարհաքաղաքական խաղացողի դիրքերը տարածաշրջանում այսօր ավելի թույլ են, քան 2020 թվականի պատերազմից առաջ։
 
Ադրբեջանը լրացնում է վակուումը
 
Նախքան էթնիկ զտումների հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին լիարժեք պատասխան տալը, հիշենք անցյալի իրադարձությունները։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ, առնվազն դիվանագիտական ոլորտում, վատթարանում էին, Ադրբեջանի հետ դրանք անշեղորեն բարելավվում էին։ Հավանական է, որ նախագահ Իլհամ Ալիևը շատ արագ հասկացավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին տարիներին ստեղծված անվտանգային վակուումը Մոսկվայի համար կարող է լրացնել Ադրբեջանը։
 
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Մոսկվայում՝ ստորագրելու 43 կետից բաղկացած դաշնակցային նոր համաձայնագիր։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ռազմական և էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող կետերը։
 
2022 թվականի ամռան սկզբին կայացած հանդիպման ժամանակ երկրների ղեկավարներն ընդգծեցին, որ համաձայնագիրը մնում է ուժի մեջ։ Մեկ տարի անց՝ 2023 թվականի մայիսին, Իլհամ Ալիևն ուժեղացրեց իր հռետորաբանությունը՝ Ռուսաստանին անվանելով ոչ միայն ոչ ֆորմալ, այլև դե յուրե դաշնակից։ Դա տեղի ունեցավ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակում սկսելուց ընդամենը մի քանի ամիս առաջ:
 
Այն, որ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ավտորիտար առաջնորդներ են, որոնց փոխըմբռնման մակարդակն անհասանելի է Նիկոլ Փաշինյանին, ավելի է բարդացնում իրավիճակը։
 
Հարձակումից կարճ ժամանակ առաջ
 
Էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն արագորեն վատթարացան։ Ռուսական կողմը պնդում է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի գործողությունների պատճառով։
 
Կարելի է առանձնացնել երեք նշանակալից իրադարձություն։ Նախ՝ սեպտեմբերի 7-ին Հայաստանը պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինա։ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պաշտոնական այցով մեկնեց Կիև։ Հայաստանի դեսպանին Կրեմլ կանչեցին ոչ միայն դժգոհություն արտահայտելու, այլև լուրջ նախազգուշացում անելու համար։
 
Երկրորդը սեպտեմբերի 11-ին Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ տասնօրյա համատեղ զորավարժությունների անցկացումն էր։ Թեև սա առաջին զորավարժությունը չէր, որ Հայաստանն անց էր կացնում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ համատեղ, Հայաստանի կառավարությունը որոշակի ջանքեր գործադրեց աշխարհին այդ զորավարժություններին հաղորդակից դարձնելու համար։ Հերթական անգամ Մոսկվայում զրույցի կանչվեց Հայաստանի դեսպանը, այս անգամ հռետորաբանությունն էլ ավելի կոշտ էր։
 
Երրորդ իրադարձությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ծավալուն ուղերձում հայտարարեց, որ Հայաստանն այլևս չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա՝ որպես անվտանգության երաշխավոր։ Նա անդրադարձավ ուկրաինական պատերազմին՝ ասելով, որ Ռուսաստանի ներկայությունը Կովկասում վստահություն չի ներշնչում։
 
Մինչ այս ամենը տեղի էր ունենում, ադրբեջանամետ հանրային էջերում տեղադրվում էին ադրբեջանական զորքերի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր։
 
 «Ամեն ինչում Հայաստանն է մեղավոր»
 
Սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հնչեցին օդային տագնապի ազդանշաններ։
 
ԵՄ ներկայացուցիչները, զրկված լինելով Լեռնային Ղարաբաղում ֆիզիկական ներկայությունից, քննադատական դիրք զբաղեցրին տեղի ունեցողի առնչությամբ, Ռուսաստանի դիրքորոշումը շատ ավելի պասիվ էր։
 
Հարձակման մեկնարկից մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանն ինքն է մեղավոր, որ «ճանաչել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա մենք ի՞նչ կապ ունենք»։
 
Երբ սկսվեց հարձակումը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնաբովանդակ հայտարարություն արեց։ Բացի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, Հայաստանին մեղադրում էին նաև Մոսկվային հավատարիմ մնալու փոխարեն Եվրոպայի հետ մտերմանալու մեջ։
 
Միաժամանակ Meduza-ն հրապարակեց Կրեմլի ձեռնարկը՝ ուղղված ռուսական լրատվամիջոցներին։ Ռուսաստանի ղեկավարությունը իր կողմից վերահսկվող լրատվամիջոցներից պահանջում էր հատկապես ընդգծել, որ հենց Հայաստանն է մեղավոր, որ Ադրբեջանը հնարավորություն է ստացել հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա։
 
Այս նարատիվը պետք է դիտարկել ոչ թե որպես ճշմարտություն, այլ ավելի շուտ որպես Վլադիմիր Պուտինի փորձ՝ լեգիտիմացնելու կուրսի սպասվող փոփոխությունը։
 
Քաղաքացիական բնակչություն՝ առանց Ռուսաստանի պաշտպանության
Եկեք դիտարկենք էթնիկ զտումների գործնական կողմը ռուսական տեսանկյունից։ Տեղում` Լեռնային Ղարաբաղում, իրադարձություններն արագ ծավալվեցին։ Տասնամսյա շրջափակումից հետո սպառվել էին հայ բնակչության մոտ առկա առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքները։ Հարձակման մեկնարկից մի քանի շաբաթ առաջ խոսվում էր այն մասին, որ եթե ոչինչ չփոխվի, բնակչությունը սովի կմատնվի։
 
Սահմանամերձ գյուղերից բազմաթիվ անկախ ապացույցներ վկայում են այն մասին, որ ադրբեջանական հարձակումների ֆոնին ռուսական զորքերը սկսել էին նահանջել կամ հանգիստ մի կողմ էին քաշվել:
 
Ականատեսներից մեկը՝ Մարտունի քաղաքում կռված հայ զինվորը, պնդում է, որ ռուսական զորքերը առավոտյան արդեն լքել էին առաջնագիծը։ Եթե դա ճիշտ է, ապա դա ևս մեկ անգամ հաստատում է՝ ռուսական խաղաղապահ ուժերը գիտեին, թե ինչ է կատարվելու:
 
Առաջնագծում գտնվող քաղաքներում և գյուղերում խաղաղ բնակիչները փորձում էին ապահով վայր գտնել՝ տեղաշարժվելով հիմնականում ոտքով կամ ձիով, քանի որ շրջափակման ընթացքում վառելիքը սպառվել էր: Հազարավոր մարդիկ գնում էին օդանավակայան, որը գտնվում էր Ստեփանակերտից դուրս և 2020 թվականի նոյեմբերից վերահսկվում էր Ռուսաստանի կողմից։ Հաղորդվում էր, որ ռուսական զորքերը ստիպել են փախստականներին լքել օդանավակայանը, ինչի արդյունքում նրանք կենտրոնացել էին Ստեփանակերտում՝ անմխիթար պայմաններում։
 
Փախուստի մեկնարկին նախորդող կրիտիկական օրերին արևմուտքում՝ Հայաստանի ուղղությամբ շրջափակումը դեռ շարունակվում էր, իսկ ադրբեջանական զինուժը մոտենում էր արևելքից։
 
Սեպտեմբերի 23-ին, երբ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ռուսաստանի հսկողության ներքո ստորագրեց բանակը լուծարելու մասին համաձայնագիրը, շրջափակումը հանվեց։
 
Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 հազար հայ լքեց տարածաշրջանը։ Պետք չէ մոռանալ, որ ևս 50 հազար հայեր ստիպված էին եղել լքել իրենց տները դեռևս 2020 թ.-ին։
 
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ընդլայնվում են առևտրի ոլորտում
Էթնիկ զտումներից հետո Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում փոփոխությունների է ենթարկվում։ Ռուսաստանի կարևորությունը կարելի է դիտարկել երկու տարբեր զտիչներով՝ ռազմական և տարածաշրջանում առևտրի տեսանկյունից:
 
Ռուսաստանը նվազեցնում է իր ֆիզիկական ներկայությունը. էթնիկ զտումներից մի քանի շաբաթ անց հայտարարվեց Լեռնային Ղարաբաղից ռուսական զորքերի մեծ մասի հապճեպ դուրսբերման մասին։ Միևնույն ժամանակ, չնայած դիվանագիտական տարաձայնություններին, Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը շարունակում է աճել։
 
Պատժամիջոցների պատճառով Հայաստանը միջնորդ է դարձել բարձր տեխնոլոգիական սարքավորումների գնման հարցում, որոնց պակասը Ռուսաստանն ունի։ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից և ԵՄ-ից 515 տոկոսով ավելի շատ միկրոսխեմաներ է ներմուծել, քան 2021 թվականին։ Դրանց մեծ մասը հետագայում արտահանվել է Ռուսաստան։ Բացի այդ, Հայաստանից Ռուսաստան ապրանքների հոսքը շարունակում է արագ աճել՝ չնայած քաղաքական հռետորաբանությանը։
 
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գազային համագործակցությունն ամրապնդվում է
Նման միտում է նկատվել նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում. առևտուրը, ըստ որոշ ռուսական և ադրբեջանական աղբյուրների, աճում է ավելի արագ, քան նախորդ տարիներին, թեև ոչ այնքան կտրուկ, որքան Հայաստանի դեպքում։
 
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանից Եվրոպա ապրանքների հոսքը։ Ինչպես կովկասյան պետություններն են օգտագործվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար, այնպես էլ այս այլընտրանքային ճանապարհը Եվրոպային թույլ է տալիս շրջանցել սեփական պատժամիջոցները։
 
Գազի կարիքն այնքան մեծ է, որ ԵՄ-ն նախընտրում է չնկատել, որ Ադրբեջանն իր գազի պակասը լրացնում է ռուսականով, և որ Ռուսաստանը շահում է Ադրբեջանի հետ գազի առևտրից։
 
2015 թվականին, երբ Եվրահանձնաժողովը վերջնական որոշում ընդունեց Ադրբեջանից Եվրոպա նոր գազամուղի ֆինանսավորման մասին, ռուսական «Լուկօյլ»-ը երկարաժամկետ պայմանագրերով ներդրումներ կատարեց Ադրբեջանի գազի հանքավայրերում։ Այսօր «Լուկօյլ»-ին է պատկանում գազի խոշորագույն «Շահ Դենիզ» հանքավայրի 20 տոկոսը:
 
Բացի այդ, 2022 թվականի աշնանը Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր կարճաժամկետ գազային համաձայնագրեր են ստորագրել։ Ֆորմալ առումով դրանց գործողության ժամկետը պետք է լրանար գարնանը, սակայն ԵՄ դիվանագետները դեռևս չեն կարողանում հստակ պատասխան ստանալ այն հարցին, թե իրականում ադրբեջանական գազի որ մասն է ռուսական։ Դրան արդեն իսկ արձագանքել է Եվրախորհրդարանը։
 
Ռուսաստանի դերն այն ամենում, ինչ տեղի ունեցավ
 
Վերջնարդյունքում դժվար է հասկանալ, թե Ռուսաստանը աշխարհաքաղաքական առումով ինչ օգուտ քաղեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից։ Կարելի է միայն նշել, որ եթե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններն այսօր ավելի լավ վիճակում են, քան երկու ամիս առաջ, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ ավելի վատ վիճակում են։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ազդեցության լծակները երկու երկրների վրա էլ նվազել են:
 
Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի վստահելի գործընկեր դուրս եկավ, քան Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում հասարակական կարծիքը Ռուսաստանի դեմ է։ Խաղաղապահ ուժերը, որոնք Լեռնային Ղարաբաղ էին մուտք գործել Հայաստանի տարածքով, այժմ տարածաշրջանը լքում են Ադրբեջանի տարածքով։ Տեղին է ասել, որ սա խորհրդանշում է հարաբերությունների այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում։
 
Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը կատարեր 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի դրույթները, ապա սեպտեմբերին ոչ մի էթնիկ զտում տեղի չէր ունենա։ Չնայած հումանիտար աղետի մեղքը Հայաստանի ղեկավարության վրա բարդելու Վլադիմիր Պուտինի փորձերին՝ անվտանգության համար պատասխանատու էին ոչ թե հայկական, այլ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքերը։
 
Ռուսական զորքերին տրված չմիջամտելու հրամանը այն ժամանակ, երբ ադրբեջանական ավտորիտար պետությունը հարյուր հազարից ավելի մարդու փախստական էր դարձնում, տրվել էր հենց Մոսկվայից։