«Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման ակտ է»․ Փաշինյան

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԼՂ ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ․ JAMNEWS

 «Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ԼՂ-ի հայության ելքը շարունակվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում ենք միջազգային հանրությանը»,- կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է Հայաստանի վարչապետը։
 
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները միջազգային տարբեր խաղացողների կողմից կարևոր են։ Բայց եթե դրանց չհետևեն համարժեք քաղաքական և իրավական  բնույթի որոշումներ դատապարտումները կդառնան «տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր» և կդիտարկվեն «պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում»։
 
Վարչապետն անդրադարձել է նաև անցակետից Ադրբեջանի կողմից իրականացվող «կամայական ձերբակալություններին», ըստ էության, նկատի ունենալով նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածը։ Շեշտել է՝ պետական մարմինները պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն կամայական ձերբակալվածների իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ատյաններում։
 
Արցախի հայերը բռնի տեղահանվում են սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների արդյունքում։ 24-ժամյա դիմադրությունից հետո ԼՂ-ի հայերի ներկայացուցիչները Բաքվի հետ հրադադար կնքեցին՝ համաձայնելով լուծարել պաշտպանության բանակն ու հանձնել զենք-զինամթերքը։
 
Սեպտեմբերի 28-ին հայտարարվեց, որ ԼՂ-ի նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ 2024 թ․-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, բոլոր պետական կառույցները կլուծարվեն։
 
Նախօրեին ադրբեջանական անցակետից ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանը ժամեր անց այդ հարցով դիմել է ՄԻԵԴ։ Պարզ չէ, թե ինչ է լինելու այն անձանց հետ, ովքեր ներառված են Բաքվի այսպես կոչված «սև ցուցակում»։ Ադրբեջանը հայտարարել է համաներման մասին, սակայն նաև պարզաբանել, որ այն չի տարածվելու այն անձանց վրա, ովքեր «ռազմական հանցագործություններ են կատարել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ»։
 
«Առաջնային խնդիրը ամենահրատապ կարիքների ապահովումն է»
 
Փաշինյանի խոսքով՝ ներկա պահին Հայաստանի կառավարության առաջնային պարտքն է «հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»։
 
Վարչապետն արձանագրել է, որ այս պահին լուծվում է կարճաժամկետ տեղավորման խնդիր։ Հյուրընկալ ընտանիքների և բնակարանների վարձակալության մեխանիզմով մարդկանց տեղավորում են Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։ Շեշտել է՝ հյուրանոցներում և հյուրատներում երկար մնալ արցախցիները  չեն կարող, ուստի կմշակվեն նաև միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։
 
Կարևոր է համարում այն, որ նրանք ներառվեն Հայաստանի սոցիալական համակարգում, այդ թվում՝ զբաղվածության ծրագրերում և կարողանան իրենց արժանապատիվ աշխատանքով ապրել։ Իբրև աջակցության ձև կառավարությունը դիտարկում է նաև սննդի քարտերի թողարկումը։
 
«Խոսքն այնպիսի քարտերի մասին է, որոնցում առկա միջոցները կարող ենք օգտագործվել միայն սնունդ ձեռք բերելու համար»,- նշել է վարչապետը։
 
68 հազարից ավելի արցախցի արդեն ՀՀ-ում է
 
Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ Գորիսում և Վայքում գործում են կետեր, որոնք շուրջօրյա աշխատում են անձանց տեղավորելու համար, 24 ժամյա հերթապահություն է իրականացվում ՀՀ 64 համայնքներում։ Արցախահայության մեծ մասը ժամանակավոր տեղավորվել է Կոտայքի և Սյունիքի մարզերում, մյուս մարզերում գրեթե հավասար բաշխվածություն է։
 
Հրապարակման պահին ԼՂ-ից Հայաստան է եկել 68 386 բռնի տեղահանված անձ։
 
Մոտ 11 հազարն են ցանկացել ապաստանել կառավարության առաջարկած վայրում, մյուսները նշել են, որ ունեն բնակվելու նախապես որոշված տեղեր։
 
«Գուցե ոչ բոլորին են առաջարկվում այն պայմանները, որ իրենց համար նախընտրելի է։ Մեծ հոսքի պայմաններում դժվար է լինում այդպիսի օպերատիվ կառավարումը։ Կխնդրեմ, որ հատկապես այս օրերին ինչ առաջարկվում է, դա ընդունենք որպես տրված հնարավորություն, օրվա խնդիրը կարգավորենք»,- հայտարարել է Խաչատրյանը։
 
Նրա խոսքով՝ առաջիկայում կփորձեն աջակցության տարբեր գործիքներով գտնել մարդկանց կարիքներին առավել համապատասխան տարբերակներ։
 
Տեղեկացրել է նաև, որ շուտով կբացվի գանձապետական նվիրատվության հաշիվ, որտեղ անհատներն ու կառույցները կկարողանան ուղղել իրենց ֆինանսական աջակցությունը։
 
Հայաստանն ավտոբուսներ կհատկացնի մարդկանց ԼՂ-ից տեղափոխելու համար։
 
«Բավականին մեծ թվով մարդիկ սեփական տրանսպորտային միջոց չունենալու պատճառով դեռևս գտնվում են Ստեփանակերտում։ Գորիսում 30 ավտոբուսներ են սպասում, որպեսզի ճանապարհի թեթևանալուն պես ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղևորվեն Ստեփանակերտ»,- հայտնել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։