Հայաստանը իսլամիստների թիրա՞խ

Ո՞ՒՄ Է ՈՒՂՂՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Միր»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են իսլամական ահաբեկչության դեմ գործելու, Իսլամական պետություն խմբավորումը ոչնչացնելու համար: Նա հայտարարել է, որ գործելու պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում ռուսական ռազմակայանները:

 Այն, որ   ԻԼԻՊ-ը վտանգ է ամբողջ աշխարհի համար, սա  պարզ է: Բայց ինչո՞ւ  է Ռուսաստանը  շեշտում այլ երկրներում իր ռազմակայանների մասին:

Լավրովի այս հայտարարությունը, հավանաբար,  նախևառաջ ներքին լսարանի համար է: Ռուսաստանն իր հանրությանը փորձում է ցույց տալ, որ միայնակ չէ  իսլամիստների դեմ պայքարում: Եթե հարկ լինի, ապա այլ երկրների ևս  կներքաշի այդ ամենի մեջ:

Չի բացառվում նաև, որ Մոսկվան փորձում է հիմնավորել նշյալ երեք հանրապետություններում իր ռազմական ներկայությունը: Մասնավորապես, Ռուսաստանում չեն կարող անտեղյակ լինել Հայաստանում տեղակայված իրենց  ռազմակայաններից դժգոհության մասին: Կարելի է ենթադրել, որ   Տաջիկստանն ու Ղրղզստանն էլ   սուփրա-սեղանով չեն ընդունում ՌԴ ներկայությունն իրենց երկրում: Ու հասկանալով, որ իր ռազմաբազաներն իրենց առաքելությունը չեն կատարում իր դաշնակից պետություններում, Մոսկվան  մտմտում է  իր բազաներն այլ նպատակով օգտագործել: 

Եթե մի քիչ էլ խորանանք «անհնարինը՝ ակնհայտ» սկզբունքով, ապա Լավրովի այս հայտարարությունը  կարող է և կապ ունենալ  վերջերս  Գյումրիի 102-րդ ռազմաբազայի  ռուս զինվորի սպանության հետ: Գրել էինք, որ  ռուս զինծառայողի սպանության մեջ  մեղադրվում է մահմեդականացված հայ Արման Ջանջուղազյանը: Պատահական չէ, որ  ռուս զինծառայողի սպանության գործը հիմա քննում է ԱԱԾ-ն: Ու եթե  լրատվամիջոցների ենթադրությունները ճիշտ են, նշանակում է՝ ռուսական ռազմաբազաներ ունեցող երկրները, այս դեպքում Հայաստանը,  հարմար թիրախ են դառնում  ահաբեկիչների համար՝ Մոսկվայի դեմ պայքարելու:

Մեկ այլ հանգամանք ևս: Եթե Ռուսաստանն անհանգստացած է իսլամիստների ահաբեկչական գործողություններից, ապա պետք է հիշի՝ իսլամիստներին հովանավորում է իր  ջերմ բարեկամ Թուրքիան: Հետևաբար,  Լավրովի այս խոսքը  կարող է վերաբերվել նաև Անկարային՝ որպես անուղղակի նախազգուշացում: