«Դիլխոր» մանդատաբաշխում
ՍՈՑԻԱԿԱՆ ՇԵՐՏԱՎՈՐՈՒՄԸ` ՕՐԻՆԱՍՏԵՂԾ ՄԱՐՄՆՈՒՄ

Կառավարության նիստերի դահլիճում այսօր պատգամավորների մանդատների բախշման արարողությունն էր: Թվում էր, թե մանդատաբաշխումը իսկական տոն պետք է լիներ ոչ միայն օրենսդիրների, այլև թիմակիցների համար: Բայցգրեթե բոլորը մի քիչ մոլորված ու անուրախ էին, չնայած ամեն ինչ լավ էր կազմակերպված՝ երեկույթին հարիր ֆուրշետ, դասական երաժշտություն: Բայց պատգամավորների՝ հատկապես հնաբնակների մի մասը մտածկոտ, մի մասն անտարբեր կեսաբերան զրուցում էին՝ աչքի պոչով զննելով այլոց:
Թերևս նորեկ պատգամավորների համար էր տոնը հետաքրքրիր: Նրանք բավական բարձր տրամադրությամբ շուրջբոլորն էին նայում, չէին խորշում լրագրողների հետ զրույցից: Նույնիսկ՝ կարծես ակնկալում էին տեսախցիկների ուշադրությանն արժանանալ:
Լրագրողներիս համար նկատելի էր նաև պատգամավորների «պառակտված»ու առանձնացված խմբերը: Նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը դիպուկ բնութագրում է տվել այս ամենին.
-Մարդկային ամենաայլանդակ հարաբերություններն ԱԺ-ում են։ Եթե 1999-ի, երբ առաջին անգամ պատգամավոր դարձա, ԱԺ-ի պատկերն այսօրվա հետ համեմատենք, արժեհամակարգի տարբերությունը 100։1 հարաբերակցություն է։ Այն ժամանակ բոլորս միասին էինք, հիմա հարուստ պատգամավորներն առանձին կաստա են. անգամ սուրճ խմում են միայն կաստաներով:
Փաստորեն սոցիական շերտավորումը նույնիսկ երկրիս օրինաստեղծ մարմնում է պալարակալել:
Մթնոլորտն աշխուժացրեց ՍԱՍ գրուպի ղեկավար-պատգամավոր Արտակ Սարգսյանի րոպեական երևան գալը: Հիշեցնենք, նա պատգամավորի այն թեկնածուն էր, ում եղբայրը ՍԱՍ-ի աշխատակիցներից պահանջում էր քվեներ բերել եղբոր համար, և ջանադիր քվե հավաքողներին ուղարկել սիրո քաղաք՝ Փարիզ: Լրագրողների հարցերի տեղատարափից Արտակ Սարգսյանը րոպե առաջ էր ուզում ազատվել:
- Հնարավո՞ր է՝ կալանավորեն ձեզ, ինչո՞ւ եք ստորացնում աշխատակիցներին, ստիպում ձայն բերել ձեր օգտին: Այն աղջկան ուղարկեցի՞ք սիրո քաղաք,- հարցերին ի պատասխան՝ Արտակ Սարգսյանը ժպտում էր, բայց այնքան էր շփոթվել, որ վերելակ մտելուց հետո ինքնաբերաբար ասաց՝ ճանապարհ տվեք:
Հետաքրքրություն շարժող մյուս թեման «Ծառուկյան» դաշինքի մանդատակռիվն էր:Նախ տեղեկացնենք, որ դաշինքի հետ առճակատողները ներկա չէին մանդատների ստացման արարողությանը, որը երկու բան է նշանակում: Կամ տեղ չեն տալիս խորհրդանշական արարողությանը, կամ էլ չեն ցանկացել հայտնվել լրագրողների ուշադրության կենտրոնում, հանդիպել դաշինքի մյուս անդամների հետ:
Ի դեպ, Ծառուկյան դաշինքի մյուս անդամներն էլ էին խուսափում խոսել այդ թեմայի մասին և պատասխանել տարրական մի հարցի՝ ի վերջո, ստորագրե՞լ են ինքնաբացարկի դիմումներ, թե՞ ոչ:
Մանդատաբախշման արարողությանը ներկա չէին նաև «Ելք»դաշինքի անդամները: Նրանք բավարարվել էին իրենց փոխարեն լիազոր ներկայացուցիչ ուղարկելով: