Հետաքրքիր նշանակում ԱԻՆ-ում
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ ԿՕԳՆԻ՞, ԹԵ՞ ԿՓՈԽԱՐԻՆԻ ԱՊՐԻԱՄՈՎԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նախօրեին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը ՀՀվարչապետի որոշմամբ այսօր նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Ո՞վ է Էնրիկո Ապրիամովը: Կենսագրությունից տեղեկանում ենք, որ ստացել զինվորական բարձրագույն կրթություն: Հայկական զինված ուժերում է դրանց կազմավորման առաջին օրվանից: Ի տարբերություն այլ զինվորականների, Ապրիամովը հայկական զինուժում չվարկաբեկված բարձրաստիճան սպաներից է: Համենայնդեպս նրա անվան հետ երբևէ չեն կապել տարատեսակ կոռուպցիոն սկանդալներ, որոնք մի շարք զինվորական պաշտոնյաների ազատման պատճառ դարձան:
Իհարկե, կարող էին զինվորական կենսաթոշակային տարիքը պատրվակ դարձնելով՝ նրան վաստակած հանգստի ուղարկել:Հայտնի փաստ է՝ 25 տարիների մեր քաղաքական դաշտի փորձը ցույց է տալիս, որ երբեմն տարիքը լավագույն պատճառ է՝ անցանկալի անձանից ազատվելու համար: Մինչդեռ ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալի դեպքում այդպես չեղավ:
Պատահակա՞ն է արդյոք այս նշանակումը: Կարծում ենք՝ ոչ: Մանավանդ՝վերջին շրջանում խոսում են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Ավելին՝ անգամ գրում են, որ Տոնոյանը չի հարմարվում նոր աշխատելաոճին, իրեն ժամանակավոր մարդ է զգում ԱԻՆ-ում: Այնպես որ՝ հաջորդ կառավարությունում գուցե Ապրիամովը լինի ոչ թե փոխնախարարի, այլ նախարարի կարգավիճակում:
Չենք բացառում նաև երկրորդ վարկածը: Եթե շատ անկեղծ՝ ապա որքան էլ Տոնոյանը բանիմաց, լավ կրթություն ստացած կադր է, այնուամենայնիվ, հարուստ փորձառություն չունի, չնայած ժառանգել է գրեթե կայացած կառույց: Այսինքն՝ Ապրիամովի նման կադրի նշանակումը գուցե օգտակար լինի նախարարի ու նախարարության հետագա աշխատանքի համար: Մի խոսքով՝ մինչ մայիսի վերջը կտեսնենք, թե վերոնշյալ վարկածներից որը կյանքի կկոչվի:
Ի ԴԵՊ. Ապրիամովի նշանակումը ԱԻՆ-ում մեկ այլ ենթադրության առիթ էլ է տալիս: Իշխանությունը փաստացի, ԱԻ ղեկավար կազմում կարծես թե ձևավորում է այսպես ասած ռազմա-քաղաքական փորձ ունեցող ղեկավար կազմ: Սրանով նախևառաջ բարձրանում է ԱԻՆ դերը՝ որպես ռազմաքաղաքական միավորի, որը կարող է օգտակար լինել ոչ միայն պետական կառավարման, այլև ներիշխանական հարաբերությունների համատեքստում: