Վարչապետի «ձեռնոցն» ընդդեմ խոշորների

ԳՈՒՑԵԵՎ ԱԿՆԱՐԿ՝ ՄԱՆԴԱՏԱԲԱԶԱՐԻՆ

Ցանկացած կառավարության նիստ սկսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Այսօրվանն էլ բացառություն չէր: Գործադիր մարմնի ղեկավարը  ԱԻ  ու Ներդրումների և տնտեսական զարգացման նախարարներին հորդորեց համատեղ  առաջարկներ ներկայացնել՝ գազալցակայանների խնդիրը լուծելու վերաբերյալ: Վարչապետը դժգոհել է գազալցակայաններում տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումից և մատուցվող ծառայությունների որակից՝ դրանք գնահատելով  խիստ անբավարար: Լսելով վարչապետի հանձնարարականը՝ շատերը հույս փայփայեցին, որ մի օր էլ գործադիր մարմնի  ղեկավարը  քաղաքացիներին մատակարարվող գազի որակին  կանդրադառնա:

Գազալցակայանների խնդիրը, որպես թարախապալար, դեռ նախորդ վարչապետի և կառավարության առջև էր ծառացել՝ մի շարք պայթյուններից հետո:  Նախկին վարչապետը հանձնարարեց  լուսահոգի Արմեն Երիցյանին՝ խիստ վերահսկել անվտանգության ռեժիմները: Սակայն  ոլորտում իրական ու տեսանելի փոփոխություններ այդպես էլ չեղան:

Առաջին հայացքից  թվում է, թե մարդու կյանքի համար վտանգավոր այս ոլորտը պետք է վաղուց ի վեր  կարգավորված լիներ, բայց, ցավոք՝ այստեղ էլ կա շահերի բախում:

ՀՀ-ում գազալցակայանների մեծ մասը պատկանում է նախկին, ներկա իշխանավորներին,  ովքեր վերին էշելոնների հետ «ախպերությամբ»կարողանում են ոչ միայն  Հայաստանի ցանկացած վայրում ունենալ գազալցակայան, այլև պատշաճ ձևով չպահպանել անվտանգության կանոնները: Նրանց միայն սեփական անձի անվտանգությունն է հուզում և մղում շրջափակվել թիկնապահների զորախմբերով:

Տոնավաճառներից հետո  սա երկրորդ ասպարեզն է, որն առնչվում է «խոշոր ձկների»տնտեսական շահերին: Կկարողանա՞  վարչապետը ռեալ փոփոխություններ  կատարել ոլորտում, ստիպել գազալցակայանի սեփականատերերին՝ շարժվել օրենքի կանոններով, թե՞ նորից կբախվի ուղղորդված բողոքի ակցիաների: Համենայնդեպս, վարչապետը կա՛մ պետք է կտրուկ քայլերի դիմի, կա՛մ  նորից հրաժարական տա՝ ինչպես արել է նախկինում, երբ քաղաքապետ էր: Վերջին տարբերակն, իհարկե, նորից հուսահատության մեջ կգցի Կարեն Կարապետյանի բարեփոխումներին հավատ ընծայողներին:

Ընդ  որում, ոլորտը կարգավորելու հանձնարարականը կարծում ենք, ոչ միայն 2-րդ փորձությունն է  վարչապետի, այլև հանձնարարական ստացած նորանշանակ նախարարների համար: 

Դեռ  պարզ չէ, թե  ոլորտի կարգավորման տեսլականն ինչպես է  պատկերացնում   կառավարությունը: Բայց  կողմ լինելով ազատ տնտեսական հարաբերություններին՝ Կարեն Կարապետյանը գուցե փորձի այս ասպազելում  ճանապարհ բացել այլոց՝ «մեջք»չունեցողների համար: Իսկ եթե դա նրան թույլ չտան, գուցե բավարարվի անվտանգության կանոնների խիստ վերահսկմամբ:

Հետաքրքիր մի հանգամանք ևս: Հայտնի է, որ գազալցակայանների բիզնեսում իր ներգրավվածությունն ունի նաև Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս անունն արդեն մի քանի օր է՝ կապվում է մանդատաբազարի  հետ: Ու այս  ֆոնին կառավարության ղեկավարը  անդրադառնում է Ծառուկյանի նկատելի դերակատարությամբ բնագավառին: Միգուցե սա ակնարկ է  ԲՀԿ ղեկավարին՝ վերջակետելու մանդատակռվի այս պատմությանը, որի իրավական հանգուցալուծումը ԿԸՀ-ն երեկ տվեց: