ՍՏԱՑՎՈՒՄ Է՝ «ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ... ՓՈՂՈՑ»

ՀԱԿ-ը «կարոտում է» «Սասնա ծռերի ՞ն»

Ինչպես և սպասելի էր՝ Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։ Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը, իսկ դաշինքի անդամները հայտարարեցին, որ պայքարը այդքանով չի ավարտվում, և սկսվում է նոր փուլը:

Սրա մասին  դիմումը ներկայացնելու առաջին  օրը հայտարարել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ իրենք երբեք կողմ  չեն եղել զինված պայքարին, բայց իրավապահ մարմինների այսպիսի պահվածքը հանգեցնում է դրան:

Նորից չենք անդրադառնա  1995-1996 թթ-ի  ընտրությունների կեղծված արդյունքներին, երբ իշխանության էր ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ը: Չենք հիշեցնի ծեծված խոսքերը, թե  ՀՀՇ-ն հիմնադրեց ընտրակեղծարարության համակարգը: Միայն կարձանագրենք, որ  ցավոք սրտի, քաղաքական ուժերի մեծ մասն օրինականության մասին հիշում է, երբ  հանգամանքների  պատճառով  դեն է շպրտվում կերակրատաշտից, իսկ երբ մեղրի կարասի կողքին է, ինչպես կասեր Բակունցը՝ աշխարհը ծիրանագույն բուրաստանէ:

Այդ բուրաստանն այսօր մշուշապատ  մի անդունդ է դարձել, որտեղ ՀԱԿ-ի անդամները, բացի քաղաքական մեթոդներից, կարծես թե այլ մեթոդների են դիմելու: Մասնավորապես, ՀԱԿ-ի անդամ, ազատամարտիկ  Վարդան Մալխասյանն ասել է, որ նախապատվություն կտան փողոցային պայքարին:

- Թվում է՝ այդ մի «Սասնա ծռերն» էր ու վերջացա՞վ, բայց ժողովուրդը չի կարող հավերժ ստրուկի տրամաբանությամբ ապրել։ Մի օր պայթելու է, մուրացկանի ձեռքը բռունցք է դառնալու ու իր խնդիրը լուծելու է,- ասել է  կուսակցականը:

Իհարկե, ՀԱԿ-ն այսօր չունի այն ռեսուրսը, որն ուներ տարիներ առաջ: ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի  հողեր հանձնելու  անընդունելի առաջարկն  ընդհանրապես ջուրը գցեց ԱԺ-ում հայտնվելու Կոնգրեսի հեռանկարը: Ու հիմա, երբ  կուսակցությունն իր տեսակետն արտահայտելու ամբիոն այլևս չունի՝ նրա ներկայացուցիչը խոսում է փողոցային պայքար սկսելու մասին: Հետաքրքիր է՝ ի՞նչ նկատի ունեն  փողոցային պայքար ասելով և ինչի՞ են ուզում հասնել դրանով:

Եթե փողոցային պայքարում նորից շեշտադրելու են տարածքներ հանձնելու մերժելի գաղափարը, ապա վերջնակապես դուրս կմղվեն քաղաքական հետաքրքրությունների շրջանակից: Այլ հարց է, որ փորձեն իշխանություններին առաջ բարձրաձայնել  հանրությանը հուզող այլ խնդիրներ՝  մշտապես զգոն պահելով կառավարությանը:

Եվս մի  փաստ: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ՀԱԿ-ի ղեկավար Տեր-Պետրոսյանը չողջունեց գունդը գրաված  Ժիրայր Սեֆիլյանի զինակիցներին: Նա հորդորեց խուսափել նոր արյունահեղությունից ու հարցը լուծել բանակցություններով:  Դե, հավանաբար, Կոնգրեսը չցանկացավ սատարել սեֆիլյանականներին ու պատասխանատվություն ստանձնել սպասվելիք  մարդկային կորուստների համար՝ մարտի մեկի դեպքերից հետո:  Ու հարց է ծագում՝  եթե այն ժամանակ, երբ պայմանականորեն կար պարարտ հող,  հանրության մեծ խմբեր փողոց դուրս չեկան՝   ըստ էության, մերժելով զինված պայքարը, ապա ինչո՞ւ պետք է հիմա մարդիկ փողոց դուրս գան:

Քաղաքական կարճատեսություն է՝ կարևոր մի փաստ շրջանցելը: Իր տառապանքի փորձով ժողովուրդը բազմիցս է համոզվել, որ իր անունից խոսում են միայն դեպի ճոճաթոռ գնալու ճանապարհին, իսկ հետո ոչ միայն մոռանում, այլև բզկտում են անխնա: Հավելումն՝ ազգային առողջ բնազդները: Այնպես որ...