Պահանջում ենք ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդեն երկու տարի է, ինչ պաշտոնապես հայտարարված հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն նախորդ ազգադավ ու հանցավոր ռեժիմի դեմ ապստամբած քաղաքացիները դեռևս ամբաստանյալ են, իսկ նրանցից երկուսը՝ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, ռազմագերի քաղբանտարկյալի կարգավիճակով գտնվում են բանտում:
 
Երկու շաբաթ առաջ մերժվեցին Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոփոխելու և նրանց ազատ արձակելու վերաբերյալ հերթական միջնորդությունները:
 
Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք ապստամբների և Սասնա Ծռեր համահայկական շարժման նկատմամբ իր քաղաքական վերաբերմունքը չքողարկել կեղծ օրինապաշտությամբ և հղում չտալ նախորդ ռեժիմի ծառա դատական համակարգի իբրև թե անկախության հանգամանքին:
 
Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է գիտակցի, որ մեր ընկերներին ռազմագերու կարգավիճակով բանտում որպես պատանդ պահելու միջոցով Սասնա Ծռեր համահայկական շարժմանը վերահսկելու իր ձգտումն անհնար է իրագործել:
 
Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերով ապստամբների վերաբերյալ կարված շինծու գործը, Մարտի 1-ի գործի օրինակով, պետք է իրավմամբ քննվի՝ ներառելով քաղաքական պատվերի, ապացույցներ կեղծելու, ինչպես նաև ոստիկաններին քաղաքական նկատառումներով դիտավորությամբ կյանքից զրկելու հանգամանքները:
 
Վերը նշվածը քաղաքական կամքի հարց է և պետք է լուծվի քաղաքական հարթության մեջ:
 
Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք լինել ազնիվ և, քաղաքական կամք ցուցաբերելով՝ անհրաժեշտ քայլեր կատարել Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու, ապստամբների խեղկատակ դատավարությունը դադարեցնելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ:
 
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
 
13 մայիս 2020 թ., Երևան