Թրամփը քաջություն չունի դա անվանել Հայոց ցեղասպանություն
Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թ․ ապրիլի 24-ին հրապարակեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ժխտողական ուղերձներից ևս մեկը՝ այն անվանելով «Հայոց հիշատակի օր»: Արդեն չորրորդ տարին անընդմեջ նախագահը հանդես է գալիս միևնույն խուսափողական ուղերձով՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեղմասացություննները, բացառությամբ մեկ բառի, որը ճշգրիտ կերպով բնութագրում է 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված զանգվածային ոճրագործությունը: Հուսով եմ, որ գալիք նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 2020-ի նոյեմբերի 3-ին, սա կլինի նրա վերջին տարին որպես նախագահ և նրա վերջին նման ուղերձը․․․
Թրամփին մոտ կանգնածներից մեկը պետք է նրան ասի, որ իր ամենամյա ապրիլքսանչորսյան անիմաստ հայտարարություններով նա ոչ մի միավոր չի շահում ամերիկահայ համայնքի կողմից։ Ընդհակառակը, վիրավորում է նրանց ՝ տարեցտարի նույն ժխտողական ուղերձը տարածելով: Նրան պետք է ասել, որ որ եթե չի կարող ասել ճշմարտությունը, թող ընդհանրապես ոչինչ չասի։ Իրականում նա վիրավորում է ամերիկահայ համայնքին։ Նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որն ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում, քան Թրամփը, 1981 թ․ ապրիլի 22-ին հրապարակել է նախագահական հռչակագիր՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով, մեզ պետք չեն Թրամփի մեղմասացական խոսքերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․․․
Ահա այն խոսքերը, որոնք Թրամփը ցեղասպանության փոխարեն օգտագործել է այս տարվա ապրիլի 24-ի իր ուղերձում․ «Հայոց հիշատակի օր», «Մեծ եղեռնի զոհեր», «20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը», «մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին», «նրանք, ովքեր տառապեցին կամ իրենց կյանքը կորցրեցին», «ողբերգություն», «ցավոտ պատմություն» և «նրանք, ովքեր տառապեցին ու զոհվեցին»: Ամենամտահոգիչը Թրամփի կողմից «Մեծ եղեռն» եզրույթի կիրառումն էր, որը նշանակում է «Մեծ ոճրագործություն»՝ բայց ամերիկացիների մեծամասնության համար այն անիմաստ է։ Դեռևս կան քաղաքականապես միամիտ հայեր, որոնք խաբվել են այս եզրույթով՝ մտածելով, որ Թրամփը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Եթե այդպես լիներ, նա կօգտագործեր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Միակ պատճառը, որ նա օգտագործեց Մեծ Եղեռնը՝ Հայոց ցեղասպանություն ասելուց խուսափելն է: Հայերը Մեծ եղեռնը օգտագործել են մինչև 1940-ական թվականներին Ռաֆայել Լեմկինի կողմից Հայոց ցեղասպանություն եզրի ստեղծումը։ Մեծ եղեռնը պարզապես այն ամենի նկարագրությունն է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականին, մինչդեռ ցեղասպանությունը միջազգային իրավունքի եզրույթ է, որն ունի իրավական հետևանքներ: Այդ երկուսն ընդհանրապես նույնը չեն:
Թրամփը շարունակեց իր քառամյա խուսափողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, չնայած այն բանին, որ անցյալ տարվա աշնանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը ճնշող մեծամասնությամբ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ ընդդեմ Սպիտակ տան ցանկությունների։ Ցավոք, թրքասեր Թրամփը մտադիր չէ դեմ գնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր սիրելի ընկերոջ և հակաամերիկյան բռնապետի ցանկություններին։
Արդարացիորեն, Վաշինգտոնում գործող հայ-ամերիկյան երկու կազմակերպություններն էլ քննադատեցին Թրամփին իր ապրիլքսանչորսյան անցանկալի ուղերձի համար։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն իր՝ «Նախագահ Թրամփը խստացնում է Թուրքիայի բռնությունը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան քաղաքականության նկատմամբ» խորագրով հայտարարության մեջ խստորեն դատապարտեց նախագահին, նրան անվանելով «այս ոճրագործության մասին ամերիկյան ազնիվ հիշատակման դեմ մնացած Անկարայի «բերան փակելու» քաղաքականության վերջին ամերիկյան կատարողը»։ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարեց․ «Հայոց ցեղասպանության ժխտումը քաղաքականություն է, որն ստեղծվել է Անկարայում, արտահանվել Ամերիկա և նախագահ Թրամփի կողմից իրականացվել Վաշինգտոնում։ Մեկ անգամ ևս, նախագահ Թրամփը կրկնօրինակեց և տեղադրեց ապրիլի 24-ի բացահայտ մեղմասացական, խիստ վիրավորական ապրիլքսանչորսյան խուսափողական արտահայտությունները, որոնք հնչել են Բարաք Օբամայի և նրա մյուս նախորդների կողմից, ըստ էության, մեկուսացնելով իր վարչակազմին որպես վերջին խոշոր ամերիկյան համագործակիցը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության համար արդարության խոչընդոտման գործում…. Նախագահ Թրամփը, խոստանալով՝ «Առաջինը Ամերիկան» նախագահություն, Հայոց ցեղասպանության հարցում հետապնդեց «Առաջինը Թուրքիան» քաղաքականություն»:
Ամերիկայի հայկական համագումարը նույնպես քննադատեց Թրամփին մամուլի հաղորդագրությամբ․ «Նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, խթանում է ժխտումը և չի արտացոլում Ամերիկայի կողմից ցեղասպանության հաստատման հպարտ արձանագրումը․․․․ Վարչակազմի հեռացումը ավելի քան մեկ դար առաջ հաստատված մարդու իրավունքներից, նվազեցնում է ԱՄՆ կառավարության վարկանիշը համաշխարհային հանրության շրջանում։ Վարչակազմին մնում է միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը»:
Մյուս կողմից, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց՝ «Փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ» խորագրով։ Թեկնածու Բայդենն իր հայտարարության մեջ ամեն ինչ ճիշտ է ասել, բացառությամբ երկու հիմնական կետի.
1) Նա ևս օգտագործեց Մեծ եղեռն եզրը՝ հետևելով նախագահ Բարաք Օբամայի քայլերին։ Բարեբախտաբար, նա գործածեց նաև Հայոց ցեղասպանություն եզրը, որը նախագահ Թրամփը չի ասել։
2) Զարմանալի է, որ իր ծավալուն հայտարարության մեջ Բայդենը ոչ մի անգամ չի նշում այն երկրի անունը, որն իրագործել է Ցեղասպանությունը։ Նա չի նշում ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ Թուրքիան։ Սա շատ լուրջ խնդիր է, որը շատ ավելին է, քան զուտ անփութությունը։ Սա պետք է որ դիտավորյալ խուսափում լինի քաղաքական նպատակներով, ինչը մտավախություն է առաջացնում, որ եթե Բայդենն այժմ որպես թեկնածու այդքան զգայուն է Թուրքիայի նկատմամբ, ապա որքա՞ն զգայուն կլինի նախագահ ընտրվելու դեպքում։
Իհարկե, բազմաթիվ ամերիկահայեր չեն մոռանա, որ Բայդենը, Օբամայի օրոք որպես փոխնախագահ, չի փորձել համոզել նախագահին պահել իր բազմաթիվ խոստումները Հայոց ցեղասպանության մասին, եթե իհարկե դա չի արել փակ դռների հետևում։ Ի պաշտպանություն նրա՝ փոխնախագահները չեն որոշում քաղաքականությունը, այլ՝ նախագահները։ Ես համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր չեն վստահում նախագահական քարոզարշավների ընթացքում արված խոստումներին, որոնք մոռացվում են նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո, քանի որ ամերիկահայ համայնքը բազմիցս խաբվել է երկու կուսակցությունների նախագահների թեկնածուների կողմից նախորդ նախագահական արշավների ընթացքում: Թրամփի դեպքում, նա գոնե որևէ քարոզչական խոստում չի տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն նա ևս չի ճանաչել այն։
Եզրափակելով, նախագահ Թրամփը և նրա նախորդները նախագահ Ռեյգանից ի վեր, համոզիչ պատճառ չունեն մտահոգվելու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի նկատմամբ բացասական արձագանքի առիթով: Ինչպես տեսանք անցյալ տարվա աշնանը, երբ Ներկայացուցիչների պալատը և Սենատը բանաձևեր ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ, գրեթե ոչ մի արձագանք չեղավ Թուրքիայի կառավարության կողմից, բացառությամբ իր դժգոհության կարճ ու մեղմ արտահայտության, որը շուտով մոռացվեց: Հետևաբար, Թուրքիայի կողմից կոշտ արձագանքի մոլուցքային վախը զուտ երևակայությայն արդյուն է և ոչ թե լուրջ խնդիր․․․
Նրանք, ովքեր կարծում են, որ ես քննադատում եմ Թրամփին կուսակցական, քաղաքական պատճառներով, կցանկանայի հիշեցնել բոլորին, որ բազմաթիվ հոդվածներ եմ գրել, որտեղ խստորեն քննադատել եմ նախագահ Բիլ Քլինթոնին և նախագահ Բարաք Օբամային՝ երկուսն էլ դեմոկրատ։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի