Էրդողանը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարքին իսկ ԱԳՆ արձագանքել է Թրամփի ուղերձին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։
 
Նամակի ամբողջական հայերեն թարգմանությունը ներկայացրել է ermenihaber.am-ը.
 
- Թուրքիայի հայերի հարգելի՛ պատրիարք Սահակ Մաշալյան,
 
Հայ համայնքի շատ թանկագի՛ն անդամներ,
 
Ողջունում եմ ձեզ սիրով ու հարգանքով։
 
Այս դժվար օրերին, որոնց միջով ողջ աշխարհի հետ միասին անցնում ենք, մեր քաղաքացիների միջև համերաշխությունը շարունակվում է՝ էլ ավելի ուժեղանալով։ Բարձրյալից խնդրում եմ, որ վաղվա օրվան հասնենք իրար ավելի մոտ, միասնականության ու միության զգացումներով ավելի տոգորված։
 
Աշխարհի ժողովուրդներին մեծ ցավ պատճառած առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերին հարգանքով հիշում եմ և նրանց թոռներին հղում իմ անկեղծ ցավակցությունները։
 
Այդ ժամանակահատվածում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների համար ալլահի ողորմածությունն եմ հայցում։
 
Ոչ մի դեպքում թույլ չենք տվել և թույլ չենք տալու օտարացնել մեր որևէ մի քաղաքացու, հավատքի կամ ինքնության պատճառով վատ վերաբերմունքի արժանացնել։
 
Մեր բոլորի ընդհանուր նպատակն է անցյալից միայն բարեկամության ու մարդկային բարձրագույն իդեալի համար ուժ առնել և ապագա կառուցել միասին։
 
Բոլորիս համար ակնհայտ են այն շրջանակները, որոնք, անտեսելով Անատոլիայի խորքից ծնված մեր միասնականությունը, ցանկանում են պատմությունից թշնամություն բխեցնել։ Մեր ամենակարևոր ցանկությունն այն է, որ այլ նպատակներ հետապնդող շրջանակներին հնարավորություն չտանք, մանավանդ որ մենք միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա ենք ցանկանում կառուցել։
 
Այս խոհերով ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում առաջին աշխարհամարտում մեր կորցրած օսմանցի հայերին։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ շենություն։
 
 
Նույն օրը և նույն առիթով հնչել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձը, որն անարձագանք չի թողել Թուրքիո արտաքին գործերի նախարարությունը։
 
Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։
 
Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի ուղերձին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ պաշտոնական Անկարան գնահատական է տվել Թրամփի ուղերձին։ Ըստ այդ գնահատականի՝ ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա»։
 
«Ներքաղաքական նկատառումներով արված այս հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»:
 
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս ուժի մեջ է 1915-ի դեպքերն ուսումնսիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը։
 
«Հավատում ենք, որ եթե ստեղծվի նման հանձնաժողով, ապա փաստերն իրապես կբացահայտվեն»:
 
Հիշյալ հանձնաժողովի ստեղծումն օրակարգից դուրս մղելու համար Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրում է հայերին՝ նրանց անվանելով ծայրահեղականներ։ Ըստ Անկարայի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը պիտի նկատի դա ու գործի համարժեք։
 
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»։