Օրենսդրորեն բացառենք հին ուժերի վերադարձը
Ակնբախ վճռականությամբ հայ հանրությունը մերժեց նախորդ իշխանություններին և այսօր էլ բացառում է նրանց վերադարձը: Մինչդեռ վիրավոր գազանի նման նախկինները փորձում են ցնցումներ առաջացնել՝ իրենց գործելաոճին հավատարիմ՝ պառակտելու հանրությանը: Ովքե՞ր են նրանց կողմնակիցները՝ նրանց, ովքեր կերակրատաշտից զրկվել չեն ցանկանում: Հստակ է, սակայն, ու անվիճարկելի՝ ժողովրդի արգահատանքին արժանացած որևէ ուժ, որևէ անհատ վերադարձի ճանապարհ չունի: Այս իրողությունը փաստող բազմաթիվ կարծիքներին այսօր հավելվել է նաև «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունը:
- Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է:
«Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է , որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարևորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում:
Գրեթե մեկ տարի հայաստանյան քաղաքական դաշտում բարձրաձայնում էին այս հիմնարար դրույթները, իսկ այժմ դարձյալ փորձ է կատարվում միանձնյա որոշումներ ընդունել՝ շրջանցելով անհրաժեշտ քաղաքական և հանրային քննարկումների փուլը, ինչը հղի է ներքաղաքական ցնցումների և նենգադուլների հետագա կրկնություններով:
«Ժառանգություն»-ը համոզված է, որ միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային և կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը և համերաշխությունը պարտադիր պայման են:
Կոչ ենք անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության:
Ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝ օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը և սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը:
«Ժառանգություն» կուսակցություն