ՀՀԿ մտահոգությունը՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորին մտահոգություն է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։
 
Իր գործադիր մարմնի՝ այսօր տարածած հայտարարությամբ ՀՀԿ-ն գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, և անհեթեթ է՝ իրավական տեսակետից:
 
- Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված՝ լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը,- հայտարարել է Հանրապետականը՝ հավելելով.
 
- Արցախյան հիմնախնդրում աներկբա հաստատակամություն ցուցաբերած նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկին օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը դիտում ենք որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ: