Նոր իրականությունը և հին իշխանությունը
Արմատական փոփոխությունները Հայաստանում այսօր կապվում են Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Դա արդարացի է: Փաշինյանի կամքը, եռանդը, նպատակասլացությունը արթնացրին հասարակությանը: Դա միշտ կգնահատվի ժողովրդի կողմից: Բայց կատարվածը ճիշտ հասկանալու համար պետք է ավելի խորը նայել տեղի ունեցած իրադարձություններին:
Մեր անկախության դրաման
Այն, ինչ կատարվեց Հայաստանում անկախության հռչակումից հետո, իսկական դրամա էր: Իշխանության գլուխ եկան գլխավորապես մանր արկածախնդիրներ, ովքեր սովահարների նման հարձակվեցին իշխանության և նյութական բարիքների վրա, շատ կարճ ժամանակում բաժան-բաժան արին երկիրը, նրա հարստությունները, քաղաքականության մեջ բոլորովին անփորձ ժողովրդին այնպիսի փորձությունների ենթարկեցին, որ նա կորցրեց պայքարելու կամքը, նրան հասկացրին, որ պետք էլ չէ փորձել պայքարել՝ «մեր դեմ խաղ չկա»:
Այսպես թափ առավ արտագաղթը: Այսպիսի մթնոլորտում պաշտոնյաները՝ նախագահից մինչև ստորինները, պարզապես «համարձակ տղաները» կարող էին անել և անում էին ամեն ինչ՝ առանց որևէ մեկից, որևէ օրենքից վախենալու: Դա դասական դիկտատուրա չէր, բայց որոշ իմաստով ավելի վատ էր, քան դիկտատուրան: Ազգային ժողով կար, ընդդիմություն կար, բայց սրանք, ի վերջո, ընդամենը քողածածկույթ էին վարչակազմի գործողությունների համար:
Վերջին օրերի բացահայտումները էականորեն չեն փոխում մեր իմացածը անցած տարիների մասին: Բայց մանրամասները երբեմն պարզապես սահմռկեցուցիչ են, դրանք ավելի չարագուշակ երանգ են տալիս այդ տարիներին:
Ես հիմա հիշում եմ այդ տարիների անեկդոտները: Բանահյուսական անմահ ժանր, որը տալիս է բոլոր իշխողների և իշխանությունների իրական պատկերը: Հույս ունեմ՝ մեր բանագետները կհավաքեն և կուսումնասիրեն դրանք: Շա՜տ հետաքրքիր նյութ կունենանք մտածելու համար: Բերում եմ մի քանի դրվագ, որոնք երևի ամենատպավորիչներից չեն, բայց շատ բնորոշ են անցած տարիների մեր բարոյական մթնոլորտի համար: Ես որ դրանցից շատ եմ ազդվել:
Ոչնչացնելու մոլուցքով
Դուք հիշում եք, որ մի ժամանակ Երևանում տրամվայ կար, հրաշալի փոխադրամիջոց, որն այսօր էլ ծառայում է աշխարհի մեծ քաղաքների բնակիչներին՝ Վիեննա, Մոսկվա, Սան-Ֆրանցիսկո և այլն: Բայց մենք մի օր արթնացանք և իմացանք, որ տրամվայը մեզ պետք չէ, աղմկում է, էներգիա է ծախսում: Եվ շատ արագ անհետացան վագոնների ռելսերը, էլեկտրագծերը: Ու՞ր գնացին, ո՞ւմ վաճառվեցին, ի՞նչ եկամուտ բերին պետությանը՝ անհայտ մնաց: Այս հարցերը վճռվում էին ամենաբարձր կաբինետներում, մեր կամքը այստեղ ոչ մի նշանակություն չուներ: Մենք շնչում էինք օրեցօր ավելի ու ավելի աղտոտվող օդը, խեղդվում միկրոավտոբուսներում և հիշում այն երանելի ժամանակները, երբ Երևանում երթևեկում էին տրամվայները, առանց մուխ ու ծուխ հանելու՝ հաղթահարում էին երևանյան փողոցների վերուվարումները: Ինչու՞ դրանք անհետացան: Ալլահին է հայտնի: Բայց որ միկրոավտոբուսային գծերը բազմացան և բազմացրին իրենց տերերի եկամուտները՝ փորձանք դառնալով քաղաքի համար, դա տեսանելի է:
Եվ ոչ ոք որևէ տրամաբանական բացատրություն չտվեց Երևանին հասցրած այս հարվածի համար: Եվ դա միակը չէր:
Ամեն ծառը Երևանում և ողջ Հայաստանում անփոխարինելի բարիք է: Բայց առանց ափսոսալու, վճռականորեն ոչնչացրին Հաղթանակի այգու հաստաբուն ծառերը, որովհետև հզոր մեկին այդ տեղը դուր էր եկել շքեղ հյուրանոց կառուցելու համար:
Ամեն նոր նախագահ իր ձևով շարունակում էր մարդկանց վարժեցնել այն իրողությանը, որ նրանք չպետք է մտածեն և խոսեն, որովհետև նրանց մտածելը և խոսելը իշխանություններին միայն տհաճություն էր պատճառում: Իշխանությունները իրենց համար վստահելի հենարան ստեղծեցին՝ ի դեմս մեծահարուստների (օլիգարխների), կասկածելի վարքի տեր մարդկանց, որոնցից ամեն մեկը ապահովում էր հնազանդությունը որևէ տարածքում:
«Մենք ենք օրենքն ու ճշմարտությունը»
Մանավանդ վերջին նախագահը չէր խորշում ամենաանբարոյական խաղերից: Հիշո՞ւմ եք, ինչպես նախագահը և իր երիտասարդ ու անձնվեր զինակիցները հեռուստատեսությամբ շան լափ էին թափում մեծահարուստներից մեկի գլխին, որը փորձել էր և կարողացել էր մեծ զանգվածներ հանել նախագահի դեմ: Հիշեցրին այդ մարդու բոլոր մեղքերը, հասկացրին, որ վաղը նա կզրկվի ամեն ինչից, եթե չխելոքանա: Եվ նա, իհարկե, խելոքացավ, որովհետև ինքն էլ նույն համակարգից էր և Աստված գիտե՝ ինչպես էր կուտակել հսկայական ունեցվածքը:
Բայց էականն այս դեպքում մեծահարուստի բարոյական դեմքը չէր, այլ այն, որ նախագահն ու իր զինակիցները իրենց վրա էին վերցրել և՛ դատախազի, և՛ դատավորի դերը: Այդ բոլորը պետք է ասվեր դատարանում: Կամ, առնվազն, այդ բոլոր մեղադրանքներից հետո քրեական գործեր պետք է հարուցվեին: Բայց դարձյալ ակնհայտ էր, որ արդարությունը և արդարադատությունը չէին հետաքրքրում մեղադրողներին: Պետք էր ընդամենը վախեցնել, և երբ այդ նպատակը իրագործվեց՝ ամեն ինչ մնաց իր տեղում, մեծահարուստը դադարեցրեց ցույցերն ու միտինգները և շարունակեց հարստանալ:
Առհասարակ, երրորդ նախագահի ներդրումը մեր հասարակության բարոյազրկման մեջ շատ մեծ է: Համառոտ հիշեցնեմ ՀՀ Սահմանադրության փոփոխության պատմությունը: Նախագահը և իր թիմը մի ամբողջ տեսություն մշակեցին այդ փոփոխության անհրաժեշտության մասին: Ես այսօր էլ համոզված եմ, որ այդ փոփոխությունները ներկա փուլում մեր երկրին պետք չէին: Բայց նախագահը և նրա զինակիցները որոշել էին երկարաձգել նրա իշխանությունը անորոշ ժամանակով, և միակ սահմանադրական ճանապարհը Հիմնական օրենքը փոխելն էր: Ժամանակները փոխվել էին, պետք էր Եվրոպային դուր գալ: 2015-ին նախագահը երդվում էր, որ իր լիազորությունները ավարտելուց հետո ոչ մի պաշտոնի չի հավակնի, բայց 2018-ին առանց տատանվելու հայտարարում էր, որ իրադրությունը փոխվել է, և ինքը վարչապետ կմնա մինչև Արցախի հարցի լուծումը: Անբարոյականության ավելի մեծ դա՞ս, որ տրվում էր հայ ժողովրդին...
Երբ բոլոր կարգախոսները սին էին
Անշուշտ, ընթերցողը ինձնից չի սպասում անցած տարիների պատմության մանրամասն վերլուծություն: Դա անպայման պետք է արվի, պետք է տրվի ժամանակի ամբողջական բնութագիրը, լավն ու վատը: Այս հոդվածում ես ուզում եմ հիշեցնել միայն այն խեղդող մթնոլորտը, որը տիրում էր Հայաստանում՝ մինչև վերջին իրադարձությունները: Չի կարելի դա մոռանալ նույնիսկ այդ իրադարձությունների բերած ուրախության մթնոլորտում: Դա շատ անարդար կլիներ մեր պատմության հանդեպ և վտանգավոր՝ մեր հետագա ճանապարհի համար:
Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական գործիչներից միակը եղավ, ով հասկացավ մեր անկման խորությունը և միաժամանակ գնահատեց ժողովրդի մեջ կուտակված զայրույթի ուժը, հենվեց դրան և մի ամբողջ թիմի ստիպեց հեռանալ: Նրա շնորհիվ խոսեց ժողովուրդը և վստահ խոսեց, հասկանալի ու հստակ՝ դրանով իսկ դաս տալով նաև շատ մտավորականների, որոնք կա՛մ ձգտում էին շահել իշխանությունների բարեհաճությունը, կա՛մ, ամեն ինչից հույսները կտրած՝ փակվել էին անկյուններում:
Այս վերջին իրողությունը՝ ժողովրդի ոտքի կանգնելը, ինձ համար կարևորագույն կողմն էր կատարվածի: Անկախության բոլոր տարիներին թել-թել հյուսվում էր մի սարդոստայն, որի մեջ ժողովուրդը խճճվել էր, որի գլխավոր խնդիրը ժողովրդին հնազանդ պահելն էր, նախագահների անսահման և անվիճելի իշխանություն հաստատելը և նրանց հովանու տակ՝ պետական ապարատի բոլոր ներկայացուցիչների ու «լավ տղերքի» հարստանալու հնարավորություն ստեղծելը: Բոլոր կարգախոսները մարդու իրավունքների և եվրոպական ժողովրդավարության մասին դատարկ դուրս եկան:
Այդ գրեթե երեսուն տարիների ծանր կնիքը մեր ժողովրդի հոգեբանության վրա չպետք է թերագնահատել: Դրան դեռ շատ ենք բախվելու: Բայց և չպետք է չափազանցել: Երեսուն տարին մեր պատմության հազարամյակների մեջ մեծ բան չէ, մեր ժողովրդի ինքնապահպանության բնազդը կենդանի է, ինչ տեսանք ոչ միայն Արցախի ազատագրության ժամանակ, այլև Ապրիլյան պատերազմում: Բայց պատերազմի դաշտում զոհվելու պատրաստ մարդիկ զարմանալի անվստահ էին քաղաքականության մեջ: Սակայն վերջին դեպքերը ապացուցեցին, որ այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէր: Այդ բնազդը խորն է և ուժեղ, և ժողովուրդն իրեն կարող է պաշտպանել ոչ միայն պատերազմի դաշտում, այլև քաղաքական-հասարակական կյանքում: Բավական էր համաժողովրդական, իսկապես համաժողովրդական ընդվզման այն ալիքը, որը բարձրացավ այդ օրերին, և «հանրապետական կլանը» փուլ եկավ:
Ես չեմ կարծում, որ մենք ստեղծելու ենք իդեալական հասարակություն: Այդպիսի հասարակություններ չկան և չեն կարող լինել: Բայց այս ցնցումից հետո մենք պետք է ունենանք մի հասարակություն, որի արժանապատվությունը կփակի բոլոր մեծ ու փոքր ավանտյուրիստների և անհագ ախորժակ ունեցող պաշտոնյաների ճանապարհը:
Ինքնագովասանք՝ ներողության փոխարեն
Իսկ մինչ այդ պետք է սթափ գնահատել իրադրությունը և հասկանալ, որ մեր երկրին դեռ շատ ներքին վտանգներ են սպասում: Փլուզվող համակարգի ներկայացուցիչները հեշտ չեն հրաժարվի այն ամենից, ինչ նրանք ձեռք էին բերել անցած տարիների ընթացքում: Նրանց մի մասը, ենթադրում եմ, անկեղծորեն հավատացած է, որ իրենք այնքա՜ն լավ բաներ են արել հայ ժողովրդի համար, որն, ահա, այս օրերին չի գնահատվում: Բայց մյուսները, շատ էլ լավ հասկանալով, թե ինչ են արել, շարունակում են նույն խաղը՝ հավատացնել, որ իրենք գրեթե հրեշտակներ են: Նույնիսկ արցունքներ են թափում հանրահայտ գեներալի արարքների համար: Տեղին-անտեղի հիշեցնում են եվրոպական կազմակերպությունների դրական կարծիքը վերջին ընտրությունների մասին, և իսկապես չգիտես, ծիծաղե՞ս, թե լաց լինես:
Սեփական ժողովուրդը միահամուռ մերժել է նրանց: Այդ ժողովուրդը իր մաշկի վրա է զգացել նրանց կառավարման արժեքը, բայց նրանք դեռ կառչում են զանազան միջազգային կազմակերպությունների կարծիքներին: Այդ կազմակերպությունները հետաքրքրված են իրադարձությունների միայն արտաքին կողմով և հնչուն, բայց կեղծ կարգախոսներով ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին: ՀՀԿ-ականները չեն էլ հասկանում, թե ինչքան անհեթեթ է կատարվածից հետո հիշել արտաքին գնահատականները:
Մինչդեռ մենք նրանցից ուրիշ բան պետք է սպասեինք, առնվազն ձգտում՝ հասկանալու, թե ինչու իրենց կառավարումը երկիրն հասցրեց այս վիճակին, ո՞րն էր իրենց մեղքը սեփական ժողովրդի առջև: Նրանք պետք է ներողություն խնդրեին իրենց ժողովրդից: Չեղավ և կարծես թե չի լինելու: ՀՀԿ ղեկավարները զբաղված են իրենց գովաբանելով և այսօրվա իշխանություններին քննադատելով: Այս մարդկանց մեծ մասը դեռ պատրաստ են արկածախնդրությունների, եթե հարմար պահ լինի: Բայց ես վստահ եմ, որ այլևս այդպիսի պահ չի լինի: Անցած տարիների հիշողությունը չափազանց ծանր է՝ այդ տարիները կրկնելու համար:
Նոր իշխանությունները անխուսափելիորեն սխալներ են անելու՝ նոր մարդկանց առանց քաշելիս, զանազան որոշումներ ընդունելիս: Ժամանակ է պետք՝ փորձ ու նաև գիտելիքներ ձեռք բերելու համար: Շատ վտանգավոր է լինելու նաև այն հսկայական իշխանությունը և այն փառքը, որ բաժին հասավ երիտասարդ մարդկանց: Դրանց դիմանալը շատ դժվար է: Բայց մեր ժողովուրդը հրաշալի հնարավորություն է ստացել՝ վերջապես դուրս գալու կոռուպցիայի, կաշառակեր և անպատժելի պաշտոնյաների, ամենազոր օլիգարխների ու գեներալների և չգիտեմ դեռ էլի ինչ ճանապարհից, իր սեփական հողի վրա բնականոն կյանքով, առանց վախի ապրելու:
Մենք իրավունք չունենք այդ հնարավորությունը չօգտագործել, մենք չպետք է նոր իշխանությունների մանր ու մեծ վրիպումները չափազանցենք: Մենք պետք է կիսենք պատասխանատվությունը իշխանությունների հետ՝ մեր երկրի հետագա ճակատագրի համար:
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր