Յո երթաս, Եվրոպա. Նիկոլ Փաշինյանի հստակ ուղերձը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ. 1in.am

Եթե Եվրոպան չի համապատասխանեցնում Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը այն ոգևորված հայտարարություններին, որ անում է Հայաստանում վերափոխումների ու թավշյա հեղափոխության հաղթանակի կապակցությամբ, ապա այդ դեպքում արժե, որ նվազեցնեն այդ ոգևորված հայտարարությունների տոնը:
 
Այս հայտարարությունը Բրյուսելի օդանավակայանում այցի ավարտին հնչեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ Հայաստանը որպես խնդրող կամ հայցվոր չէ, որ նայում է դեպի Եվրոպա, այլ որպես գործընկեր, ու ըստ այդմ՝ ակնկալում է առարկայական փոփոխություն գործընկերության ծավալի և դինամիկայի հարցում, որ ըստ տրամաբանության պետք է բխի Հայաստանում ժողովրդավարական վերափոխման գործընթացից:
 
Փաշինյանի առաջին այցը պարտավորեցնող է ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան Հայաստանի նոր իշխանության համար, որքան՝ Եվրամիության: Որովհետև Հայաստանի նոր իշխանությունն ըստ էության նույնիսկ արդեն արել է իր քայլը՝ արդեն Հայաստանում ձևավորել է ժողովրդական, լեգիտիմ իշխանություն, որը պայքարում է կոռուպցիայի դեմ՝ գործով, ոչ թե խոսքով, որը սկսել է Ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթաց, որը ձևավորում է հավասար մրցակցություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ասպարեզում: Ահա այն օրակարգը, որը տարիներ շարունակ եղել է Հայաստան-Եվրամիություն հարաբերության առանցքում, համենայնդեպս՝ հայտարարությունների մակարդակում, և որը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի առանցքում է: Հետևաբար այժմ քայլի հերթը ըստ էության Եվրամիությանն է, որը պետք է ցույց տա, որ իր համար իր իսկ հռչակած բարեփոխումները ունեն էական նշանակություն և բերում են քաղաքականության, վարքագծի էական տարբերության: Ընդ որում, այստեղ հարցը կամայականությունը չէ, թե՝ մենք արել ենք, հիմա ձեր հերթն է: Այստեղ խնդիրը քաղաքական տրամաբանության և անկեղծության դաշտում է, հենց նույն Եվրամիության հռչակած՝ ավելին ավելիի դիմաց բանաձևի:
 
Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենում այդ ավելին, ըստ այդմ՝ Եվրամիությունն իր իսկ բանաձևին պետք է մնա հավատարիմ և իր հերթին անի ավելին, որովհետև դրանից կախված է ոչ թե Հայաստանի ապագան, այլ հայ-եվրոպական գործակցության, Հայաստանում Եվրոպայի ապագան: Եվ այստեղ է, որ Հայաստանի իշխանությունն անելով իր գործը՝ ըստ էության չի կարող անել այն, ինչն արդեն Եվրոպայի ձեռքին է և պետք է տեղի ունենա միայն նրա քայլերի շնորհիվ:
 
Այդ իմաստով բավական կարևոր է նաև մյուս ուղերձը, որ Փաշինյանը հղում է Եվրամիության գործընկերներին: Եթե նրանք չեն առարկայացնում Հայաստանի հանդեպ քաղաքականության տարբերությունը նախորդ համակարգի և նոր իրողությունների, ապա դրանից կորցնում է ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանում կորցնում է Եվրոպան, որովհետև Հայաստանն այսպես թե այնպես գնում է ժողովրդավարության և ազատ հասարակության կառուցման ճանապարհով, և սա է իրավիճակի հիմնարար փոփոխությունը, որը շրջում է իրավիճակը, ու եթե մինչ այդ Եվրոպան կարող էր ասել Հայաստանին՝ «յո երթաս», ապա այժմ Եվրոպային դա ասելու իրավունքը ձեռք է բերում Հայաստանը:
 
Այստեղ իհարկե շատ կարևոր է հիմնարար մի արձանագրում, որ խոսքը եվրաչինովնիկներին ու քաղաքական ղեկավարությանը, ոչ թե եվրոպական քաղաքակրթությանն ուղղված ուղերձի մասին է: Դրանք սկզբունքային մի շարք առումներով տարբեր բաներ են: