Կարևորը՝ որ ապագան ալեկոծ չլինի
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈ՞Չ, ՄԻԱՅՆ ԿՈՂՔԻՑ ՏԵՍԱՆԵԼԻ ՎՏԱՆԳԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈ՞ՒՄ…
«Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկում կազմակերպելը հուշում է խնդրի հրատապությունը. նախ՝ Գործընկերության ապագայի առումով, ապա՝ ալեկոծ ժամանակների: Իսկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի այսօրվա բարձրաձայնումը, թե «Ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին տարիներին՝ բավականին ալեկոծված է, և դա այդպես էլ մնում է» արտահայտությունը մղում է եզրահանգումներ որոնել:
Դեսպանը ճիշտ է. ալեկոծությունը երբեմն կարող է անկայունացնել վիճակը, երբեմն էլ կարող է փոխել իրավիճակը: ՈՒրեմն՝ ասվածը մեզանում առկա իրավիճակի վերաբերյալ մտահոգությո՞ւն է, հնարավոր ալեբախումների կանխատեսո՞ւմ, թե՞ հիասթափություն: Վերջին տարբերակի հուշումը կարծես բխում է «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանի՝ դեսպան Պյոտոր Սվիտալսկուն ուղղված այն հարցից, թե արդո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ Արևելյան գործընկերությունը պատրաստվում է դադարեցնել համագործակցությունը Հայաստանի հետ։
Ինչ վերաբերում է մտահոգությանն ու չնախատեսված զարգացումների կանխատեսումին, ապա դրանք միշտ սպասելի են բոլոր երկրներում: Պարզապես Հայաստանում իրավիճակը շատ ավելի փխրուն է: Համաժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած նոր թիմից մեծ են սպասելիքները, բայց նաև հաճախ տարակուսանք են հարուցում նշանակվող նոր կադրերը: Հեղափոխական այս փոփոխությունները կարելի է նաև օրինաչափ համարել՝ նորանշանակ պաշոնյաների անփորձությունը հավասարակշռվեր փորձված կադրերից չհրաժարվելու պարագայում: Սակայն որոշ նորեկներ կարծես համարձակությունը շփոթում են չափազանցված ինքնավստահության հետ:
- Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը: Մեզ անհրաժշետ են ճկուն կառուցվածքներ, որ մեր տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին: Պետք է օգնել մեր գործընկերներին պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների,- նշել է դեսպանը։
Իհարկե, նա առաջնահերթել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործման ուղղությամբ իրականացվելիք քայլերը՝
- …Համաձայնագրի դրույթները բավական ճկուն են, որպեսզի Հայաստանը հնարավորինս շատ դրանից օգտվի: Հունիսի 21-ին կայանալու է Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի առաջին նիստը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը պահանջում է, որպեսզի մենք նախատեսված աշխատանքներին ուշադրություն դարձնենք: Բայց մենք հուսով ենք, որ Հայաստանի ճյուղային նախարարությունները պետք է պատրաստ լինեն իրենց տեսլականը ներկայացնել, թե ինչպես պետք է իրականացնեն փաստաթուղթը, ներառյալ ֆինանսական մասը: Հատուկ փող է նախատեսված լինելու՝ օգնելու Հայաստանին իրականացնելու համաձայնագրը: Իմ ուղերձը հետևյալն է՝ եկեք ժամանակ չկորցնենք:
Սակայն անկանխատեսելի զարգացումների պատճառ կարող է դառնալ նաև հիասթափությունը: Որքան շատ են սպասելիքները, այնքան մեծանում է դրանք շուտափույթ տեսնելու անհամբերությունը, ինչն էլ հենց կարող է հիացմունքը հիասթափության վերածել: Մանավանդ՝ դրան սպասողները կարող են նաև նպաստել այդ հիասթափությանը:
Իրականում Հայաստանը ժողովրդավար դարձնելու միտված այս իշխանությունը ծանր բեռ է ստանձնել՝ նախևառաջ մաքրել «ավգյան ախոռները», որոնք բերնեբերան լցված են անարդարությունների և կոռուպցիոն աղբով: Դրան ակամա նպաստել են նաև միջազգային կառույցները՝ պատրաստակամորեն վարկեր տրամադրելով այնպիսի ծրագրերի համար, որոնց վերնագրերն իսկ աղաղակում են, որ տրամադրվող գումարներն ընդամենը օլիգարխիկ սպառման համար են. հետո՞ ինչ, որ պետությունը կխեղդվի պարտքերի ծովում. իշխանավորները կհարստանան, երկիրն էլ պատանդ կմնա միջազգային կառույցների ձեռքում:
Այս առումով դիպուկ էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նկատառումը, թե՝
- Դուք, հարգարժան դեսպան, երբ հսկայական գումարներ եք ուղղել իբրև կոռուպցայի դեմ պայքարելու համար, դուք այդ գումարները տվել եք ամենամեծ կոռուպցիոներների ձեռքը և ասել եք՝ պայքարեք ինքներդ ձեր դեմ:
Իհարկե՛ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր պատգամավորը լավատեղյակ է այս իրողությանը ևս ու հազիվ թե առարկումներ ունենա պատգամավորի կարծիքին՝ Եվրամիությունից ՀՀ-ին տրամադրված միջոցների և դրանց բաշխման ուղղություների շուրջ վերանայումների առնչությամբ:
Ի վերջո, ի՞նչ նկատի ուներ Սվիտալսին՝ Հայաստանում իրավիճակն ալեկոծված որակելով և անկանխատեսելի զարգացումներին պատրաստ լինելու կոչով: Գուցե դա սթափության կոչ էր, գուցե՝ միայն կողքից տեսանելի վտանգի նախազգուշացում, գուցե… Հուսանք, սակայն, որ դա կանխատեսում չէր այնպիսի ձախողման, որը երկրի առջև նոր անդունդ կարող է բացել: