Ի՞նչ է կատարվել Նախիջևանի սահմանին
ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Վերջին ամիսներին էապես սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ապրիլին ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։ Այս միջադեպից հետո հայ որոշ ռազմական փորձագետներ կարծիք հայտնեցին, թե ադրբեջանական կողմը նման գործողություններով պատրաստվում է փակել դեպի Արցախ տանող երկու ճանապարհները՝ Վարդենիս-Մարտակերտ և Երևան-Գորիս-Ստեփանակերտ:
Ադրբեջանը բարելավե՞լ է իր դիրքերը Նախիջևանում
Մայիսին ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր շրջանառել այն մասին, որ ադրբեջանական կողմը բարելավել է իր դիրքերը Նախիջևան-Հայաստան սահմանի հատվածում: Տարածված լուրերի հիմնական աղբյուրը այն մտքերն էին, որոնք արտահայտել էր «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Բաղդասարյանը խոսել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակման մասին և զարմանք հայտնել, թե ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց նրան ընտրել այդ պաշտոնի համար: Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի պաշտպանությունը իրականացնում է հենց 5-րդ բանակային կորպուսը, մինչդեռ Արտակ Դավթյանը, Էդիկ Բաղդասարյանի խոսքերով, ձախողել է ծառայությունը այդ պաշտոնում, քանի որ ադրբեջանցիները կարողացել են առաջ տանել իրենց դիրքերը չեզոք գոտում և վերահսկողության տակ առնել հսկայական տարածքներ:
Ադրբեջանցիները, բնականաբար, անմիջապես օգտագործեցին այս հայտարարությունը իրենց քարոզչության օգտին: haqqin.az կայքը հոդված հրապարակեց հետևյալ վերնագրով՝ «Ադրբեջանական բանակը առաջ է շարժվել առաջնագծի նախիջևանյան հատվածում»:
Մայիսի 18-ին ՀՀ Պաշտպանության և Արտաքին գործերի նորանշանակ նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը այցելեցին Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ՝ Նախիջևանի ուղղություն: Երկու օր անց ադրբեջանական կողմը հայտարարեց, թե իրենց կողմից զոհ է եղել փոխհրաձգության հետևանքով: Հայկական կողմն իր հերթին հայտարարեց, որ «հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետեւանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»:
Ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը մայիսին
Մայիս ամսին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տեղի ունեցած տեղաշարժերը ուսումնասիրել է Ռազմինֆո կայքը: Հոդվածում ներկայացվել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում: Նշվում է, որ ադրբեջանական դիրքերն առաջ տանելու ուսումնասիրված բոլոր դեպքերը նախկին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (իմա՝ Նախիջևանի տարածքում)։ Խոսքը միայն ու միայն որևէ մեկի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է:
Ըստ ուսումնասիրության, մայիսի 2–27 ժամանակամիջոցում Ադրբեջանի զինված ուժերը հիմնականում առաջացել են Արենի գյուղի այգիների և լքված Գյուննութ գյուղի ուղղություններով: Առաջանալով Գյուննութի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Իսկ հայկական կողմի դիրքերը, ըստ Ռազմինֆոյի, տեղակայված են հենց լքված Գյուննութ գյուղի տարածքում:
Մայիսի 17-ից հետո ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքներ է ձեռնարկել Արենի գյուղի ուղղությամբ՝ նոր ճանապարհ բացելով դեպի արևելք ու դիրքավորվելով երկու հայկական դիրքերի միջև գտնվող բարձուքում։ Ռազմինֆոն ընդգծում է, որ Արենի գյուղն իր մատույցներով բավականին հեռու է ադրբեջանական նոր դիրքերից և հրաձգային զենքի համար գործնականում անհասանելի է:
Մարդասիրություն և քարոզչություն
Իրադրությունը ավելի սրվեց հունիսի սկզբին: Հունիսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Առանձին համազորային բանակի մամուլի ծառայության հաղորդագրությանը, գրեցին, թե ադրբեջանական բանակը 26 տարի անց կարողացել է վերահսկողություն սահմանել Նախիջևանի Շարուրի շրջանի Գյուննութ (Ջուննութ կամ Հունուտ) գյուղի նկատմամբ, որը «1992 թ. օկուպացվել էր հայկական զինված խմբավորումների կողմից»:
Кавказский Узел կայքը, հղում անելով այդ նույն Առանձին համազորային բանակի մամուլի ծառայությանը, գրել է, թե ադրբեջանական կողմը վերականգնել է հսկողությունը Գյուննութ գյուղի և հարակից բարձունքների նկատմամբ:
Մինչդեռ հայկական կողմը բոլորովին այլ կերպ է ներկայացնում իրադարձությունները: Հունիսի 9-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ ս. թ. հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ «հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»:
Ստացվում է, որ ադրբեջանական կողմը օգտվել է Հայաստանի մարդասիրական քայլից և փորձում է ցույց տալ, թե իբր ադրբեջանական բանակը ազատագրել է Գյուննութ գյուղը, մինչդեռ մեզ հասանելի բոլոր քարտեզներում երևում է, որ Գյուննութը այսպես թե այնպես մտնում է Նախիջևանի սահմանների մեջ, պարզապես հայկական կողմի զբաղեցրած մարտական դիրքերը թույլ չեն տվել և թույլ չեն տալիս ադրբեջանցիներին մոտենալ ավերակ գյուղի տներին կամ գերեզմանատներին: Այդ պատճառով էլ ադրբեջանական կողմը խնդրանքով դիմել է հայկական կողմին՝ միաժամանակ լրատվական դաշտում տարածելով կեղծ լուրեր, թե իբր ադրբեջանական բանակը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք է ազատագրել, հնարավորություն է ստացել նշանառության տակ պահելու Երևան-Ստեփանակերտ ճանապարհը, նաև ստեղծել է 50 կմ նոր ինժեներական ենթակառուցվածքներ:
ՀՀ ՊՆ-ն հերքում է
Մեկնաբանելով այս լուրերը՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ եթե հողեր, գյուղեր, տարածքներ «ազատագրելու» մասին ադրբեջանական պրոպագանդայի թվերն իրար գումարենք, ապա կստացվի, որ Ադրբեջանը ողջ Անդրկովկասն է ազատագրել:
Մերոնք առաջվա պես Հունուտ սարի գլխին են
Մինչ այդ Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում էր արել՝ խոստանալով բոլոր անհանգստացողների համար կազմակերպել այց Նախիջևանի դիրքեր, որտեղից բոլոր ցանկացողները և լրատվամիցոջները կկարողանան տեսնել Գյուննութի տեղը, որոշ դիրքեր և այլն:
Շուտով Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հունիսի 10-ին ինքը ռազմական-քաղաքական մի խումբ փորձագետների, բլոգերների և լրագրողների հետ, ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելել են Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը: Քաղաքագետի խոսքերով՝ Հունուտ (Գյուննութ) սարի գլխին մեր՝ հայկական դիրքերն ու դիրքապահներն են՝ ինչպես եղել է նախկինում, Հունուտ (Գյուննութ) լքված գյուղը «մեր դիրքի տակ է» և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ անբնակ է, իսկ այն ավազի պարկերը, որոնք ադրբեջանցիները կցանկանային վերածել կրակակետերի, ուղիղ մեր դիրքապահների բռունցքի տակ են:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Իրազեկ քաղաքացիների միավորում