Ընդդիմությունը դեմ է ընդդիմությանը
ԻՐԱՐ ՊԱՏԱՌՈՏԵԼՈՎ՝ ՏԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ
ԱԺ ամբիոնից զրկված և քաղաքական գործընթացների լուսանցքում հայտնված ՀԱԿ-ՀՀՇ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյաննն այսօր թաքնված մեղադրանք է հնչեցրել քաղաքական ուժերի հասցեին:
Խոսելով մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների, խորհրդարանական կառավարման համակարգի մասին, Արամ մանուկյանն ասել է, որ մեղավոր էին նրանք, որոնք 3 տարի առաջ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողներին պոզ ու պոչ էին կպցնում: Իսկ հիմա էլ ընդդիմացողներն են քիչ:
- Երկու տարի առաջ ասում էին՝ կեղծ համակարգ է, լուռ էին, ձայն չէին հանում,- ասել է Արամ Մանուկյանը:
Նա նաև ինքնախոստովանանքի պես մի բան է ասել՝ քաղաքական ուժերը ժողովրդին չաջակցեց, մինչդեռ հանրությունն իրեն պահեց հերոսի նման:
Իսկ ինչ պետք է անեին քաղաքական ուժերը, եթե Սահմանադրությունը կամ դրա փոփոխությունը չէ մեր երկրի խնդիրը: Բացի այդ՝ հանրությունը հիմա էլ կարող է ըմբոստանալ, դեմ կանգնել սուպերվարչապետական համակարգին: Սակայն անգամ թանկացումների դեմ կազմակերպված երթին 1000-ից ավելի մարդ չհավաքեց: Արդյո՞ք սա չի նշանակում, որ մեղավորը ոչ թե հանրությունն է, այլ քաղաքական ուժերը:
1990-ականներից մինչ օրս հանրությունը քանի՞ անգամ է փողոց դուրս եկել, հավատացել տարբեր կուսակցապետերին, որոնք հետո կուլիսներում կամ հրապարակային քաղաքական առևտուր են սկսել: Հետագայում զրկվելով աթոռից՝ սկսել նորից ընդդիմություն խաղալ ու իրար մեղադրել իշխանության «պրոյեկտ» լինելու համար: Նույնիսկ միմյանց փնովող ընդդիմադիրների ցանկ կարելի է կազմել՝ ՀԱԿ-ՀՎԿ, ՀՎԿ-ՀԱԿ, ՀԱԿ-ԵԼՔ, «Երկիր Ծիրանի»-ԵԼՔ, «Ժառանգություն»-ԵԼՔ: Եվ այս բոլորը, թերևս, ընդդեմ հովհարային ընդդիմություն ՀՅԴ-ի, որը մի ոտքով ընդդիմություն է, մի ոտքով՝ իշխանություն:
Ի դեպ, հովհարային ընդդիմության տիտղոսը մի ժամանակ մեծ հպարտությամբ կրում էր ռեբրեդինգի ենթարկված ՕԵԿ-ՀՎԿ-ն: Կուսակցությունը հղում էր անում արտերկրում գործող այլ քաղաքական ուժերին, որոնք այսօր ընդդիմություն են, վաղը՝ իշխանություն: Մինչդեռ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը մոռանում էր, որ այլ երկրներում նույն քաղաքական ուժերն իշխանական լծակներ ստանալով՝ հանրային խնդիրներ են լուծել, ոչ թե միայն սեփական գրպանները ուռճացրել: Ու այսքանը հաշվի չառնելով՝ արդարացնել քաղաքական առևտուրը՝ մեղքը բարդելով հանրության վրա, թե իրենց կողքին չեն կանգնում: Իսկ նույն հանրության ձայնը չեն լսում՝ ախր խաբված լինելու տառապանքը չհավատալու լուրջ նախապայման է:
Իրար մեղադրելով, քաղաքական դաշտում իրարից ոտնատեղ փախցնելով՝ հազիվ թե միմյանց ընդդիմացող ընդդիմադիրները կարողանան իշխանությանը լսելի դարձնել հանրության ձայնը: