Գլխավոր դատախազի ակնարկն ու դատավորների ցնծությունը
ՆՈՐ ՎՃԻՌՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Մարտի 1-ը չսպիացող վերք է, որը, ցավոք, երբեմն շահարկում են քաղաքական ուժերը, պաշտոնյաները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ ուշագրավ հայտարարություն է արել՝ մարտի 1-ի գործը կարճված չէ:
Ա. Դավթյանը փորձել է խուսափել պատասխանել «իսկ ե՞րբ կբացահայտվի» հարցին, բայց երբ լրագրողներն իրենց համառությամբ նրան փակուղի են տարել, ասել է՝ բազմաթիվ փորձաքննությունների, 1000-ից ավելի հարցաքննությունների կարիք կա:
- Մարտի 1-ի» քրեական գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, որովհետև Հայաստանի համար այն բացառիկ նշանակություն ունի:
Այս քրեական գործի վարույթը կասեցված չէ, այն կարճման որևէ միտում չունի այս պահին, քրեական գործում իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Քաղաքական այս կարևոր ժամանակահատվածում, երբ անորոշ է, թե ապրիլից հետո ում ինչ պորտֆել է հասնելու և դեռ վերջնական որոշում չկա, թե ում ձեռքին է լինելու Հայաստանի կառավարման ղեկը, Ա. Դավթյանի հայտարարությունը մտորելու տեղիք է տալիս: Բաց տեքստով դա նշանակում է՝ երբ կլինի քաղաքական կամք, կլինի «դաբրո», այն ժամանակ էլ գործը կբացահայտվի:
Հիշեցնենք, որ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 1-ի գործը բացահայտված ու փակված էր համարել:
Ու հիմա հարց է ծագում՝ չփակված այդ գործի վերաբերյալ բեկնումային բացահայտումներ կհնչեն ողբերգական այդ դեպերի հերթական տարելիցի՞ն՝ այս տարի մարտի 1-ին, թե՞ հետապրիլյան ժամանակահատվածում:
Դատախազը անդրադարձել է նաև փաստաբաններին, դատախազներին, քննիչներին դատավորների կողմից մինչև 100.000 տուգանելու մասին օրինագծին, որն օրեր առաջ ընդունվեց ԱԺ-ում: Դատախազն ասել է, որ իրենց համար էլ ընդունելի չէ այս օրենքը, սակայն իրենք գործադուլ չեն անի՝ ի տարբերություն փաստաբանների:
«Ավանգարդի» տեղեկություններով՝ դատախազների այս լռությունը պատահական չէ: Նրանք վստահ են, որ դատավորի ձեռքերն իրենց չեն հասնի, այնպես որ բոբիկանալու կարիք չկա:
Մինչդեռ այդ օրինագծի ընդունումը մեծ ցնծությամբ են ընդունել այն դատավորները, որոնց վարույթներում գտնվող գործերը հետաձգվում, տեղի չեն ունենում փաստաբանների պատճառով: Ընդ որում՝ կարծիք կա, որ քաղաքական աղմկահարույց դատական նիստերի ժամանակ փաստաբաններին գուցե չտուգանեն:
Մեզ հետ զրույցում փաստաբաններից մեկն ասում էր՝ քիչ չեն այնպիսի փաստաբաններ, որոնք իրենց մասնագիտական գործունեությունը պրոֆեսիոնալ չեն անում, հետո էլ սկսում են մեղադրել դատավորներին: Մեկ այլ փաստաբան էլ ասում էր, որ կան դատավորներ, որոնք կարող են փաստաբանի շարժումը, անմեղ խոսքն օգտագործել նրա դեմ: Նույնիսկ եղել է դեպք, երբ «հորդորել» բառի համար դատավորը նկատողություն է արել փաստաբանին: Այնպես չէ, որ մինչ այս օրինագծի ընդունումը դատավորները պաշտպանված չէին: Պարզապես՝ գործող օրենքով դատավորին վիրավորելու համար փաստաբանի դեմ քրեական գործ է հարուցվելու: Բայց նախ պետք է ապացուցել՝ փաստաբանի խոսքն իրոք վիրավորա՞նք է, թե՞ ոչ: Իսկ այս դեպքում քրեական գործի երկարուձիգ ուղին փոխարինվում է գրպանին խփելով:
Նախկին դատավորներից մեկն էլ վստահ է՝ այս օրենքը կամ կմնա թղթի վրա կամ գործելու դեպքում էլ ՄԻԵԴ-ից Հայաստանի դեմ նոր վճիռներ կլինեն:
Փաստորեն, իրավական համակարգը փոխանակ հավասարակշռի կողմերին,ստեղծում է բրգային, կախյալ համակարգ, որտեղ ամենամեծ տուժողը կլինի քաղաքացին: