«Միկոյանի այցը ԱՄՆ կոտրել էր սառույցը ոչ միայն պաշտոնապես»

ՄԻԿՈՅԱՆԻ ԱՐԱԾ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԻՔՍՈՆԻՆ 1959 ԹՎԱԿԱՆԻՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարութ ՍԱՍՈւՆՅԱՆ     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 
 
Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը՝ 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ: Ավելի վաղ նրանք հանդիպել էին Միացյալ Նահանգներ Միկոյանի պատմական այցելության ժամանակ:
 
Սառը պատերազմի գագաթնակետին երկու մրցակից առաջնորդների միջև քննարկումը քաղաքավարի բնույթ էր կրում, սակայն աշխույժ էր: Նիքսոնը գովասանքի խոսքեր ասաց Միկոյանի մասին, որը «Միացյալ Նահանգներում բազմաթիվ ընկերներ էր ձեռք բերել, որոնք հիացած էին նրա եռանդով և ճկունությամբ իր տեսակետներն արտահայտելիս»: 
 
Նիքսոնը նաև հայտարարեց, որ՝ 
 
- Միկոյանի այցը ԱՄՆ կոտրել էր սառույցը ոչ միայն պաշտոնապես, այլ նաև անձնապես երկու երկրների համապատասխան տեսակետների վերաբերյալ: 
 
Արխիվային փաստաթղթում նշված էր, որ Միկոյանը «սիրալիր պատասխանեց ողջույնի խոսքին և հավելեց, որ փոխնախագահը մեծ վիճաբանող է և ոչ մեկի պարտքի տակ չի մնում»:
 
Զրույցը շատ արագ վերածվեց քաղաքականի, երբ Միկոյանը դժգոհություն հայտնեց Կոնգրեսի վերջին բանաձևի անպատեհության մասին՝ կոմունիստական իշխանության կողմից բռնագրավված պետությունների վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի:  Միկոյանին թվում էր, որ բանաձևը նպատակ ուներ խանգարել Նիքսոնի այցը Խորհրդային Միություն: Նիքսոնը արդարացավ, որ ԱՄՆ կոնգրեսը անկախ մարմին է, և նույնիսկ նախագահը չի կարող վերահսկել դրա որոշումները... Փոխնախագահ Նիքսոնը շարունակեց բացատրել. 
 
- Մեր բնակչության մեջ կան տարրեր, անկախ նրանից, թե Միկոյանը նրանց կհամարի ճիշտ կամ սխալ, որոնք կարծում են, որ իրենց նախկին հայրենիքներում կառավարությունները պետք է փոխվեն: Մեր Կոնգրեսը հաճախ ընդունում է բանաձևեր, որոնք ներկայացնում են այդ տարրերի տեսակետները, որոնք ներառում են այնպիսի ազգություններ, ինչպիսիք են լեհերը, հունգարացիները և այլն: Բանաձևի և, մասնավորապես նախագահի հռչակագրում ասվում է, որ դա միայն ամերիկյան ժողովրդի և ամերիկյան կառավարության կարծիքի արտահայտումն է, և որ իրենք չեն փորձում մասնակցել այսպես կոչված քայքայիչ գործողություններին:
 
Զարմանալի է, որ Միկոյանը, որը խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, այնուհետև նշեց իր հայկական ինքնության մասին՝ Նիքսոնին ասելով, որ «ինքը հայ է ու թեև Հայաստանի կառավարության կազմում չի գործում, սակայն գիտի այդ հանրապետության Գերագույն խորհրդի 30 պատգամավորների, որոնց հետաքրքրում է, թե ով է իրավունք տվել ամերիկյան կառավարությանը գործել իրենց անունից և ինչու ամերիկյան կառավարությունը ոչինչ չի անում իսկապես ճնշված ժողովուրդների ազատագրման համար, ինչպիսին հայկական փոքրամասնությունն է Թուրքիայում»:
 
Միկոյանի հայտարարությունը զարմանալի էր, քանի որ նա փոխնախագահ Նիքսոնի հետ խոսում էր որպես խորհրդային ղեկավար, ոչ թե որպես հայ: Բացի այդ, Միկոյանը հայտնի չէր որպես հայ ազգայնական: Իրականում, նա մեղադրվում էր բազմաթիվ հայերի մահվան համար՝ չարաբաստիկ մաքրագործումների ժամանակ կոմունիստական իշխանության օրոք: Միկոյանը չէր աջակցել նաև Խորհրդային Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերամիավորմանը: Ահա սրանք էին պատճառներից մի քանիսը, որ հայերը դժգոհ էին Երևանում Միկոյանի հուշարձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի վերջերս կայացրած որոշումից: 
 
Միկոյանի հակազգային հայացքների հերթական դրսևորումը նրա հայտարարությունն էր 1919 թ. դեկտեմբերին, Հայաստանի առաջին անկախ Հանրապետության կարճատև գոյության (1918-1920) ընթացքում. 
 
- Հայ շովինիստները, ապավինելով իմպերիալիստական դաշնակիցներին, առաջ են մղում մի հանցավոր գաղափար՝ «Մեծ Հայաստանի» ստեղծումը պատմական Հայաստանի սահմաններոմ: Այնտեղ հայերի բացակայությունն ու մահմեդական բնակչության բացարձակ ներկայությունը նրանց չի մտահոգում... մեր [Կոմունիստական] կուսակցությունը չի կարող աջակցել «Մեծ» կամ «Փոքր» Թուրքահայաստանի գաղափարին
 
Իրականությունն այն է, որ Խորհրդային Միությունը երբեք չի պաշտպանել հայերի իրավունքները Թուրքիայում:
 
Սակայն Միկոյանը ճիշտ է մատնանշել, որ Միացյալ Նահանգները դեմ է «ճնշված ժողովուրդների ազատագրմանը», երբ «ժողովուրդները ճնշված են իր կողմնակիցների և դաշնակիցների կողմից», ինչպիսիք են Թուրքիան և շատ ուրիշներ:
 
Միկոյանը նաև հարցականի տակ դրեց այն, թե, արդյոք, խորհրդային ղեկավարները պետք է ուշադրություն դարձնեն Սպիտակ տան դրակա՞ն ժեստերին, թե՞ Պետդեպարտամենտի ավելի թշնամական արձագանքներին: Միկոյանը «հետաքքրվեց, թե արդյոք Խորհրդային Միությունը պետք է հավատա նախագահի կամ փոխնախագահի հայտարարությունների՞ն, թե՞ պետք է հաշվի առնի Պետդեպարտամենտի այս հայտարարությունը որպես ամերիկյան քաղաքականության ուղղակի արտահայտություն»
 
Միկոյանը բացատրեց, որ «Նախագահը հանձնարարել է Պետդեպարտամենտին մշակել արտաքին առևտրի զարգացման միջոցառումներ [Խորհրդային Միության հետ]: Պետդեպարտամենտի ձեռնարկած գործողությունների արդյունքում պարզվում է, որ նախագահը մեկ բան է ուզում, Պետքարտուղարությունը՝ մեկ այլ»
 
Միկոյանի հետ հանդիպումը ավարտվեց համախոհությամբ, փոխնախագահ Նիքսոնի խոստումով, որ՝ «Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո կաշխատի առևտրի խնդիրների ուղղությամբ, բայց պետք է գիտակցել, որ այդ դժվարությունները չեն կարող լուծվել գրչի մեկ հարվածով»:
 
Վերոնշյալ զրույցը ցույց է տալիս, որ Միկոյանը իրականում «խորամանկ» էր, ինչպես նրան նկարագրում էին արևմտյան պաշտոնյաները: Նա տասնամյակներ շարունակ գոյատևել է Խորհրդային Միության վերնախավում՝ ավարտելով որպես Գերագույն Խորհրդի նախագահ 1964 թվականից մինչև 1965 թվականի պարտադրված  կենսաթոշակի գնալը: 
 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի