Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձևաչափային գործընթացը

ԵՐԵՎԱՆԸ ԱՆՆԱՀԱՆՋ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ ԸՆԹԱՆԱԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում նախագահ Սարգսյանի խոսքն ու դրան հետևած հարցերի պատասխանները, բնականաբար, պետք է ընկալել իբրև մի ամբողջություն: Այս ամբողջության տևողությունը ուղիղ հավասար համեմատությամբ է. կես ժամ գրավոր խոսք, որից հետո նաև՝ կես ժամ հարցերին տրված պատասխաններ։
 
Ամբողջականություն է նկատվում նաև մշակվածության, քաղաքական գրագիտության, իրազեկության և մանավանդ ուղերձների բազմահասցեականության նուրբ դրույթների առկայությամբ:
 
ԵԽԽՎ-ի պաշտոնաթող նախագահին հղված գնահատանքի խոսքը, մի կողմից ներառել է նրա կիպրացի լինելու փաստի հետ՝ կապված պաշտոնական Նիկոսայի կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված հայ-կիպրական հարաբերությունների սերտացման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը շեշտող հայտարարությունները: Մյուս կողմից, հավանաբար, կիպրացի պաշտնատարի՝ ԵԽԽՎ-ի նախագահությունը ստանձնած ժամանակի անմիջականությամբ հրապարակված Ադրբեջանի լվացքատան հանգամանքի բացահայտումների ենթաշարժառիթները: Թեմաների իրարահաջորդ անցումներից հետո նախագահ Սարգսյանն իր խոսքում հատուկ կենտրոնացումով խոսեց ադրբեջանական լվացքատան մասին՝ այն հակադրելով եվրոպական արժեհամակարգին:
 
Այնուհետև ամբողջ խոսքը կառուցվել է եվրոպական արժեքների, համաեվրոպական կառույցների հնչեցրած սկզբունքների և առաջադրանքների՝ համահունչ արտաքին քաղաքականություն որդեգրած լինելու և այդ շրջածիրում իրագործված հանգրվանները ներկայացնելու մեթոդաբանության վրա: Մինչև Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցություն և բարեփոխումների փուլային իրականացման գործընթաց, մինչև նորացված սահմանադրություն և կառավարման համակարգի խորհրդարանականացում՝ բոլորը վերլուծական մոտեցումով: Բայց մանավանդ համաեվրոպական սկզբունքների ընդգծումներով հնչեցին Ստրասբուրգի համագումարի դահլիճում՝ այն ուղերձը փոխանցելով, որ պաշտոնական Երևանը աննահանջ որդեգրել է դեպի Եվրոպա ընթանալու արտաքին քաղաքական վարքագիծը:
 
Հռետորության ընկալելի մարտավարությունը այս բոլորը Երևանի և այս դեպքում ԵԽ-ի սկզբունքների փոխհարազատութունն ու համատեղելիությունը լուսարձակի տակ բերելն էր ու Բաքվի կողմից այդ բոլորի ուղղությամբ դրսևորած հակասություններն ընդգծելը:
 
Նախագահի խոսքում, այս ամենից բացի, առկա է դիրքորոշում՝ ԵԽ-ի բարեփոխումների գործընթացին սատարելու, ավելի կուռ և ներառական Եվրոպայի ստեղծման տեսլականի իրագործման մեծ ծրագրին մասնակից դառնալու:
 
Նույնքան կարևոր է, սակայն, հարց-պատասխանի բաժինը, ուր պարզվում է ԵԽ-ի կողմից տասը տարի առաջ պատժամիջոցների ենթարկելի Երևանի այսօր արդեն նվաճած ձեռքբերումները. Արցախյան հակամարտության բանակցությունները իրատեսական հարթություն բերելու համար Եվրոպայի երկրների նկատմամբ հայկական կողմի ակնկալություններ, Անկարայի նախապայմանային քաղաքականության իբրև հետևանք՝ մինչև գարուն առ ոչինչ հայտարարվելիք արձանագրությունների կարգավիճակ, ՀՀ-ի ձեռնարկած բարեփոխումներին հավելյալ ժողովրդավարացում հետապնդած նպատակադրում, ԵՏՄ-ԵՄ և ՀԱՊԿ-ՆԱՏՕ անդամակցություն-համագործակցություն համատեղված ձևաչափերև, միջազգային միավորների որդեգրած բանաձևերին ընդառաջ գնալու գործնական փաստեր և մանավանդ Արցախյան հակամարտության էության եւ հայկական կողմի դիրքորոշումներ: 
 
Այս բոլորի մեջ կարմիր թելի նման անցնում է եվրոպական արժեհամակարգին հայկական կողմի որդեգրած քաղաքականության համահնչեղությունը և Բաքվի հակակառուցողականությունն ու հակաեվրոպականությունը լուսարձակի տակ բերելը: Բայց այստեղ արդեն ոչ միայն հայաստանյան բարեփոխումների և ժողովրդավարացման ուղիների մատնանշումն է, այլև Արցախի հետ կապված տարբեր դրույթների վրա եվրոպական ուշադրությունը հրավիրելու կարևոր քայլը:
 
- Արցախը 2015 թվականին միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և պարտավորվել է լիարժեքորեն կիրառել այդ սկզբունքները: Հետևաբար Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ինչպես իրավացիորեն նկատել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարը: 
 
Այս նշումներից հետո նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաև ԵԽ-ն՝ իր ողջ փորձագիտական ներուժով: Արցախի բնակիչը դրան արժանի է և վաղուց արդեն վաստակել է այդ իրավունքը:
 
Ուրեմն. նախանշային ուղերձներում` բարեփոխումները և դեպի Եվրոպա երթը շարունակելու, արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու, միակողմանի զիջումների չգնալու, ԵԽ-ի բարեփոխումների գործընթացին մասնակցելուն առընթեր՝ Ստրասբուրգում հնչել է նաև Արցախ-եվրոպական կառույցներ համագործակցության ձևաչափեր ճշտելու և իրականցնելու առաջադրանքին Երևանի սատար կանգնելու հստակ ուղենիշը:
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր