ՉՍՏԱՑՎԵՐ, ՈՐ ՎԱԽԻՑ ԵԼՆԵԼՈՎ՝ ՊԱՇՏՈՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ
ՕՐՕ դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօրվա մամլո ասուլիսում այդպես էլ հստակ չասաց, թե պաշտպանության նախարար եղած ժամանակ ինքը հստակ դիրքորոշում արտահայտե՞լ է Մադրիդյան սկզբունքների մասին:
- Պաշտպանության նախարար եղած ժամանակ մասնակցել եմ այն քննարկումներին` որպես կառավարության անդամ, որպես անվտանգության խորհրդի անդամ, որը հաշվետվություն է տալիս ԱԺ-ում: Ներկայացրել եմ այն մտահոգությունները, որոնք տեսնում եմ իմ գերատեսչության համար:Այնտեղ, որտեղ իմ կողմից մտահոգություններ եղել են, ես արտահայտել եմ: Պաշտպանության նախարարի պաշտոնը այն պաշտոնը չէ, որ պետք է հրապարակի բոլոր մանրուքները:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, ըստ որի` ինչո՞ւ Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի նման չի ընդվզել և դեմ չի արտահայտվել Մադրիդյան սկզբունքներին, բանախոսն անդրադարձեց.
- Յուրաքանչյուր անձնավորություն իր որոշումներն ինքնուրույն է ընդունում, և իրադրությունն է հուշում, թե ինչպիսի ընթացակարգ և արագություն պետք է լինի որոշումների մեջ:
Նա հիշեցրեց, թե 2014-ին, 2015-ին, 2016-ին հակառակորդի կողմից ինչ ակտիվությոն ու ագրեսիվություն էր նկատվում:
- ՊՆ-ի ղեկավարության կողմից պետք է համարժեք պատասխաններ ստանային, և մեր զինվորների, հրամանատարների կողմից այդ ժամանակ մենք արժանի պատասխաններ տվել ենք: Այդ ժամանակ արագ որոշում ընդունելը և դուրս գալն իմ համար չէր, որ չստացվեր, թե վախից ելնելով՝ պաշտոնից դուրս է գալիս: