Քվե տալիս՝ մի պահ զոհվածներին հիշիր
Պատկերացնել միայն կարելի է, թե թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներն ինչպես են հրճվում առաջին նախագահի ելույթներով: Մասնավորապես սրան անդրադարձել է թուրքական «Թայմթուրք» կայքը:
Չմոռանա՛նք՝ ապրիլի 2-ն ընդամենը մեկ տարի առաջ այսօր որոշ ուժերի կողմից առուծախի հանված հողը պաշտպանելիս ընկած տղաների հիշատակի օրն է: Եվ քվեաթերթիկի վրա նշում կատարող յուրաքանչյուր ընտրող գրիչը թերթիկին սեղմելուց առաջ մտքում ինքն իրեն թող հարց տա, թե որ գաղափարներին հավանություն կտային իրենց կյանքը գիտակցաբար զոհաբերած մեր տղաները:
ՀՀ Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի այս վերջին շաբաթվա ընթացքում հեռուստատեսությունը կարծես լծված լինի «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի «խաղաղության ծրագրի» հաստատմանը: Դաշինքի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախ հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրին, ապա՝ «Կենտրոն» հետուստաընկերությունում զրուցեց Պետրաս Ղազարյանի հետ: Իրենց քարոզչական հոլավակներով, արշավներով, հանդիպումներով ու մնացած բոլոր միջոցներով փորձում են հայությանը համոզել, թե ավելի լավ է` ազատագրված (իրենց բառապաշատրով՝ գրավյալ) տարածքները խելոք-խելոք հանձնենք մեր արյանը դարերով ծարավի ոսոխին, որովհետև այլ ելք չունենք: Լավ է չեն ասում՝ «գուցե թե գթա, մեզ մահու չտա»:
Այս գաղափարի ծանր հրետանին, անշուշտ, Լևոն Տեր-Պետրոսյանն է, որովհետև ճարտասանության մեջ գրեթե հավասարը չունի ու կարողանում է իր խոսքով ոմանց վրա ազդեցություն գործել: Եվ ահա նստել ու առևտուր է անում արյան գնով նվաճված և մեկ այլ, թեկուզև չճանաչված պետությանը պատկանող տարածքներով՝ չցանկանալով անգամ հիշել, թե իր իշխանության օրոք Շահումյանի շրջանն ու այլ բնակավայրեր ինչպես նվիրաբերվեցին Ադրբեջանին:
Միանգամայն իրավացի է արցախյան խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը՝ քննադատելով բոլոր այն գործիչներին, ովքեր հանդես են գալիս Արցախի հարցը տարածքային և այլ զիջումների հաշվին լուծելու օգտին:
- Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի և համայն հայության անվտանգության կարևորագույն գրավականն է,- նշել է նա՝ հեռատեսորեն հավելելով.
- Հանուն խաղաղության կամ կարգավիճակի տարածքային և այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի և ավելի շատ զոհերի: