Ամենաճիշտ մոդելը՝ ուժեղ նախագահական

«2018-ԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԿԼԻՆԵՆ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, Արցախյան հիմնախնդրի շուրջ հանդիպումներն ու հայտարարությունները բավականին շատ էին: Հետաքրքիր է, սակայն, թե արդյոք դրանք որևէ արդյունք տվե՞լ են, թե՞ շարունակում ենք դոփել տեղում՝ ընդամենը հարցի լուծմանն ուղղված ջանքեր գործադրելու իմիտացիա ստեղծելով: Ամփոփելով տարին՝ այս և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ:
 
- Եթե փորձենք ամփոփել տարին, կարո՞ղ ենք ասել, որ Արցախյան հարցում առաջընթաց է գրանցվել:
 
- Ընդհանրապես, Արցախի հարցի մասին այս փուլում խոսելիս պետք է տարբերակել երկու մոտեցում: Առաջինն արտաքին ճակատում ձեռք բերած հաջողություններն են, երկրորդը՝  ներքին ճակատում արձանագրած հաջողությունները: Արտաքին ճակատում, դիտարկելով համանախագահող երկրների առանձին-առանձին և միասնաբար արած հայտարարությունները՝ պարզորոշ զգացվում է դրական տեղաշարժը: Միաժամանակ ապրիլյան պատերազմից հետո այս տարի ամենաբարձր մակարդակում վերսկսվեց նաև երկխոսությունը: Սրանք ամենաակնառու ձեռքբերումներն են: Ինչ վերաբերում է ներքին ճակատին, ապա եթե նշենք միայն տնտեսական երկնիշ աճը, արդեն իսկ բավական է մյուս հաջողությունների (ռազմական, սոցիալական, դեմոգրաֆիկ, գիտակրթական, մշակութային, ենթակառուցվածքային և այլ բնագավառներում) մասին պատկերացում կազմելու համար:
 
- Միևնույն ազգի երկու պետություններ ընտրել են կառավարման երկու տարբեր համակարգեր: Հետաքրքիր է Ձեր տեսակետը տարբերությունների վերաբերյալ: Ո՞րն է ավելի արդյունավետ թե՛ ՀՀ-ի, թե՛ ԼՂՀ-ի համար: 
 
-Այս հարցի հետ կապված ունիվերսալ մոտեցում գոյություն չունի: Յուրաքանչյուր համակարգ ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ: Կյանքը ցույց կտա, թե հայկական երկու պետականությունների կողմից որդեգրած ո՛ր մոդելն է ավելի արդյունավետ: Ըստ իս՝ Արցախի համար, հաշվի առնելով Ադրբեջանի հետ ներկա ռազմաքաղաքական իրավիճակը, ընտրված է ամենաճիշտ մոդելը, այն է՝ ուժեղ նախագահական: 
 
- 2018-ին Արցախյան հարցում փոփոխություններ կլինե՞ն: Ձեր ակնկալիքները:
 
- Կլինեն փոփոխություններ, և վստահաբար կարող եմ ասել, որ միմիայն՝ դրական:
 
- Ո՞րն է հարցի լուծման Ձեր տեսլականը, Ձեզ համար լավագույն տարբերակը՝ թեկուզ և հեռահար ու այսօրվա համար ոչ իրատեսական: 
 
- Միանշանակ՝ անկախ Արցախի Հանրապետություն: Գուցե դե յուրե մի քիչ հեռու, բայց լիովին իրատեսական է: