Իհարկե եղել է: Կարճ հիշողություն պետք է ունենալ՝ մոռանալու Գոբլի ծրագիր անունով հայտնի առաջարկները: Ի մասնավորի՝ 1991 թվականից Փ. Գոբլը սաաջարկում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակումների միջոցով։ Գոբլի ծրագրով նախատեսվում էր փոխանակել Լաչինի և Մեղրիի շրջանները: Հիմնավորումն էլ այն էր, թե Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։
Արցախի խնդրի մասին ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը «անհանգստացրել է» նաև ՀՀ երկրորդ նախագահին: Խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իրեն հաջորդած իշխանությունը` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը քննարկել են Արցախի խնդրի լուծման «Մեղրիի տարբերակը»:
-Կրկին հայտարարում եմ՝ ոչ Քի-Ուեսթում, ոչ էլ այլուր բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել:
Երկնիշ տնտեսական աճի խնդիրո թողնենք տնտեսագետներին: Բայց չենք կարող մեջբերումներ չանել Ռոբերտ Քոչարյանի տարիներին պաշտոններ զբաղեցրած և գործին քաջատեղյակների վկայություններից, ըստ որոնց`այն քննարկվել է:
«Մեղրիի տարբերակը» դեռ 1992 թ-ին է դրվել շրջանառության մեջ: Միացյալ Նահանգները զոնդաժ էր անցկացնում, թե Հայաստանն ինչպես է վերաբերվում այդ տարբերակին` Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի դիմաց Մեղրին տալու: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն 2001 թ-ին ու դրանից հետո էլ մի քանի անգամ հաստատել է «Մեղրիի տարբերակի» գոյությունը: Ավելին, ըստ նրա.
- Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չէր կարող բացահայտորեն իր դիրքորոշումն արտահայտել, մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանը Մեղրիի տարբերակին դեմ է արտահայտվել այլ կերպ՝ որոշում է ընդունել Մեղրիում էլեկտրակայան կառուցել:
ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը ևս անմասն չի մնացել այդ ամենից: 2001-ին ասել է.
- Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը… Այս տարբերակի վերաբերյալ Վազգեն Սարգսյանից մնացած մի ձեռագիր փաստաթուղթ կա, որտեղ նա նշում է արել՝ «սա մեր տարբերակը չէ, սա իրենց տարբերակն է», ու որ ինքն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են այդ տարբերակին:
Եվ, վերջապես, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը 2000-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բացահայտել է.
- Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը՝ Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ: Սրանում ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման:
Եվ այսքանից հետո նախկին նախագահի խոսնակը համառորեն հերքում է «Մեղրիի տարբերակի» գոյությունը: Դե հասկանալի է, պատմության քառուղիներում ոչ ոք չի ցանկանում դավաճանի ու պարտվողականի պիտակով ներկայանալ սերունդներին, առավելևս՝ այդ ամենն արդեն անցյալում է և, բարեբախտաբար, իրողություն չի դարձել:
Երկրորդ, եթե Ռոբերտ Քոչարյանի համար անընդունելի է Տեր-Պետրոսյանի՝ «քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, լավ չես ապրելու տարբերակը», հարց է առաջանում` ինչո՞ւ էր այնուամենայնիվ քննարկվում Վարդան Օսկանյանի բնութագրմամբ տրամաբանական տարբերակը:
Ինչո՞վ էր վտանգավոր այս չարչրկված ծրագիրը: Այն իսկական Հայաստանի ոչնչացումն էր՝ Թուրանի ստեղծմամբ: Որպեսզի ասածը մերկապարանոց չհնչի, մեջբերենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1991-1993 թվականներին ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանի նկատառումը.
- Հայաստանի համար դա բացարձակ կործանում է, որովհետև մեր երկիրն այդ դեպքում հայտնվում է թուրքական տոպրակում` Մեղրին հանձնելով, կորցնում կապը Իրանի հետ: Հյուսիսում էլ Վրաստանի Մառնեուլի շրջանն ադրբեջանցիներով է բնակեցված, իսկ Ջավախքի հատվածում սկսել էին արագորեն տեղավորել մեսխեթցի թուրքերին: Այսպիսով Հայաստանը հայտնվում էր մի ամբողջական օղակի մեջ, մեր երկրի ոչնչացումը դառնում էր ընդամենը ժամանակի խնդիր, դրա համար պատերազմ էլ պետք չէր, տնտեսական, ժողովրդագրական միջոցներով ժամանակի ընթացքում կխեղդեին մեզ:
Արցախյան խնդրի, նրա լուծման բանաձևերի մասին շատ կարելի է խոսել: Բայց հիմք ընդունելով միայն այս փաստերը` տպավորություն է ստեղծվում, թե մեր իշխանությունները տարբեր տարիներին մրցակցել են, թե ով ինչպես, ինչքան տարածք կտա` հանուն անորոշ ապագայի: Մինչդեռ թե՛ մեր, թե՛ այլոց պատմությունը այլ բան է սովորեցրել` զիջումներով չեն զարգանում, թռիչք չեն ապրում: Վկա՝ հոլոքոստ ապրած Իսրայելի օրինակը: