«Դաղալություն»՝ ԱԺ-ում
«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵ՞Ն
Վիճաբանություն, գոռգոռոց, ծափահարություններ ու փոխադարձ մեղադրանքներ՝ օրենսդիր մարմնում:
Այսօրվա ԱԺ արտահերթ նիստն այսպես սկսվեց, երբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Ելք» դաշինքի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս կոչ արեց քվեարկությանը չմասնակցել: Բայց ՀՀԿ խորհրդարանակն մեծամասնության 63 ձայնով օրենքի նախագիծն ընդունվեց:
Քվեարկությունից խառնաշփոթ սկսվեց. պատգամավորների մի մասն ասում էր, թե ոմանք չեն մասնակցել քվեարկությանը, հետևաբար օրենքի նախագիծը չի կարող ընդունվել, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ Արա Բաբլոյանին հորդորեց՝ «անցի առաջ»:
«Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության:
- Պարոն Մախմուդյանի և պարոն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն, իրար փոխարեն են քվեարկում,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
«Ելք»-ի պատգամավորները բարձրաձայնեցին նաև մեկ այլ ապօրինության մասին: Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը թողել է գրություն, որ կողմ է նախագծին: Իրականում նման գրություն չկար, բայց «Ելքին» էլ լսող չկար: Օրենքի նախագիծն ընդունվեց, իսկ «Ելք»-ի պատգամավորները բոյկոտեցին նիստը և հեռացան նիստերի դահլիճից: «Ծառուկյան» դաշինքը նույնպես միացավ «Ելքին»՝ լքեկով նիստերի դահլիճը:
Այսքանով խառնաշփոթը չավարտվեց: «Ծառուկյան» դաշինքի սենյակից լսված վիճաբանության ձայներին հաջորդեցին լուրերը, որ ծեծկռտուք է եղել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև: Հերքումը չուշացավ՝ նման բան չի եղել, պարզապես աշխատանքային քննարկում էր: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը քննարկում սկսել իր պատգամավորների հետ: Դարձյալ ոչ մի հստակ պատասխան:
- Պարոն Ծառուկյանի հետ եղել է պարզապես աշխատանքային հանդիպում, քննարկում: Ընդամենն այդքանը: Մեր խմբակցության գործունեության հետ կապված աշխատանքային հանդիպում, քննարկում է եղել,- տեղեկացրել է Իվետա Տոնոյանը:
ՀԳ. Առաջին անգամ չէ, որ ԱԺ-ում այսպիսի իրավիճակ է ստեղծվում: Իշխանությունը տարվա վերջում իրար գլխի լցրած օրինագծեր է բերում ԱԺ, հապճեպ քվեարկություններ անցկացնում՝ հավանաբար մտավախություն ունենալով, որ հետո պատգամավորներին «բերման ենթարկելն» անհնարինության չափ դժվար է լինելու:
Սրանից զատ՝ կրքեր բորբոքող մեկ այլ հանգամանք էլ կա. ընդդիմության մեջ ոմանք կարծես թե հակված չեն ընդդիմադիր կեցվածքով հանդես գալ: Նմանների պարագայում անգամ զարմանալի չէ, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելիս իրենց այս նախասիրությունը նրանք հաշվի չեն առել: Դե, այն ժամանակ կարևորն ԱԺ մտնելն էր...