Ախտանիշը՝ անբարոյականություն կամ հոգեգարություն

«ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՇԱՎ՝ ԾԱԽՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ և ՎԱՅ-ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

Մնում է, որ ՌՀՄ նախագահի՝ այսօր տարածած կոչ-հայտարարությունը լսելի, ընկալելի լինի գործընկերությունը «տեր ու ծառայի» հետ շփոթող մեծապետական ինքնահավաններին: Նրանց, ովքեր ունակ չեն գիտակցել, որ ռազմավարական գործընկերոջը դավաճանելը, նրա հասցեին լուտանքներ շաղ տալը երկու անուն ունի՝ անբարոյականություն կամ հոգեգարություն:
 
- Անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների հարաբերություններից. 
 
Ռուսաստանյան հեռուստաընկերությունների հաղորդումներում Հայաստանի մասին վերջերս հնչեցվող ամբարտավան մեկնաբանություններն այսպես է որակել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը. 
 
- Անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամական դաշնակցային հարաբերություններից: Եվ ես չեմ կարծում, որ ճիշտ է, որպեսզի իմ պետության Ազգային ժողովի նախագահի տեղակալը կամ իմ պետության որևէ պաշտոնյա ինչ-որ անհայտ ծագում ունեցող քաղաքագետների կամ քաղաքական գործիչների մեկնաբանություններ տա, - «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարել էր Էդ. Շարմազանովը:
 
Իսկ այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանը «տգետ և ծախու» է անվանել հակահայ տրամադրություններ տարածող լրագրողներին:
 
- Հայասատանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների և վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ, որտեղ այդ գործիչները փորձեցին Համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն:
 
…Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետևողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը:
 
Ռուսաստանի հայերի միության նախագահն այնուհետև դիմել է ՌԴ իշխանական կառույցներին ու լրատվամիջոցների ղեկավարներին՝
 
- Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, և հեռուստաընկերությունների եւ ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին և փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով  տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝  մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջեւ տարաձայնություն սերմանելով (Ա. Աբրահամյանի հայտարարությունն ամբողջությամբ հրապարակել է armversion.am-ը):