«ՌԴ ԱԳՆ-ն կրկին մաքոքային դիվանագիտության է կիրառում»
ԱՅԴ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՂ ՄԻԱԿ ՈՒԺԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Ադրբեջան ու Հայաստան կատարած Լավրովի այցին անդրադարձել է նաև ռուսաստանյան մամուլը: Մասնավորապես՝ «Российская газета»-ն կարծիք է հրապարակել, որ ՌԴ ԱԳՆ-ն կրկին մաքոքային դիվանագիտության է կիրառում և Հարավկովկասյան պետություններ ուղևորություն իրականացնում այն ակնկալիքով, թե կարող է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող խաղաղ գործընթացը:
- Ինչպես և Բաքվում, Հայաստանում Սերգեյ Լավրովը հերթական անգամ հաստատեց, որ որևէ նոր, հատուկ նախաձեռնություններով հանդես չի գալու. խաղաղ համաձայնության հասնելու վերաբերյալ բոլոր քայլերը ներառվել են «Մադրիդյան սկզբունքներում», հետո դրանք պարզաբանվել են, այդ թվում և ճանապարհային քարտեզի տեսքով՝ 2011թ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ,- հոդվածագրի նկատառումը ներկայացրել է panorama.am-ը։
Թերթը հիշեցրել է, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց դրված են սեղանին, սակայն դրանք չեն իրագործվում, քանի որ կողմերը յուրովի են մեկնաբանում սկզբունքները՝
- Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում «լուծումների» հնարավոր տարբերակների վերաբերյալ արտահոսքերը բուռն արձագանքի են արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Բանակցությունների մոտ գտնվող դիվանագիտական աղբյուրից «Российская газета»- ն տեղեկացել է, որ կողմերը համաձայն են այն հարցի շուրջ, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր՝ շփման գծում մոնիթոինիգ իրականացնելու համար։
- Սակայն մինչև հիմա համաձայնություն չկա, թե ո՞ր փուլում և ի՞նչ ձևաչափով է անցկացվելու ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն, ինչպե՞ս համատեղել ԼՂ-ից գրաված տարածքների վերադարձը Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցք ստեղծելու հետ և ինչպիսի՞ն է լինելու այդ միջանցքը,- նշել է աղբյուրը։
Սրա պատճառները, որոնցից գլխավորը, թերևս, հենց միջնորդների հանդեպ անվստահությունն է և ադրբեջանական նավթադոլարների շլացուցիչ թայլը՝ բնականաբար հասու լինել չեն կարող օտարներին:
Ավելին դիվանագիտական աղբյուրը նշել է, որ եթե ռազմական գործողությունները չվերսկսվեն, ապա այսօրվա դրությամբ դա կարելի է հաջողություն համարել։
Եթե «ռազմական գործողությունները չվերսկսվեն» արտահայտության հեղինակը նկատի ունի լայնամասշտաբ պատերազմը, ապա նույնիսկ 2016-ի ապրիլյան քառօրյան նույն օտարների աչքին պատերազմ չթվաց…
ՄԻՆՉ ռուսաստանյան մամուլը Լավրովի այց ն է քննարկում՝ Էրդողանն այսօր բարձրաձայնել է, թե Ղարաբաղի հարցը լուծող միակ ուժը Ռուսաստանն է (տեղեկացրել է News.am-ը):
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ մի միջացառման ավարտին պատասխանելով Ղարաբաղի հակամարտության մասին ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողի հարցին, Էրդողանը նշել է, թե տարածաշրջանում այդ հարցը լուծող միակ ուժը Ռուսաստանն է։
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ հանդիպման ժամանակ շեշտեց, որ ամեն ինչ կանի, որ Ղարաբաղի հարցը լուծի։ Հաջորդ հանդիպման ժամանակ էլ այդ հարցը օրակարգ կբերեմ,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ ավելի վաղ, Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ինքը նկատել է, որ Պուտինը անհույս է Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Իսկ հիմա նա վստահ է, որ այդ հարցը լուծող միակ ուժը Ռուսաստանն է:
Արդյո՞ք թուրք նախագահն ավելին գիտե, քան խոսվում է պետական այրերի բերանով: